Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Բախչինյան. «Թումանյանը, Սայաթ-Նովան, Կոմիտասը ավելի շատ փողոցով ու շաուրմայանոցով են հայտնի, քան որպես պոետներ, երաժիշտներ»

Օգոստոս 16,2016 23:55

«Նարեկացի» արվեստի միությունն այսօր հանդիպում էր կազմակերպել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, սայաթնովայագետ Հենրիկ Բախչինյանի հետ:

Aravot.am-ը գրականագետին խնդրեց Սայաթ-Նովայի կյանքից մի այնպիսի հետաքրքիր դրվագ պատմել, որը լայն հասարակությանը հայտնի չէ: Բախչինյանի խոսքերով՝ Սայաթ-Նովայի կյանքի յուրաքանչյուր դրվագ, ինքնին, հետաքրքիր է.«Հետաքրքիրն այն է, որ նա մի շարք լեզուների է տիրապետել: Ելնելով նրա «Խաղերի» տվյալներից, Սայաթ-Նովան 15-16 տարեկանում գերի է ընկել: Այն ժամանակ չերքեզներն ավիրում էին Վրաստանը, մտնում անգամ Թիֆլիս, Սանահին գյուղ, որտեղ նա հաճախ էր լինում, մայրը Սանահինից էր, սա էլ շատերին հայտնի չէ:

Այդ ավերածությունների ժամանակ բազմաթիվ երիտասարդ տղաների եւ աղջիկների հետ միասին գերի է տարվել նաեւ Սայաթ-Նովան, եւ թափառել է: Որ ասում է՝ Թամամ աշխարհ պտույտ եկա», նա շրջել է աշխարհում՝Հնդկաստան, Թուրքիա, Իրան, լինելով տաղանդավոր մարդ, փայլուն տիրապետել է թուրքերենին, պարսկերենին, արաբերենին: Այս դեգերումների  ժամանակ անգամ մասնակից է եղել Նադիր շահի արշավանքին դեպի Հնդկաստան»:

Մանրամասները ՝ տեսանյութում

Aravot.am-ի Բախչինյանից հետաքրքրվեց՝ արդյոք երիտասարդությունը լավ ճանաչում է Սայաթ-Նովային այնպես, թե՞ շատերի մոտ Սայաթ-Նովա լսելիս  մայրաքաղաքի կենտրոնական փողոցն են պատկերացնում, արդյոք դպրոցներում պատշաճ դասավանդվում է Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործությունները: Մեր այս հացին գրականագետն այսպես պատասխանեց.

«Այսօր Սայաթ-Նովան, եւ ոչ միայն նա, մեր շատ մեծերը, անգամ Թումանյանը, Կոմիտասը եւ մյուսները ավելի շատ փողոցով են հայտնի, ավելի շատ շաուրմայանոցով են հայտնի, քան որպես պոետներ, երաժիշտներ եւ այլն: Դրա համար նրբությունները կենսագրական, խորը արվեստին վերաբերող նրբություններն այսօրվա մեր երիտասարդներին կհետաքրքրի՞, թե՝ ոչ… միշտ այդպես է եղել, այսօր մի քիչ ավելի քիչ, որովհետեւ մեր կյանքը հետադիմել է ե՛ւ կրթական եւ այլ ոլորտներում: Ճիշտն ասած՝ ո՛չ դպրոց ունենք, ո՛չ համալսարան, դրա համար էլ մեր երիտասարդները մեր մեծերին ու նրանց կյանքի, ստեղծագործությունների  մանրամասները չգիտեն: Վաղը մեր կյանքը կլվանա, թե չէ այսքան գրքեր գրելն ինչ իմաստ ունի, եթե այսօրվա կամ վաղվա սերունդը դրանք պիտի աղբանոց նետի կամ այրի: Կգա ժամանակ դպրոցն էլ, երկիրն էլ, մշակույթն էլ, մշակույթի  նախարարությունն էլ կկարգավորվեն: Խորհրդային տարիներին ծրագիր գրեցի,   հետո էլ շարունակեցի՝  ես դասագիրք գրեցի, շատերը դրանով են սովորել, Սայաթ-Նովան մեծ բաժին ուներ, ցավոք, 1992 թվականից դասագիրքը լույս տեսավ 7-8 անգամ: Ամեն անգամ հաստափոր դասագիրքը գնալով բարակեց, գնալով կրճատվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Meline says:

    Բոլորդ էլ պետք է ձեր տեղում լինեք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031