Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քաղբանտարկյալների հարցը կդառնա միջազգային համաժողովների քննարկման առարկա

Օգոստոս 16,2016 16:22

Օգոստոսի 2-ին առաջին ատյանի դատարանը զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու մեղադրանքով մի շարք քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների հանդեպ կալանավորման որոշում կայացրեց: Նրանց թվում է իմ պաշտպանյալ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, ում մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով, իբրև ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու հիմնավորմամբ:

Ավելի անհեթեթ մեղադրանք Հ. Խուրշուդյանին անհնար կլիներ ներկայացնել: Բացի «Ժառանգություն» կուսակցության անդամ լինելը նա Հայաստանը ներկայացնում է մի շարք միջազգային կազմակերպություններում: 2014թ.-ից ի վեր Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ աշխատանքային խմբի համակարգող և ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ է:

Նրա ձերբակալության կապակցությամբ ֆորումի ղեկավար կոմիտեն, ապա նրա համանախագահները հանդես են եկել կոշտ հայտարարություններով՝ պահանջելով ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել Հ. Խուրշուդյանին:

Ով չի պատկերացնում ԱԼԳ ՔՀՖ կարգավիճակը, պետք է հասկանա, որ այս կառույցը համակարգում է Եվրամիության հետ հետխորհրդային վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ինտեգրման քաղաքացիական, ոչ կառավարական ուղղությունները, և նրա ղեկավար կոմիտեի դիրքորոշմանը մեծ նշանակություն է տրվում Եվրոհանձնաժողովի այն ստորաբաժանումներում, որոնք զբաղվում են այս վեց երկրների (որոնց թվում է Հայաստանը) հանդեպ Եվրահանձնաժողովի քաղաքականության ձևավորմամբ: Ի դեպ Հ. Խուրշուդյանի, Դ.Սանասարյանի, մյուս քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ կոշտ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է հայաստանյան առավել ակտիվ 220 հասարակական կազմակերպություններին և վերլուծական կենտրոններին:

Հովսեփը նաև ԵՄ-ԱլԳ «Մշակույթ և ստեղծարարություն (Culture and Creativity)» ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ է, ընդ որում` այդ կոմիտեում ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակությունները ներկայացնող մյուս հինգ անդամները նոմինացվել են հենց նրա կողմից:

Սա պարզապես ներկայացվում է, որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ինչ կարգավիճակ ունի Հովսեփ Խուրշուդյանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում:

Ի դեպ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի ղեկավար կոմիտեում ներկայացված է նաև ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի:

Հովսեփ Խուրշուդյանը կարևոր դիրք է զբաղեցնում նաև Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ֆորումում (Black Sea NGO Forum): Նա այդ միջազգային կազմակերպության «կրթության և մշակույթ» աշխատանքային խմբի համակարգողն է, և Կիևում առաջիկայում պետք է տեղի ունենա տարածաշրջանում մշակույթի զարգացման խթանմանը նվիրված աշխատանքային հանդիպում Սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այդ հանդիպման կազմակերպման ջանքերը ևս Հովսեփ Խուրշուդյանի վրա են: Վերջապես, հանդիսանալով ԱԼԳ միջկառավարական պլատֆորմ հրավիրված անդամ, Հ.Խուրշուդյանը կարողացել էր հասնել նրան, որ Եվրոհանձնաժողովի Եվրոպական հարևանության ծրագրերով զբաղվող կոմիսարիատը ֆինանսավորի մի խոշոր միջազգային երիտասարդական համաժողով Բրատիսալվայում՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, ԱլԳ 6 երկրների, Ռուսաստանի, ԵՄ տասնյակից ավելի երկրների շուրջ 150 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համաժողովում ողջույնի խոսքով հանդես է գալու Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան,  իսկ բացման խոսքով՝ Հ.Խուրշուդյանը, որպես համաժողովի կազմակերպիչ:

Մեր երկրին պատիվ չի բերի այն հանգամանքը, որ նրա փոխարեն բացման խոսքով հանդես գա ԱլԳ երկրներից մեկի մեկ այլ ներկայացուցիչ (դեռ պարզ չէ, թե որ երկրի ներկայացուցիչը կընտրվի ԱլԳ ՔՀ ֆորումի կողմից այդ կարգավիճակը ստանձնելու համար), ով իր բացման խոսքում նաև կհայտարարի, որ ՀՀ-ում ավտորիտարիզմը և քաղաքական հետապնդումները հասել են այն աստիճանի, որ իրենց ընդդիմադիր հայացքների համար ոստիկանների տված կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորել են քաղաքացիական հասարակության և ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց թվում է նաև երիտասարդական համաժողովի համակարգող Հ.Խուրշուդյանը:

