Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.25 տոկոս

Օգոստոս 16,2016 17:44

2016 թ. օգոստոսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%:

2016 թ. հուլիսին արձանագրվել է 2.3% գնանկում՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների նվազմամբ և գազի սակագնի իջեցմամբ, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.3%:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից զգալի գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Ըստ ԿԲ գնահատման, ՀՀ տնտեսության վրա Եվրամիությունում ընթացող գործընթացները էական ազդեցություն չեն ունեցել:

Խորհուրդն արձանագրում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 2016 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ-ում դիտվել է սպասվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվություն՝ մեծամասամբ պայմանավորված առկա արտաքին պահանջարկի պարագայում արտահանելի հատվածի դրական զարգացումներով: Միևնույն ժամանակ, ԿԲ կողմից իրականացրած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում շարունակաբար մեղմվել են գնաճային սպասումները, ինչի պարագայում հնարավորինս նվազել են երկարաժամկետ շուկայական տոկոսադրույքները: Վերջինս իրական հիմքեր է ստեղծել 2016 թ-ի արդյունքներով մասնավոր սպառման և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնման համար:

ԿԲ խորհուրդը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ տարեվերջին գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը փոքր-ինչ գերակշռում են, որոնց դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.75 % և 5.75 %:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ օգոստոսի 26-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2016թ. երրորդ եռամսյակի ծրագրում):

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031