Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սև Ղուլ» ամրոցի համերգասրահն ու Գյումրու մոգական ուժը՝ ըստ Տիգրան Մանսուրյանի ու Ռոբերտ Մլքեյանի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 16,2016 23:10

Հոկտեմբերի կեսերին Գյումրու պատմաճարտարապետական մեծ արժեք ունեցող հուշակոթողներից մեկի՝ «Սև Բերդ» ամրոցի գերժամանակակից համերգասրահում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի հոբելյանական երեկոն: Այսօր մաեստրոն երեկոյի կազմակերպիչների՝ Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի ու Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ միասին հանդիպեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ քննարկելով որոշակի մանրամասներ:

Նշենք, որ «Սև Բերդ» ամրոցը պատկանում է Սամվել Բալասանյանի ընտանիքին: 1834 թվականին կառուցված ամրոցը վերանորոգելուց հետո Բալասանյանները նրա մի հատվածը դարձրել են համերգասրահ: Տիգրան Վիրաբյանը, որը Տիգրան Մանսուրյանի հոբելյանական երեկոյի գլխավոր պրոդյուսերն է, նշեց, որ  Գյումրին վերջապես ունեցավ այնպիսի դահլիճային պայմաններ, որ կկարողանան շքեղ համերգ կազմակերպել: Ըստ նրա, մաեստրոյի՝ իր հողում ու ջրում՝ Գյումրիում, մեծարվելը շատ կարևոր է իրենց համար: Ռոբերտ Մլքեյանն էլ պատմեց, որ զանգ է ստացել Տիգրան Վիրաբյանից, վերջինս առաջարկել է Տիգրան Մանսուրյանի համերգային երեկո կազմակերպել Գյումրիում, սակայն ինքը մտածմունքների մեջ է ընկել՝ որտեղ կազմակերպել համերգը, երբ Գյումրիում չկա համապատասխան համերգասրահ:

Mansuryan_5 Mansuryan_4 Mansuryan_3 Mansuryan_2 Mansuryan_1

Երբ  Տիգրան Վիրաբյանն առաջարկել է «Սև Բերդ»  ամրոցը, Ռոբերտ Մլքեյանը ապշել է, թե այդ քանդած, կտուր չունեցող կառույցում ինչ համերգ կարող են կազմակերպել, բայց երբ իրեն ուղեկցել են «Սև Բերդ», իր բառերով ասած ամեն քայլափոխի բերանը բաց է մնացել: «Քանդած պատերից դարձել էր չնաշխարհիկ մի բան. բեմը տեսա, ապշեցի, ասի՝ եթե Մանսուրյանի հետ կապված ուզում եք որևէ բան անել, պետք է արվի այնքան բարձր որակով, այնքան լուրջ, , այնքան ներդրումներով, որ սա դառնա ազգային հսկա ակցիա: Երկու օր հետո զանգեցի Տիգրանին ու ասի՝ Տիգրան, ինչ մտածել ենք, շատ լավ է, Տիգրան Մանսուրյանի հետ կապված էլ շատ լավ է, բայց ընդհանրապես  «Սև Ղուլի» շենքը, համալիրը պետք է դարձնել միջազգային փառատոների, դասական երաժշտության, ակադեմիական երաժշտության կենտրոն: Պետք է ձգտում ունենալ, որ Երևանին ասենք՝ դուք կարող եք անել, մենք էլ կարող ենք: Վրաստանում, Գորիում ամեն տարի ֆանտաստիկ փառատոն է անցկացվում երգչախմբային, բացի երգչախմբայինից ակադեմիական, այլ գործիքային երաժշտության փառատոն: Այս ամենը Գորիում, կապված է Ստալինի հետ, թե չէ քաղաքը մի փոքր բան է, բայց իրենք հավասարաչափ կռվում են Թբիլիսիի հետ իրենց ակադեմիական միջոցառումներով: Մենք էլ «Սև Ղուլը» պիտի օգտագործենք համաշխարհային փառատոների համար»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը: Վերջինս շեշտեց, որ Գյումրին պետք է դարձնել մշակութային կենտրոն և դա պետք է անել ոչ թե բառերով, այլ իրական:

