Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին օգնելու արդյունքում ռուս «խաղաղապահների» հնարավոր տեղակայումն է

Օգոստոս 17,2016 14:30

«Առավոտ»-ի զրուցակիցն է «Ջեյմսթաուն»
հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը

– Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը ստեղծում են համագործակցության եռակողմ ձեւաչափ՝ վստահեցրեց Թուրքիայի նախագահը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում: Անկարան նշում է, որ եռակողմ ձեւաչափը ձեռնտու է բոլոր կողմերին: Այս ձեւաչափում համագործակցությունը քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում՝ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մասնակցությամբ, ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար:

– Քաղաքացիական ազատությունների սահմանափակման եւ բռնատիրական տենդենցների ուժեղացման արդյունքում Թուրքիայի հարաբերություններն Արեւմուտքի հետ զգալիորեն բարդանալու են, եւ դա նրան դարձնում է Ռուսաստանի բնական դաշնակից` հարաբերությունների հետագա ընդլայնման հավանականությամբ: Երկու երկրների ղեկավարներն Արեւմուտքից մեկուսանալու, հակաարեւմտականության քարոզչության միջոցով իշխանությունն ամրապնդելու ճանապարհն են բռնել:
Հայաստանի համար վտանգը հիմնականում միջազգային հարաբերությունների սուբյեկտից օբյեկտի վերածվելն է, ինչը Ռուսաստանին հնարավորություն է տալիս փորձ կատարել Հայաստանի հաշվին իր խնդիրները լուծելու: Դա տեղի է ունենում ոչ միայն Ռուսաստանի քաղաքականության, այլեւ Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի պատճառով. չկա ռուսական ծրագրերին հակակշռելու ընդունակ քաղաքական համակարգ:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Դեռեւս 2013թ. աշնանից սկսած՝ բազմիցս առիթներ են եղել նշելու, որ Եվրասիական միությանն անդամակցելու եւ Ռուսաստանից կախվածությունն էլ ավելի խորացնելու գործընթացն, ըստ էության, «անշլյուսի», աստիճանական անեքսիայի է վերածվելու: Եվրասիական միությանն անդամակցելու գործընթացը, ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելը, վերջերս ՀՕՊ պայմանագրի վավերացումը դրա փուլերն են, եւ ԱԺ-ում Ռուսաստանի շահերով առաջնորդվող կայուն մեծամասնություն կազմող ուժերը հակակշռող գործոն չեն կարող հանդիսանալ: Գալիք ընտրությունների արդյունքում այդ ուժերի «մեծ կոալիցիայի» պլանավորված վերարտադրությունը եւ դրա դեմ ուղղված հասարակական պահանջի պակասն է հիմնական վտանգը, դրանով է Ռուսաստանին հնարավորություն տրվում իրագործել իր քաղաքականությունը` առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու:

– Բաքվում վերջերս Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովն անցկացվեց: Փաստացի, Ռուսաստանն ընդգրկվում է Հայաստանը մեկուսացնող նոր ծրագրերում՝ զրկելով Հայաստանին Իրանի հետ փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունից: Այսօր շատ է խոսվում ապագաղութացման մասին, կարծես հասարակական պահանջ է ձեւավորում: Հնարավորություն տեսնո՞ւմ եք դա իրականացնելու համար:

– Այն, որ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքն Ադրբեջանի տարածքով պիտի անցներ՝ ակնհայտ է, մասնավորապես, տեղանքի բարդության եւ ֆինանսական պատճառներով, ինչպես նաեւ երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման անհնարինության պատճառով: Միայն իրենց մորթապաշտական շահերով առաջնորդվող ռուսամետ պաշտոնյաները եւ ԵՏՄ-ի անդամակցությունը հիմնավորելու ցուցումը կատարող վերլուծաբաններն ու լրագրողները կարող էին պնդել, որ Հայաստանը ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ միջանցք պետք է ապահովի: Իրանի հետ համագործակցությունը պետք է զարգանա դեպի Վրաստան եւ Սեւ ծով տանող ուղղությամբ եւ, իհարկե, նաեւ էներգետիկ ոլորտում առհասարակ, սակայն վերջինիս խանգարում է ռուսական «Գազպրոմի» մենաշնորհը:

Ինչ վերաբերում է ապագաղութացման հասարակական պահանջին, դրա ձեւավորումը չափազանց դանդաղ է տեղի ունենում, բնականաբար, արդեն հիշատակված Ռուսաստանի շահերով առաջնորդվող ուժերը շարունակելու են խանգարել դրան, նրանց են միանում նաեւ նոր ստեղծվող որոշ կուսակցություններ, «այլասերված Արեւմուտքի», «ավանդական ընտանիքի» քարոզիչները եւ այլք:

– Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ջերմացման նոր փուլ է: Պուտին-Էրդողան հարաբերությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանային զարգացումների վրա, մասնավորապես՝ Ղարաբաղյան կարգավորման նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական քարոզչամեքենան է հայկական կողմից «տարածքային զիջումներ» պահանջելու գործին լծվել:

– Մասնավորապես թուրքական սպառնալիքի պատրվակով Հայաստանի գաղութացման խորացումն է հավանական: Ինչ վերաբերում է «տարածքային զիջումներին», խնդիրը ոչ թե առհասարակ փոխզիջման միջոցով հակամարտության կարգավորումն է, այլ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին օգնելու արդյունքում ռուս «խաղաղապահների» հնարավոր տեղակայումը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 16.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մոսո says:

    Չեղավ ախպեր ջան, ռուսներին պրիմիտիվ եք պատկերացնում: Նրանք մեզնից լավ են հասկանում որ Հայաստանը իրենց ,,կոզիրն,, է թուրքացեղերի դեմ, որը սխալ կլինի վերացնել կամ կորցնել: Դրա համար են աչքերը չորս արած հետեւում որ հանկարծ արեւմուտք չթեքվենք, օգտագործելով մտրակն ու պրյանիկը: Իսկ թե որ պահին որից ինչքան կուտենք, արդեն մեր խելքից կամ տհասությունից է կախված:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031