Նոյեմբերի 16-ին հրավիրվել ենք Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ լսվելու է Կորյուն Աթոյանի, Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի, Միհրդատ Հարությունյանի, նրանց ներկայացուցիչ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աստղիկ Ղազարյանի հայցն ընդդեմ Նորիկ Սարգսյանի:
Այս հայցի շրջանակներում երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթ» ՍՊ ընկերությունը:
Ուշադրության արժանի է այն, որ ըստ դատարանից խմբագրություն ուղարկված ծանուցագրի՝ մենք հրավիրվում ենք դատարան նոյեմբերի 16-ին, իսկ դատավորի` հայցադիմումը վարույթ ընդունելու եւ դատական նիստ հրավիրելու մասին որոշման մեջ՝ նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 16-ին:
Ինչ են պահանջում հայցվորներն իրենց պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցադիմումում:
Ըստ հայցվորների, այս տարվա հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում տպագրվել է Նորիկ Սարգսյանի՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով բաց նամակը: Հայցվորները տեղեկացնում են, որ 3 տարի առաջ «Հրապարակ» թերթում Նորիկ Սարգսյանը իրենց հասցեին թույլ է տվել իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ: Ի դեպ, «Առավոտից» բացի, երրորդ անձ է ճանաչվել նաեւ «Հրապարակը»:
Կարդացեք նաև
Հայցվորները մեր լրատվամիջոցում տպագրված բաց նամակի մեջ վիրավորական եւ զրպարտչական են համարել Ն. Սարգսյանի այն արտահայտությունները, համաձայն որոնց՝ «ՀՊՏՀ տնտեսական պատմության եւ իրավագիտության, այժմ՝ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանը (նա այդ պաշտոնում երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել) 2010-2013թթ. իմ նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք, կեղծիքներ»: Հայցվոր կողմն ակնարկում է նաեւ պատասխանողի մեղադրանքներից մեկին՝ Լ. Մեհրաբյանի կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու, ավելի դրույքներ տալու, եւ պրոռեկտորների կողմից պաշտպանություն ստանալու մասին:
Հայցվոր կողմը նշում է նամակից մի հատված, որտեղ Ն. Սարգսյանը մեղադրել է իրենց «ՀՊՏՀ բյուջեի քողարկված՝ հաստիքային կողոպտման» համար:
Հայցվոր կողմը պահանջում է, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ն. Սարգսյանին նշյալ լրատվամիջոցներով հերքել, ներողություն խնդրել: Դատարան է ներկայացվել անգամ հերքման տեքստը:
Նկատենք, որ նմանատիպ հայցերի դատական գործընթացների ավարտին են սովորաբար պատրաստի հերքման տեքստ ներկայացվում:
Լրատվամիջոցներն էլ որդեգրված սկզբունք ունեն, ինչը նրանց տպագիր մամուլի վերջին էջում է զետեղված. նամակները չեն գրախոսվում, չեն վերադարձվում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
16.08.2016