Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. Թքեմ օլիմպիական խաղերում այսպիսի եզրափակչի վրա

Օգոստոս 17,2016 08:30

Այն, ինչ կատարվեց 31-րդ ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում, այլ կերպ չես անվանի, քան խայտառակություն: Ու մեր գործընկեր, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի գնահատականը միանգամայն ճիշտ է: Նա Հ1-ի ուղիղ եթերում բացականչեց․ «Այ քեզ Օլիմպիական խաղեր: Սա՞ է օլիմպիադան, այսպե՞ս են Օլիմպիական խաղերով խաղաղություն հաստատում: Խայտառակություն: Թքել եմ այսպիսի Օլիմպիական խաղերի վրա»:

66 կգ քաշային կարգի վճռորոշ գոտեմարտում հանդիպում էին հայաստանցի Միհրան Հարությունյանը եւ սերբ Դավոր Շտեֆանեկը՝ Ըմբշամարտի միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչի հայրենակիցը: Որ մրցավարները վերջինին հաճոյանալու են, կասկած չէր հարուցում: Բայց այն, ինչ արեցին նրանք, բիրտ քծնանք էր:

Դեռ մարտը նոր էր սկսվել, գորգի մրցավարն արդեն բացահայտ ցույց տվեց իր տրամադրվածությունը, որին միացան նաեւ կողայինները: Միհրանն ամբողջ վեց րոպե ակտիվ պայքարում էր, սակայն մրցավարը համառորեն հակառակն էր տեսնում:

Շտեֆանեկը նույնիսկ չէր խուսափում Միհրանի մատերն արգելված հնարքներով ցավեցնելուց: Բանը հասավ այնտեղ, որ հայ ըմբիշը մրցավարի փոխարեն զգուշացրեց մրցակցին:

mrcavarԴրան հաջորդեց սերբի գլխով հարվածը դեմքին, ինչի հետեւանքով բժիշկները վիրակապեցին Միհրանի գլուխը: Իսկ տեսողության «խնդիրներ» ունեցող մրցավարը շարունակում էր հայ մարզիկի գործողություններում միայն պասիվություն նկատել: Նա բիրտ համառությամբ Միհրանին էր ծնկած դիրք նստեցնում, սակայն վերջինն էլ իր համառությամբ մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չէր տալիս: Ավելին, առաջին միավորը հենց Միհրանը վաստակեց:

Բայց կանոնադրությամբ գորգի տիրոջը վերապահվող իրավունքով մրցավարը հասավ այն բանին, որ սերբին էլ միավոր տվեցին, ինչը նրան առավելություն էր տալիս: Միհրանը ավելի մեծացրեց ակտիվությունը ու մրցավարները պարտավոր էին սերբին ծնկած դիրքի բերել:

Ստիպված միջամտեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ չելենջ նետելով գորգ: Բայց դա նույնպես չընդունվեց ու հանդիսականի սուլոցների ներքո գոտեմարտի ավարտին բարձրացվեց Դավոր Շտեֆանեկի ձեռքը:

Mihran HarutyunyanՀանդիսականը սուլոցներով «շնորհավորեց» նաեւ ոսկե մեդալը նրա վզին կախելու արարողությունը, որն ի դեպ կատարում էր նույն ինքը՝ Նենադ Լալովիչը, ու ջերմ ծափահարություններով՝ օլիմպիական իսկական չեմպիոնի՝ Միհրան Հարությունյանի պարգեւատրությունը: Բայց ամեն բան արդեն կատարված էր ու ոչինչ փոխել այլեւս հնարավոր չէր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. ՀԱՕԿ լրատվության բաժինը Ռիո դե Ժանեյրոից հաղորդում է. «31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։

«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,-ասաց Հարությունյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031