Սամվել Բալասանյանն էլ իր հերթին պատմեց, թե ինչպես է «Սև Ղուլը» վերանորոգելիս փորձել պահպանել ճարտարապետական տեսքը, կատարել մշակույթի նախարարության պահանջները, անգամ քարի գույնն է պահպանել՝ հին քարեր ճարելով ու տեղադրելով:

Այս ամենը լսելով՝ Տիգրան Մանսուրյանն ասաց. «Եթե այդպես մտածեին Երևանում, այսօր շատ արձաններ չէին լինի, որովհետև նույն մարդու արձանը հո չես կարող հանել ու դնել մի քանի անգամ, լավ չեն արված, ցավում ես, իսկ արձանն այնքան դժվար բան է առհասարակ, նախ մենք տեղով շատ դժվար ենք ընդունում, մեզ համար բացառիկից բացառիկը պետք է լինի, որ մենք կարողանանք ընդունել»:

Տիգրան Մանսուրյանն ասաց, որ Գյումրիում համերգ ունենալը արտառոց իրադարձություն չէ իր համար, քանի որ Գյումրին մշտապես իր հետ է, ինքը մշտապես Գյումրիում է:  Ըստ նրա, Գյումրիում կա մի մոգական ուժ, որը գրավում է, բերում է դեպի այս քաղաք: Այս թեման շարունակեց Ռոբերտ Մլքեյանը: Նա ասաց, որ իրեն մի անգամ հարցրել են՝ որտեղ ես ուզում ապրել, ինքն առանց մտածելու պատասխանել է՝ Գյումրիում: «Գյումրեցիներն ասին՝ մաեստրո ջան, լուրջ կըսե՞ս, ասի՝ այո, լուրջ եմ ասում, ես եթե մի շաբաթ Գյումրի չեմ գալիս, իմ մոտ կարոտախտ է սկսվում: Ես Գյումրիում չեմ ծնվել, ես գյումրեցի չեմ օրենքով, բայց իմ սիրտը, միտքն այս քաղաքում է: Հենց Հոռոմի կամուրջն անցնում եմ, ասում եմ՝ ըհը մտա Գյումրվա տարածքը, չեմ կարող բացատրեմ ինչու, մի բան կա էս քաղաքում, որ մարդուն կպցնում է ու բաց չի թողնում»,- ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Տիգրան Վիրաբյանն էլ նկատեց. «Այն, ինչ-որ ասում եք, միայն հայերի մոտ չէ, մենք ֆրանսիացիների հետ նկարահանեցինք ֆիլմ, իրենք քսան օր աշխատել էին Երևանում, տաս օր աշխատեցին Գյումրիում, Գյումրիի աշխատանքից հետ ասացին՝ ֆիլմի այն հատվածը, որ նկարահանվել է Գյումրիում, որակական մասով շատ ավելի բարձր է, որովհետև այս քաղաքի ստեղծագործական էներգետիկան, ուժը շատ մեծ է»:

Սամվել Բալասանյանն էլ հիշեց Գյուրջիևին՝ նշելով, որ նա ամենահզոր գյումրեցին է, նշեց նաև, որ Քիմ Քարդաշյանի արմատներն են Գյումրիից: Քաղաքապետը նաև ասաց, որ շենքերը վերանորոգելիս պահպանում է քաղաքի ճարտարապետական տեսքը, որին Տիգրան Մանսուրյանն արձագանքեց այսպես.«Կարևորը որ արժանի լինեն մեր նախնիների մեծ անուններին, որ այս քաղաքը տվել է»:

Տիգրան Մանսուրյանը նշեց նաև, որ աշխարհի ամենաէկզոթերիկ կազմակերպությունները Գյումրիում են, ու այս մասին մարդիկ գաղափար անգամ չունեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031