Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փորձում է կանխել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՌԴ ստվերային պայմանավորվածությունների շարունակությունը:
Ըստ նրա, Ուորլիքի այսօրվա հարցազրույցը ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ադրբեջան ու Հայաստան կատարած այցերի ֆոնին պատահական չէր:
«Ուորլիքը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ երաշխավոր կանգնելու պատրաստակամությունը, միաժամանակ հասկացնելով՝ ՌԴ-ն միայնակ չէ ու ՌԴ-ին չի թույլատրվի միայնակ անել այն, ինչ, ցանկանում է»,- Aravot.am-ին ասաց պարոն Սաֆարյանը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակային դաշտ բերեց նաեւ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը. «Ռուսական ներկայիս պլանի թիրախը գոնե ՌԴ շահերի տեսանկյունից ռուս խաղաղապահների տեղակայումն է: Ուորլիքը ոչ պատահականորեն հրապարակ է բերում խաղաղապահների հարցը, որովհետեւ գիտի, որ չգրված, բայց ընդունված պայմանավորվածություն է ՄԽ խմբի ներսում, որ խաղաղապահները, որոնք որ պետք է տեղակայվեն խնդրի համապարփակ կարգավորման դեպքում, չպետք է լինեն ոչ ԱՄՆ-ի, ոչ Ֆրանսիայի ու ոչ էլ ՌԴ հավաքակազմից: Սա ամենաուշագրավ պահն է, որովհետեւ Ուորլիքը, ամբողջ գործընթացը բերելով ՄԽ խմբի դաշտ, խրախուսելով ՌԴ նախագահի ջանքերը, հիշեցնում է, որ
Կարդացեք նաև
հակամարտության կարգավորման երաշխավորը պետք է լինեն երեք պետությունների համանախագահները: Իսկ խաղաղապահների թեման, որ ՌԴ-ն բավականին թաքուն ու ստվերային է քննարկում Ադրբեջանի ու ՌԴ հետ, Ուորլիքը բերում է հրապարակային դաշտ, որտեղ գործելու է իրենց միջեւ ընդունված կանոնը: Սա նշանակում է, որ ամերիկացի համանախագահը բավականին ուշագրավ ու հնարամիտ քայլ է կատարում հրապարակային դաշտ բացելով այն պայմանավորվածությունների ու քննարկումների համար, որտեղ ռուսական ծրագիրն իրականացնելը դժվար է: Եւ կարեւոր է, որ Ուորլիքն իր մեկնաբանություններում բացարձակապես հղում է կատարում Վիեննայի պայմանավորվածություններին: Այսկերպ նա փորձում է կանխել ստվերային պայմանավորվածությունների շարունակությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