Օգոստոսի 16-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն էին ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղզական Հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակությունները:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիներում, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:
Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ռազմական շինարարության զարգացմանը և ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը վերաբերող խնդիրներին: Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