ՀՀ իշխանությունների մանր քինախնդրությունը Հայաստանի միջազգային վարկանիշին հարված հարվածի վրա են հասցնում, բայց կարծես թե դա նրանց առանձնապես չի էլ մտահոգում: Էլ չեմ խոսում այն մասին, որ կալանավորվածների թվում են «Ժառանգության» կուսակցության ղեկավարներ, փոխնախագահ Ա.Մարտիրոսյանը, մամլո խոսնակ Դ.Սանասարյանը: Մի կուսակցություն, որը ՀՀԿ-ի հետ միասին Եվրոպայում իշխող ուժի` Եվրոպայի ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ է: Վստահ եմ, որ ԵՀ-ը ևս դեռ անդրադառնալու է այս խայտառակ քաղաքական հետապնդմանը:

Ես բազմաթիվ անգամ անդրադարձ եմ կատարել Հ.Խուրշուդյանին բերման ենթարկելու և ձերբակալելու հիմքերին և հետագայում նրան առաջադրված մեղադրանքի շիծու կապին, մանավանդ, որ մինչև ձերբակալման մասին որոշում ընդունելը քննիչի կողմից որևէ հստակ մեղադրանք չի ներկայացվել, այլ միայն կասկած, որ նա մասնակցել է ինչ-որ զանգվածային անկարգությունների: Այսինքն՝ 2 ոստիկանների` իրարից արտագրած ցուցմունքները հետո են սարքվել՝ հիմնավորելու համար նրա կալանավորումը:

Դատարանի կալանավորման որոշումը ոչ պակաս զավեշտալի է, քանի որ, երբ դատավորը նիստից հետո գնում էր խորհրդակցական սենյակ՝ Հ.Խուրշուդյանի ձերբակալության 72 ժամը արդեն լրացել էր, և դատավորը հենց նիստերի դահլիճում հայտարարեց, որ նա այլևս ազատ է, պարզապես հորդորեց չլքել դատարանի դահլիճը մինչև որոշման հրապարակումը: Եվ Հովսեփ Խուրշուդյանը ազատ լինելով հանդերձ, որևէ տեղ չգնաց, դրանով նաև ապացուցելով, որ քննիչի կողմից որպես նրա կալանավորման հիմնավորում ներկայացրած այն փաստարկը, թե նա կարող է փախուստի դիմել, լիովին անհիմն է: Սակայն դատավորը, այնուամենայնիվ, որևէ նշանակություն չտվեց այս ակնհայտ հանգամանքին և Խուրշուդյանին կալանավորելու որոշում կայացրեց:

Նույնը տեղի ունեցավ նաև Ա.Մարտիրոսյանի և Դ.Սանասարյանի դեպքում: Դա ակնհայտ ապացույցն է այն բանի, որ դատարանները առաջնորդվել են ոչ օրենքի տառով և բանականությամբ, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել:

Սեդա ՍԱՖԱՐՅԱՆ, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հիմա ուրեմն, դուք կարծում էք որ այս գրութիւնը օգտակա՞ր է, ձեր հաճախորդին համար…

    Նպատակը պարզ է՝ նշելով թէ ան բազմաթի՜ւ, մեծ անուններով «միջազգային կազմակերպություններ»ի անդամ է, ուզում էք խոնարհ մարդիկ տպաւորել, միաժամանակ ջանալով այդ հիման վրայ արտաքին ճնշում բանեցնել պետութեան վրայ:

    Սակայն խնդիրը այն է թէ, հենց նշելով ձեր հաճախորդի գործօն անդամակցութիւնը այդ բոլոր, զանազան ու զարմանազան «միջազգային կազմակերպություններ»ին, գալիս էք ջուր հայթայթելու այն ջաղացքին ըստ որու այս տեսակի անձիք, լինի այդ կամա թէ ակամա, ծառայում են արտաքին պետությունների շահերին: Եւ հետեւաբար, կարող է լինի այստեղ ազգային անվտանգութեան խնդիր: Այդ հիման վրայ, ո՞րմէկ խելքը գլխին անձ պիտի ուզենա միջամտել, խառնվիլ այս նիւթին… Ռիսկը առնելով դառնալ – ինք ալ անգիտակցաբար – Հայրենիքի դէմ գործող արտաքին ուժերի ձեռքում գործիք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031