Լրահոս
Օրվա լրահոսը

Քո հնարավորությունները, մա՛րդ. Սահմաններ չճանաչող արիություն

Օգոստոս 16,2016 12:07

Մեր մոլորակի ամենախելացի մարդը` ահա այսպես են մեծարում ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգին. 24 տարեկանում պաշտպանել է դոկտորական թեզ, 32 տարեկանում դարձել է ակադեմիկոս: Արժանացել է գիտական ամենաբարձր կոչումների և բազմաթիվ պատվավոր պարգևների, մասնավորապես` Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակին:

Հոքինգի գիրքը` «ժամանակի հակիրճ պատմությունը», թարգմանվել է աշխարհի 40 լեզվով` 10 մլն. ընդհանուր տպաքանակով: Այս աշխատությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես հինգ տարի անընդմեջ ամենաշատ վաճառվող գիրք:

Սթիվեն Հոքինգը ճանապարհորդել է օդապարիկով, այցելել է տիեզերական կենտրոն` տիեզերագնացների համար նախատեսված մարզասարքով կատարել անկշռելիության փորձարկում: Մամուլում տեղեկատվություն հաղորդվեց, որ Սթիվենը պատրաստվում է տիեզերական ճանապարհորդության մեկնել` տիեզերագնացների խմբի հետ:

Աշխարհը Հոքինգին ճանաչում է որպես ականավոր գիտնականի, և անօրինակ խիզախ մարդու:

Հանրահայտ քաղաքագետ Սեմ Էրվինը նկատել է` «պարտությունը կարող է ծառայել հաղթանակի գործին. ցնցելով, սթափեցնելով հոգին, կարելի է փայլեցնել ողջ պայծառությամբ». Հոքինգի վերելքը սկսվեց պարտությունից:

Դեռ համալսարանում ուսանելու տարիներին բժիշկներն անսպասելիորեն արձանագրեցին սարսափելի ախտորոշում` Շարկո կամ ամիոտրոֆիկ կողմնային կարծրախտ`գլխուղեղի և ողնուղեղի շարժումները կարգավորող բջիջների քրոնիկական զարգացող հիվանդություն: Բժիշկները ծնողներին նախազգուշացրին, որ Սթիվենի վիճակն անհուսալի է, և նրան մնացել է ոչ ավելի, քան երկու տարվա կյանք: Բնական է, 21 տարեկան երիտասարդը խուճապի մատնվեց: Նա հրաժարվեց ուսումից, մեկուսացավ բարեկամներից, սկսեց ունկնդրել Վագների ողբերգական երաժշտությունը` իր մռայլ տրամադրությանը համապատասխան, նույնիսկ արդեն մտածում էր ինքնասպանության տարբերակների մասին: Եվ ահա նրա ճակատագրին միջամտեց սերը…

Աղջկա անունը Ջեյն Ուայլդ էր: 19-ամյա բանասեր ուսանողուհին սիրահարվել էր Սթիվենին: Իմանալով տղայի մահաբեր հիվանդության մասին, նա Հոքինգին ամուսնության առաջարկ արեց:

Հարսանիքը կայացավ 1965 թ.: Սթիվենը արարողությանը ներկայացավ ձեռնափայտին հենված: Մեկուկես տարի անց ծնվեց երիտասարդ զույգի որդին` այդ ժամանակ Հոքինգն արդեն քայլում էր հենակներով: Ամուսնության երրորդ տարում ծնվեց նրանց աղջիկը: Իսկ Սթիվենը տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով: Երբ Հոքինգների ընտանիքում ծնվեց երրորդ զավակը, Սթիվենը հիվանդացավ թոքերի բորբոքումով և բժիշկները ստիպված եղան հեռացնել շնչափողը: Այժմ նա կարող էր շնչել միայն կոկորդը մտցված հատուկ խողովակով: Պրոֆեսորը, դասախոսը լիովին զրկվեց խոսելու ունակությունից:

Հիվանդությունը խորանում էր. և ահա արդեն դժվարությամբ շնչող հաշմանդամ Հոքինգին սպառնում է ամենաիսկական դժբախտություն` ողջ մարմինը կաթվածահար է լինում: Այսուհետև նա կարող է շարժել միայն երկու մատը, և զրկվելով արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորությունից` առաջանում է շուրջօրյա խնամքի անհրաժեշտություն:

