Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի շրջանակում կառուցվել է 4 անասնաբուժական սպասարկման կենտրոն

Օգոստոս 16,2016 13:16

Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:

ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հնգամյա CARMAC ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին, այն նախատեսվում է ավարտել 2016 թ. սեպտեմբերին:

Ծրագրի հիմնական նպատակներն են աջակցել ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ 55 համայնքներին, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում, ներդնել արոտօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, ստեղծել համայնքներում արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներ, աջակցել նոր արտադրատեսակների ստեղծմանը և տարածմանը, ինչպես նաև բարելավել տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների որակը՝ անասնաբուժական ծառայությունների միջոցով:

Անդրադառնալով ծրագրի արդյունքներին` գրասենյակի տնօրենը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ առաջացած խնայողությունների հաշվին ջրարբիացման համակարգերի կառուցման և գյուղտեխնիկայի տրամադրման նպատակով 55 համայնքից բացի ընդգրկվել է լրացուցիչ ևս 26 համայնք: Բոլոր 81 համայնքներում կատարվել են կերհանդակների քարտեզագրման, գնահատման և կենդանիների հերթափոխ արածեցման սխեմաների մշակման աշխատանքներ՝ ընդգրկելով 176 հազար հա արոտավայր և ավելի քան 120 հազար պայմանական գլուխ կենդանի: Ներկայացված ջրարբիացման համակարգերի կառուցման ծրագրերի հիման վրա անցկացվել է 199.7 կմ ջրագիծ և կառուցվել է 243 հատ խմոց, տրամադրվել է 736 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 151 անիվավոր տրակտոր:

2011 թվականի համեմատ գրանցվել է անասնապահական արտադրանքի ծավալների աճ. կովերի տարեկան միջին կաթնատվությունը՝ շուրջ 33.8%, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը` շուրջ 20%:

Ծրագրի շրջանակում կառուցվել է 4 անասնաբուժական սպասարկման կենտրոն՝ Սյունիքի Խնձորեսկ, Արագածոտնի Արտաշավան, Գեղարքունիքի Ճամբարակ և Տավուշի Բերդ համայնքներում: Ներկայումս ընթացքի մեջ են ևս մեկ անասնաբուժական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները Շիրակի Փանիկ համայնքում:

«Առաջնորդվելով հաջողությամբ իրականացվող CARMAC ծրագրի արդյունքներով, ինչպես նաև ծրագրի նկատմամբ գյուղական համայնքների շրջանակներում առկա մեծ պահանջարկով, ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին առաջին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների շարունակականությունն ապահովելու հայցով», – նշել է Գագիկ Խաչատրյանը:

2015 թվականի հունվարից գործողության մեջ է մտել CARMAC 2 հնգամյա ծրագիրը, որի հիմնական նպատակներն են շարունակել աջակցել ընտրված լեռնային և սահմանամերձ 100 համայնքների արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, աջակցել Հայաստանի համար կարևոր գյուղատնտեսական արտադրանքի արժեշղթաներում ընդգրկված տեղական արտադրողների և վերամշակողների կարողությունների հզորացմանը, և այլն:

Խոսելով երկրորդ ծրագրի ընթացքի մասին` Գագիկ Խաչատրյանը նշել է, որ նախատեսված 8 մարզի 100 համայնքի փոխարեն ծրագրում արդեն իսկ ընդգրկվել է 113 համայնք, և ելնելով ծրագրի ներկայիս ընթացքից, ակնկալվում է ընդգրկված համայնքների թվի աճ: Ծրագրի շրջանակում համայնքներին տրամադրվել է 229 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 58 անիվավոր տրակտոր:

Հանրապետության ֆերմերային տնտեսությունների շրջանում տեղական բարձրորակ սերմերի ու սածիլների պահանջարկը ապահովելու նպատակով նախատեսվում է վերանորոգել և վերազինել ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ապակեպատ ջերմատունն ու ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայի մասնաշենքը:

Անասնաբուժական սպասարկման կենտրոններ կառուցելու համար ընտրվել են Լոռու Մեծ Պարնի և Կոտայքի Հրազդան համայնքները, որտեղ աշխատանքները գտնվում են նախագծման և հողատարածքի նկատմամբ սեփականության փոխանցման ընթացքում:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախադրության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031