Լրահոս
Օրվա լրահոսը

Արոտավայրերը «ջրաֆիկացրել» են, որպեսզի անասունները կիլոմետրերով չքայլեն (Տեսանյութ)

Օգոստոս 16,2016 15:30

Ուսումնասիրված տարածքների արոտավայրերի 60 տոկոսը ոչ լիարժեք է օգտագործվում, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում անասնաբուծության զարգացմանը: Արոտավայրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի մարզերում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (CARMAC) ծրագրեր են իրականացվում:

Այսօր «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց կատարված աշխատանքները` ասելով, որ այն համայնքներում, որտեղ ծրագրերն իրականացվել են, արոտավայրերի գրեթե 40 տոկոսը չի օգտագործվել: Առաջին փուլով ընդգրկվել է 81 համայնք, երկրորդ փուլում` 111: Ըստ Գագիկ Խաչատրյանի, հիմնականում ընդգրկվել են այն համայնքները, որտեղ զբաղվում են անասնապահությամբ:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հնգամյա ծրագիրը մեկնարկել է 2011-ին եւ այն նախատեսվում է ավարտել 2016 թ-ին:

Ծրագրի հիմնական նպատակներն են աջակցել Հայաստանի 6 մարզերի` Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային եւ սահմանամերձ 55 համայնքներին, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոցն է:

Ըստ Գագիկ Խաչատրյանի, ծրագրի իրականացման ընթացքում խնայողություններ են եղել, որի գումարն ուղղվել է լրացուցիչ 26 համայնքում ջրարբիացման համակարգերը կառուցելուն ու գյուղտեխնիկայի տրամադրմանը: Ըստ նրա, խորհրդային տարիներին անգամ բարձր լեռնային արոտավայրերը ջրարբիացված են եղել, սակայն այդ խողովակաշարը հնացել է, մաշվել եւ անասունները ջուր խմելու համար ստիպված են կիլոմետրերով քայլել:

«Բոլոր 81 համայնքներում կատարվել են կերհանդակների քարտեզագրման, գնահատման և կենդանիների հերթափոխ արածեցման սխեմաների մշակման աշխատանքներ՝ ընդգրկելով 176 հազար հա արոտավայր և ավելի քան 120 հազար պայմանական գլուխ կենդանի: Ներկայացված ջրարբիացման համակարգերի կառուցման ծրագրերի հիման վրա անցկացվել է 199.7 կմ ջրագիծ և կառուցվել է 243 հատ խմոց, տրամադրվել է 736 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 151 անիվավոր տրակտոր»,-ներկայացրեց Գագիկ Խաչատրյանը:

Անդրադառնալով անասունների պատվաստման խնդիրներին, պարոն խաչատրյանն ասաց, որ գյուղացիները անասնագլխաքանակը թաքցնում են եւ այդ անասունները դուրս են մնում պատվաստումներից, ինչի պատճառով վարակվում են այս կամ այն հիվանդությամբ:

Գագիկ Խաչատրյանը խոսեց նաեւ գյուղմթերքի իրացման խնդիրներից, ասելով, որ այսօր այն իսկապես, լուրջ խնդիր է, որը փորձում են լուծել Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրած գումարների միջոցով` ստեղծելով այնպիսի կենտրոններ, որոնք գյուղացիական տնտեսություններին կաջակցեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031