Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«The World Post». «Ինչու՞ է հակակոռուպցիոն բողոքի ալիքն աճում Հայաստանում». «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 16,2016 23:40

«The Huffington Post» ինտերնետային կայքի «The World Post» հավելվածն օգոստոսի իր համարում անդրադարձել է Երեւանում հուլիսի 17-ին սկսված իրադարձություններին, ու փորձել տալ «պատանդառության» եւ երկրում տիրող իրավիճակի պատճառներն ու բացատրությունը։

Կայքը հիշեցնում է, որ Երեւանում Ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքը գրավելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները պահանջել են աջթեւային ընդդիմության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը եւ նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։ «Ու չնայած Սեֆիլյանի «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատը դեռեւս ձեւավորման փուլում է, Հայաստանի մեծաթիվ քաղաքացիներ իրենց համերաշխությունը հայտնեցին կառավարության շրջանում տարածված կոռուպցիան դատապարտող պատանդառունեին», գրում է կայքը։

Կայքը նաեւ հիշեցնում է նախորդ տարի «Էլեկտրիկ Երեւան» անվանումը ստացած ցույցերը՝ նշելով, որ այն նույնպես շեշտում է կոռուպցիայի դեմ պայքարելու հայերի պատրաստակամությունը։

Կայքը հիշեցնում է, որ պետական կոռուպցիայի դեմ ժողովրդական բողոքի ալիքի ճնշման տակ էր, որ 2Օ15 թվականի հուլիսին Սարգսյանը լայն արտոնություններ տվեց նոր ձեւավորված հակակոռուպցիոն խորհրդին։ Սակայն, գրում է պարբերականը, խորհրդի գործունեությունն այդպես էլ չկարողացավ մեղմել ժողովրդի մտահոգությունները։ «Սարգսյանի ներքին շրջանակի պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանքները ցնցել են կառավարության նկատմամբ հասարակական վստահությունը։ Եվ այժմ մեծաթիվ հայեր են հավատացած, որ կոռուպցիան էր թուլացրել Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից իրականացված ներխուժման ժամանակ հավասար ուժով պատասխանելու Հայաստանի կարողությունները», գրում է «The World Post»-ը։

«Չնայած Սարգսյանի վերջին հասարակական ելույթներում արտահայտվում է Հայաստանում կոռուպցիան վերացնելու ցանկություն, նախագահի ու նրա ներքին օղակի անդամների գործողությունները հաճախ են հակադրության մեջ մտնում նրա հռետորաբանության հետ», գրում է հոդվածի հեղինակը, ու հիշեցնում պետության հաշվին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից մասնավոր ու թանկարժեք թռիչքներ իրականացնելու փաստը։ Մեկնաբանը վիճահարույց է համարում հակակոռուպցիոն խորհրդի ղեկավարի պաշտոնում Աբրահամյանի նշանակման որոշումը, երբ վերջինս ունի մասնավոր ընկերություններ, գազալցման կայաններ, կազինոներ ու դրամական մեծ ներդրումներ։ Հեղինակը շեշտում է, որ պետական պաշտոնյաները Հայաստանի Սահմանադրությամբ չունեն բիզնես գործարքներ կնքելու իրավունք։

Սարգսյանի հակակոռուպցիոն պայքարը, ըստ «The World Post»-ի, մեկ անգամ եւս հայտնեց հարվածի տակ, երբ ապրիլի 8-ին հրապարակվեցին Պանամայի փաստաթղթերը, որոնց համաձայն Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը եւ նրա մերձավոր երկու ազգականներն ընկերություններ են հիմնադրել Պանամայում՝ ստանալու Հայաստանի կառավարության պայմանագրեր։

«The World Post»-ի մեկնաբան Սամուել Ռամանին գրում է, որ հասարակական զայրույթի ալիքի ներքո Սերժ Սարգսյանը պատժեց մի քանի պաշտոնյաների։ Ձերբակալվեցին գեներալ Մելսիկ Չիլինգարյանը եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան երկու պաշտոնյաներ, սակայն հասարակական վստահությունը Սարգսյանի նկատմամբ չաճեց։ «Իր ներքին օղակի անդամներին արդարադատության առջեւ կանգնեցնելու Սարգսյանի դժկամությունն ավելի խորացրեց հասարակության համոզմունքն այն մասին, որ Հայաստանի կառավարությանն աջակից պաշտոնյաները կարող են առանց պատժվելու դիմել հանցագործությունների»։

Հեղինակը հիշեցնում է Գագիկ Բեգլարյանի օրինակը, որը նախագահական պալատի արձանագրությունների բաժնի ղեկավարին ծեծի ենթարկելուց հետո հրաժարական էր տվել Երեւանի քաղաքապետի պաշտոնից, սակայն երբեք չէր կանգնել արդարադատության առջեւ։ Ավելին՝ նախագահական ընտրությունների ընթացքում Սարգսյանին մեծապես աջակցելու արդյունքում նախարարի աթոռ էր ստացել կառավարությունում։

Ինտերնետային կայքը նշում է, որ Բեգլարյանը եզակի դեպք չէ Հայաստանում ու բերում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի օրինակը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031