Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Պատճառը, նրա պարզաբանմամբ, այն է, որ իր ստեղծած «Գյումրեցու ոգի» կուսակցությամբ մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին: Ըստ նրա, այս կուսակցությունն առանձին է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, իսկ թե ով կգլխավորի ցուցակը, կհայտարարեն առաջիկա օրերին: «Քաղաքապետն առաջարկել է մնալ ու շարունակել աշխատել: Ճիշտ չեմ համարել ներկա պահին աշխատելը, բացի դրանից ծանր ընտրարշավ է սպասվում, հնարավոր չէ աշխատելը»,-ասաց Սահակ Սահրադյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք չեք մասնակցում ընտրություններին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին սատարելու, ձայներ ապահովելու համար, որպեսզի ավագանու անդամները լինեն հենց նրա թիմակիցները, Սահակ Սահրադյանն ասաց. «Նման խոսակցություններ եղել են կուսակցության ստեղծման առաջին օրվանից, ես անձամբ ասոցացված եմ Սամվել Բալասանյանի հետ, բնականաբար նման մտերմությունն ու հարաբերությունները որոշ մարդկանց տալիս է նման կերպ մտածելու իրավունք: Չեմ ուզում հերքել. ընտրությունները ցույց կտան ինչքանով ենք մենք իրական փոփոխությունների կողմնակից, ինչքանով ենք այլ ուժի սատարող ուժ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