Ես միշտ զարմացել եմ, որ ամենաբիրտ, ամենավայրագ բռնությունների կողմնակիցները, իսկ երբեմն նաեւ` մասնակիցները, իշխանությունը կորցնելուն պես դառնում են այնպիսի նուրբ ու զուլալ դեմոկրատներ ու մարդասերներ, որ մայր Թերեզան կամ ակադեմիկոս Սախարովը նրանց կողքին բավականին կոպիտ են երեւում: Այդպիսի մարդիկ, ինչպես հայտնի է, կան թե առաջին եւ թե երկրորդ նախագահի շրջապատում: Ես հակված չեմ դա բացատրել բացառապես դերասանությամբ կամ երեսպաշտությամբ: Մարդիկ իսկապես փոխվում են: Հակառակ ուղղությամբ էլ են փոխվում: Նախկին ընդդիմադիրը դառնում է նախարար, եւ փոխվում է ամեն ինչ` դեմքը կլորանում է, մաշկը սպիտակում է, հայացքը փոքր-ինչ բթանում է, «պարֆումն» ավելի որակյալ է դառնում, իսկ «բարեւը» (ուղղված մեզ` շարքային մահկանացուներիս) դառնում է ավելի «ներողամիտ»:
Մարդը, մի խոսքով, փոփոխական է` կարող է ապաշխարել, կարող է, հակառակը` նոր մեղքեր շալակել: Բայց նախ` ցանկալի է, որ նա հիշի, որ ոչինչ հավերժ չէ (ծեծված ճշմարտություն է, բայց չափազանց օգտակար): Երկրորդ` շատ ավելի կարեւոր է, որ մարդը գոնե ինքն իրեն հաշվետվություն տա` իսկ որո՞նք են իր վարքի իրական շարժառիթները:
Ենթադրենք, ես կռված տղա եմ, ֆիդայի եմ, երկրապահ, «նաչալստվայի» մարտական ընկերը եւ այլն: «Նաչալստվան» ինձ քչից-շատից «նայում է»` «օբյեկտներ» տալով, մանր-մունր պաշտոններով եւ այլն: Ասել, որ այդ ընթացքում ես ինձ դրսեւորել եմ որպես մայր Թերեզա, չեմ կարող: Բայց հանկարծ իմ մտքով անցնում է` քանի որ ես այդքան լավ տղա եմ, այդքան լավ բան եմ արել «ազգի հմար», պիտի պահանջեմ, որ իմ «դաբրոյով» նշանակվեն, ասենք, շրջանի միլպետը կամ դատախազը: Եթե պահանջս այսպես թե այնպես կատարվում է, իմ գոյության մասին շատ քչերն են իմանում, բայց եթե չի կատարվում, ես դուրս եմ գալիս փողոց եւ ասում` «ղուրբան լինեմ իմ ազգին, ես մինչեւ արյանս վերջին կաթիլը պայքարելու եմ անօրինականությունների եւ կամայականությունների դեմ»: Բայց «ղուրբան լինելուց» առաջ շատ ցանկալի կլինի, որ ես կանգնեմ հայելու առաջ ու հարցնեմ. «Սիրելի Արամ, իսկ ինչո՞ւ էիր դու ուզում շրջանի միլպետ նշանակեիր: Չլինի՞ դու էլ էիր ցանկանում կամայականություններ եւ ապօրինություններ անել ու «նալոգ» հավաքել, բայց, իհարկե, չափի մեջ, արդարաբար, ֆիդայաբար` այնպես, որ ժողովուրդը քեզ սիրի ու հարգի»: Այդ փոքրիկ վերլուծությունը կատարելուց հետո միայն կգցվեմ քաղաքական պայքարի հորձանուտը:
Ես որեւէ կոնկրետ անձի նկատի չունեմ: Ես նկատի ունեմ պետական եւ քաղաքական համակարգը, որի հիմքը դրվել է 1994 թվականին Վազգեն Սարգսյանի կողմից եւ, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանի բացարձակ թողտվությամբ: Համակարգի հիմքը հետեւյալն է` կարելի է շարունակել հերոս եւ ազգի նվիրյալ մնալ` քո պետության ներսում լկտի ապօրինություններ գործելով:
Կարդացեք նաև
Լեւոն Երանոսյանը նույնպես Արցախյան պատերազմի մասնակից է: Նրա մարմնում դեռ մնացել են թշնամու բեկորներն ու գնդակները: Դա չի արդարացնում, չէ՞, նրա գլխավորությամբ իրականացված վայրագությունները:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Որպէս վերլուծութիւն անթերի է -դժբախտաբար սա է պատկերը երկրագունտի բոլոր երկիրներու մէջ առաւել կամ նուազ չափերով; Դարմանը ? որեւէ շարժում կը տեսնէք դարմանի մասին աշխատող թէ պարզապէս քաղաքացիները թմրած պահելու փորձ մըն է – Այս այսպէս է -յոյսեր չկապէք ունայն տեղ – այսպէս եկեր է և այսպէս կ`երթայ – հրաշքներ տեղի չեն ունենար — ուրեմն այսքան տխուր է ազգերու ճակատագիրը?
Էս ինչ ամբախ զամբախ հոդված էր. բան չհասկացանք թե ում մասին էր խոսքը եվ ինչ էր իմաստը.
Բոլորը եթե հասկանային՝ էսօր ուրիշ կլիներ կյանքը: Ցավոք բոլորը հասկանում են կարճ և հստակ «Սերժիկ հեռացիր»-ը, իսկ կուլիսների ետևում կատարվելիքը՝ ոչ: