Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միտումնավոր ժամանակ են ձգել». Նաիրա Զոհրաբյանը՝ ԸՕ վերահսկողական մեխանիզմների տեղադրման մասին

Օգոստոս 16,2016 18:50

«Ինձ համար պարզ էր, որ օգոստոսի կեսից սկսելու է մտահոգությունների, հոգոցների շքերթը. բոլորը սկսելու են մտահոգություն հայտնել, բոլորը սկսելու են հոգոց հանել, որ ցավոք սրտի, մենք շատ էինք ուզում, բայց տեխնիկապես այլեւս հնարավոր չէ «4+4+4» ձեւաչափի քննարկումներում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների տեղադրմանը:

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր. «Եթե սեպտեմբերից չսկսվեն այդ աշխատանքները, արդեն ուշ կլինի։ Սեպտեմբերի 1-ը ընտրված է այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լիներ մինչեւ Ազգային ժողովի ընտրություններ այդ ժամանակահատվածում իրականացնել այն գործառույթները, որոնք նախատեսված էին ընտրական օրենսգրքի փոփոխություններով եւ այդ ժամկետի ընտրությունը պայմանավորված էր դրանով, որպեսզի հնարավոր լիներ այն իրականացնել։ Եթե այդ ժամկետը ուշանում է, արդեն այդ ծավալի աշխատանքը, որը որ նախատեսված էր, բնականաբար, ժամկետներով պայմանավորված, արդեն լրացուցիչ բարդություններ կարող է  ունենալ»:

Նաիրա Զոհրաբյանի նշեց, որ դեռեւս 1,5 ամիս առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին իրեն տեղեկացրել է, որ անհրաժեշտ 16 միլիոն եվրո գումարը եւ մի բան էլ ավել արդեն կա: ԲՀԿ նախագահը ընդգծեց, որ դեսպանը ոչ միայն իրեն է հայտնել, այլ նաև իշխանության ներկայացուցիչներին. «Հիմա հարց եմ տալիս՝ մոտ երկու ամիս առաջ անհրաժեշտ գումարը եւ մի բան էլ ավելին կար, ինչը հնարավորություն կտար իրականացնել ընտրատեղամասերում տեսանկարահանման խնդիրը, ի՞նչն էր խանգարում հոգոցների, մտահոգություն հայտնելու փոխարեն երկու ամիս առաջ արդեն ձեռնամուխ լինել նշյալ էլեկտրոնային քվեարկության եւ 10 մատնահետքի ներբեռնման բազայի աշխատանքների իրականացմանը:

Այլ գնահատական, քան, որ միտումնավոր ժամանակ են ձգել, որ հիմա այն կազմակերպությունները, մասնավորապես՝ լեհական ընկերությունը, որը մատնահետքերի բազայի ներբեռնում պետք է իրականացներ, այսօր արդեն հայտարարում է, որ ժամանակը բավարար չէ, եւ իրենք չեն կարող այդպիսի խնդիր իրականացնել: 2 ամիս առաջ ինչո՞վ էին զբաղված, երբ որ ձեզ արդեն ասվեց, որ գումարը՝ 16 միլիոնից ավել գումարը, կա, ինչո՞ւ այդ ժամանակ անմիջապես՝ րոպե առաջ, օր առաջ, ձեռնամուխ չեղաք խնդրի իրականացմանը, որ հիմա արդեն հղում եք անում նշյալ կազմակերպություններին՝ լեհական, չգիտեմ ինչական, նրանք էլ, բնականաբար, մտահոգվելով իրենց հեղինակության մասին, ասում են, որ վեց ամիսը այլեւս բավարար չէ նշյալ խնդրի իրականացման համար: Ի սկզբանե՝ երկու ամիս առաջ, ես ասացի, որ միտումնավոր ժամանակ են ձգելու, որ գա օգոստոսի կեսը, հոգոց հանեն, ցավակցություն հայտնեն, տրտնջան, մրմնջան, որ հնարավոր չէ իրականացնել»:

Նաիրա Զոհրաբյանը մեզ հայտնեց, որ իր տեղեկություններով այժմ քննարկվում է երկու մատնահետքի ներբեռնումով խնդիրը լուծելու տարբերակը. «Եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը այդ խնդիրները չստացվի լուծել, բնականաբար, համաձայնությունը չեղյալ կհայտարարվի: Գիտեք՝ անընդհատ խոսվում է, որ պետք է արվեն քայլեր երկրում վստահության մթնոլորտը վերականգնելու համար: Այս քայլը՝ «4+4+4»-ի շատ դժվար ձեռք բերված համաձայնությունը եւ պայմանավորվածությունը կարո՞ղ էր այդ քայլերից մեկը լինել՝ մեր երկրում ընտրական գործընթացի հանդեպ վստահության ինչ-որ աստիճան բարձրացնելու համար, կարող էր:

Ինչո՞ւ չարվեց, չարվեց, որովհետեւ իրենց պետք չէր, որ 10 մատը ներբեռնվեր, սա պարզ է, այստեղ 2 կարծիք լինել չի կարող: Եվ հանկարծ հղում չանեն, որ 1,5 ամիս առաջ գումար չկար, ես կրկնում եմ՝ մոտավորապես 1,5 ամիս առաջ Ֆրանսիայի անկախության տոնին՝ հուլիսի 14-ին ԵՄ դեսպանը ինձ տեղեկացրեց, որ գումարն արդեն կա, եւ այդ մասին նա նաեւ տեղեկացրել է Ընտրական օրենսգրքով զբաղվող իշխանության ներկայացուցիչներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031