Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը՝ մեծանուն պապի քանդակի մասին

Օգոստոս 16,2016 13:51

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հարակից տարածքում առաջիկայում կտեղադրվի մեծանուն արվեստագետի արձանը: Այդ նպատակով մրցույթ էր հայտարարվել անվանի ռեժիսորի հուշարձանի նախագծի համար:

Մրցույթի երկրորդ փուլը օգոստոսի 15-ին էր, այս անգամ ներկայացված էր 6 աշխատանք:

Aravot.am-ը Վարդան Աճեմյանի թոռից՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդան Աճեմյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում իր պապի արձանը տեղադրելու գաղափարին եւ ինչպիսի՞ Վարդան Աճեմյան կուզենար տեսնել Գյումրիում:

Achemyan-2

«Ես շատ բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը, եւ անչափ շնորհակալ եմ, որ վարչապետը կարգադրեց՝ թատրոնի հոբելյանի՝ 150-ամյակի առիթով Աճեմյանի արձանը տեղադրել Գյումրիում: Տեղի ունեցավ մրցութային երկու փուլ: Օգոստոսի 15-ին երկրորդ փուլն էր: Ցավոք, հանձնաժողովը չկարողացավ ընտրել որեւէ գործ, չնայած, այնուամենայնիվ, առանձնացվեց մեկ գործ՝ կոմպոզիցիոն բնույթի: Այս փուլը երկարացրել ենք մինչեւ հոկտեմբերի 10-ը, եւ մի փոքր աշխատանքի դեպքում միգուցե այդ գործն էլ ընտրվի: Համարձակ գործ էր, ինձ դուր եկավ ռեժիսորի կերպարը, այն ասես արձան էր բոլոր ռեժիսորների համար: Ինքնատիպ գործ էր, բայց մի փոքր չէր բռնում տեղի հետ, մի քիչ տարակուսանքներ եղան, ոմանք ասացին, որ ճարտարապետը պետք է աշխատի այդ առումով: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Ես հույս ունեմ, որ հոկտեմբերի 10-ին կմասնակցեն նաեւ այլ քանդակագործներ, ու հետաքրքիր այլ գործեր էլ կներկայացնեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Achemyan3

 

Վարդան Աճեմյանին խնդրեցինք որեւէ տպավորիչ դրվագ կամ պատմություն հիշել՝ մեծանուն պապի հետ կապված: Կոմպոզիտորն ասաց, որ տպավորիչ դրվագները շատ են. «Պապիկս ինձ այնքա՜ն բան է պատմել, ամենահուզիչը, սակայն, այն է, թե ինչպես են իրենք փախել Վանից՝ 1915թ.: Այդ ժամանակ մայրը մահանում է ճանապարհին, հայրն անհայտ կորչում է, եւ ինքը փոքր եղբոր ձեռքը բռնած՝ մնում է անտառում: Բարեբախտաբար, մի ռուս զինվոր երկար մտածելուց հետո որոշում է երեխաներին վերցնել, ապա սայլով բերում է եւ հանձնում է Գյումրիի որբանոց: Եվ ի՞նչն է հետաքրքիր…Հայրը նույնպես հետագայում գալիս է Գյումրի, ու քանի որ շատ հայտնի մանկավարժ էր եւ դպրոցի տնօրեն՝ Վանում, նշանակվում է Գյումրիի որբանոցի տնօրեն: Եվ նա ընդունում է իր երեխաներին: Դա, թերեւս, ամենահուզիչ պատմությունն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ composers.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031