Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանակին աշխատում էր կարգավիճակը՝ տարածքների դիմաց, այսօր՝ խաղաղություն տարածքների դիմաց թեզը». Երվանդ Բոզոյան

Օգոստոս 16,2016 20:10

Ըստ քաղաքագետ Երվանդ Բոոյանի, եթե մինչեւ վերջին ժամանակներս ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում մադրիդյան սկզբունքների ժամանակ աշխատում էր կարգավիճակը՝ տարածքների դիմաց թեզը, ապա այսօր թեզը փոխվել է. գործում է խաղաղություն տարածքների դիմաց թեզը:

«Սա մահացու վտանգ է ՀՀ ու ԼՂ անվտանգության համար, որովհետեւ այդ թեզը վտանգավոր թեզ է, հանձնում ես անվտանգության գոտին առանց առարկայական կարգավիճակի, իսկ մնացած բոլոր տեսակի միջանկյալ  կարգավիճակները ոչինչ չեն տալիս ՀՀ- ին ու ԼՂ-ին: Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, կդառնա լուրջ սպառնալիք ՀՀ ու ԼՂ անվտանգությանը»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե  ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր՝ պարոն Բոզոյանը շարունակեց՝ մեկնաբանելով, որ

ԵԱՀԿ ՄԽ-ում միշտ էլ հաշվի են առել այն հանգամանքը, որ 1994-98թթ հրադադարում դերակատար է եղել նաեւ ՌԴ-ն, որը ռազմական ոլորտում շատ ավելի  սերտ է ՀՀ ու Ադրբեջանի հետ ու ավելի մեծ հնարավորություններ ունի ԼՂ անվտանգության երաշխիք կանգնել, դրա համար բոլորը ըմբռնումով են ընկալում, որ ՌԴ-ն մի քիչ ավելի մեծ դեր ունի, քան ՄԽ մյուս համանախագահները: Ուորլիքի հայտարարության մեջ ոչ մի նորություն չկա, միշտ էլ երեք համանախագահները միասնական տեսակետով են հանդես գալիս, միգուցե երբեմն խանդի տեսարաններ լինեն, ինչը նկատելի չէ գոնե մեզ համար, բայց բեկումնային այնպիսի զարգացումներ չկան, որ ասենք, թե ՌԴ-ն միանձնյա ստանձնել է խնդրի կարգավորումը»:

Ըստ նրա ՌԴ-Ադրբեջան ռազմական համագործակցությունն էլ նոր չէ, որ սերտացել է, երկու երկրների հարաբերությունները ռազմական ոլորտում սերտացել էին դեռ տարիներ առաջ. «2011-ից ինտենսիվ աշխատանքներ են տարվում ռազմական համագործակցությունը խորացնելու համար: 2013-ի Պուտինի՝ Բաքու կատարած այցի ժամանակ կնքվեց ավելի քան 4 միլիարդ դոլարի մոտ քսան տարբեր պայմանագրեր ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, այդ թվում Ադրբեջանում ռազմարդյունաբերական արտադրություններ ստեղծելու վերաբերյալ, դրա տրամաբանական շարունակությունը եղավ, որ  ՌԴ-ն Ադրբեջանին վաճառեց ավելի քան մեկ միլիարդ դոլարի ժամանակակից զենք զինամթերք, այս տարվա նոր պայմանավորվածություններն էլ են բխում 2013-ին կնքված պայմանագրերից:

Հայաստանը մտահոգություն պետք է հայտներ դեռ 2013-ին, հիմա 2016 թվականն է,  ռազմական համագործակցությունը լանորեն ընթանում է, զարմանալի բան չկա»:

Պարոն Բոզոյանի համոզմամբ, ապրիլյան պատերազմից հետո միջնորդները լավ վախեցել են, որ կարող է նորից պատերազմ բռնկվի. «Այդ պատերազմը շահավետ չէ ոչ ՌԴ-ի, ոչ Արեւմուտքի համար, եւ ամեն ինչ անելու են, որ այդ պատերազմը չլինի, իսկ քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ուժեղ կողմը Ադրբեջանն է, ստիպված երկու կողմերն էլ փորձելու են Ադրբեջանին համոզել, որ պատերազմը չվերսկսի: Քանի որ հայկական կողմը բոլոր առումներով թույլ կողմն է, հիմնական բանակցություններն ընթանալու են Ադրբեջանի հետ, որ բավարարվի ինչ-որ մի համաձայնությամբ ու չվերսկսի պատերազմը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031