Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է հաջողվել առաջին անգամ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկությունը «բերել» Հայաստան

Օգոստոս 16,2016 15:50

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը կարևորեց ՀՊՏՀ-ի թիմի և «Ապոելի» հանդիպումը: Հարցին` չորս օրում երեք խաղ` արդյոք չի՞ խանգարի այս ծանրաբեռնվածությունը, մարզիչը պատասխանեց. «Ունենք որակյալ բուժկազմ, որն ամեն ինչ անում է թիմի վերականգնվելու գործընթացի հաջող ընթանալու համար: Մի քանի օր առաջ էլ յոթ օրում վեց խաղ ենք խաղացել. նորմալ արդյունք ենք տվել:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը պատմեց, թե ինչ մեծ բարդություն և դժվարին ճանապարհ է անցել ՀՊՏՀ-ն այս մրցաշարը Հայաստան «բերելու» համար. «Մեր ֆուտզալի թիմն ունի երկու տարվա պատմություն և ՀՀ կրկնակի չեմպիոն է, ունի նաև ուսանողական թիմի ստատուս և ՀՀ ուսանողական առաջնության հաղթող ենք: Երրորդ անգամ մասնակցել ենք Եվրոպական համալսարանական խաղերին: Այս ամենը հաշվի առնելով`մենք դիմեցինք ՀՖՖ, որ հնարավոր լինի ՈՒԵՖԱ-ին խնդրել, որ ՀՀ-ում անցկացնել ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը: Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել ՀՊՏՀ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Նման մեծ միջոցառման իրականացման համար բուհի կողմից ստեղծվել է նաև LOC` տեղական կազմկոմիտե»:

Նշենք, որ օգոստոսի 17-ին ժամը 16.00-ին տեղի կունենա «Ապոել»-«Ֆուտզալ Մանիակս» հանդիպումը, 19.00-ին` ՀՊՏՀ-«Գենտոֆտե»: Հանդիպումները կշարունակվեն մինչև օգոստոսի 20-ը:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչը ներկայացրեց այն խնդիրները, որոնք կան Հայաստանում ֆուտզալի զարգացման բնագավառում. «Առաջնային խնդիրն այն է, որ պայմաններն են վատը. մարզադահլիճներից ոչ բոլորն են համապատասխանում միջազգային չափանիշներին: Մասնագետների առումով ենք զիջում. պետք է դասընթացներ կազմակերպվեն ՈՒԵՖԱ-ի կողմից, քանի որ մասնագետներն այն գիտելիքները չունեն, որ տան իրենց սաներին: Մեզ մոտ չկա պատանեկան ֆուտզալ: Մինչև երեխաները պատանեկությունից ուսում չստանան, չի կարող ֆուտզալը զարգանալ: Առանց դպրոց անցնելու ՀՀ-ում 20 տարեկանից հետո են ֆուտզալ խաղում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031