Բարեբախտաբար, ուսանողներն ու ասպիրանտներն իրենց ուսուցչին միայնակ չթողեցին ` մտերիմների հետ խնամում էին նրան: Այնուհետև Սթիվենին սկսեցին աջակցել հովանավորները` ի դեմս հարազատ համալսարանի և մի քանի բարեգործական ֆոնդերի: Կուտակված միջոցներով գնվեցին անհրաժեշտ էլեկտրոնային սարքեր: Սթիվենը հնարեց բարդ համակարգ, որի օգնությամբ կարողանում էր կարդալ, գրել, նույնիսկ` խոսել: Նրա բազկաթոռ-սայլակի արմնկակալին ներսարվեց միկրոհամակարգիչ` հատուկ ծրագրով, որի օգնությամբ զգայուն մեմբրանը արձանագրում էր մատների աննշան սեղմումներին և ազդանշանները հաղորդում համակարգչին: Այդ պահին էկրանին` Հոքինգի աչքերի առջև դանդաղորեն սահում էին հարյուրավոր բառերի սյունակաշարեր. նա պետք է հասցներ նշորդը /կուրսորը/ կանգնեցնել անհրաժեշտ բառերի վրա, դրանցից ձևավորել արտահայտություններ և ուղարկել ձայնային սինթեզատոր: Այսպես Սթիվեն Հոքինգը նորից վերականգնեց արտաբերելու ունակությունը:

Չնայած նրա «էլեկտրոնային» խոսքը սովորականից տասն անգամ դանդաղ էր, սակայն աշխարհի շատ առաջատար համալսարաններ Հոքինգին խնդրում էին պատիվ անել` դասախոսություններով հանդես գալ իրենց լսարաններում: Լինելով լիովին անշարժունակ, նա կարողացավ այցելել աշխարհի գրեթե բոլոր երկրները: Նրա դասախոսություններին ներկա էին լինում հսկայական թվով ունկնդիրներ` ակադեմիկոսից մինչև դիմորդ: Այսօր Սթիվենը Ավստրալիայում հանդես է գալիս գիտական սեմինարում, իսկ վաղը կթռչի Երուսաղեմ` համալսարանում դասախոսելու` «Աշխարհի ստեղծման պատմությունը» թեմայով:

Մի քանի տարի առաջ նրա աշխատող երկու մատներից միայն մեկը` աջ ձեռքի ցուցամատն էր գործում: Հոքինգը կարողանում էր ոչ միայն ուղղորդել բազկաթոռն ու համակարգիչն, այլև ստանալ և ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություններ, գրել գիտական աշխատություններ, կառավարել տան կենցաղային տեխնիկան: Եվ մի տխուր օր այդ մատն էլ հրաժարվեց ծառայել. Սթիվեն Հոքինգը լիովին կաթվածահար էր:

Բայց այդ դրությունից էլ ելք գտավ: Երբ նրա մատներն արդեն ի վիճակի չէին կառավարել համակարգիչը, Սթիվենը խնդրեց փոխել ծրագիրը: Ստեղծվեց եզակի սարք, որը ընդունակ է արձագանքել, պատկերացնո՞ւմ եք` դեմքի մկանների աննշմարելի շարժումներին. ինֆրակարմիր հաղորդիչը գրանցում է Հոքինգի ունքերի և այտերի մկանների հազիվ նշմարելի շարժումները և փոխանցում համակարգիչ:

Այս ամենը կարող է ֆանտաստիկ թվալ, բայց Սթիվեն Հոքինգը շարունակում է վարել ակտիվ գիտական, հասարակական ու ստեղծագործական կյանք: Ի սեր գիտության հանրաճանաչության, նա նկարահանվում է հեռուստատեսային սերիալներում: Դրանցից մեկում ներկայացնում էր ինքն իրեն` պրոֆեսոր Հոքինգին, որը հաղորդակցվում է մյուս հերոսների` անցյալի խոշորագույն ֆիզիկոսների հետ: Այս տարի Ռուսաստանում վարձակալությամբ ցուցադրվեց ամերիկյան կենսագրական կինոնկարը` «Սթիվեն Հոքինգի տիեզերքը»` նկարահանված նրա առաջին կնոջ` Ջեյնիի գրքի հիման վրա:

Մի քանի տարի առաջ Հոքինգը դասախոսություններով հանդես եկավ Ռուսաստանում` ունենալով հսկայական հաջողություն: Մեկնելուց առաջ գործընկերներին խնդրեց էքսկուրսիա կազմակերպել Էրմիտաժում. պարզվեց, Հոքինգը արվեստի մեծ գիտակ է:

Դժվարի՞ն էր այս մարդու կյանքը. անկասկած: Հարկ էր լինում յուրաքանչյուր պահ հաղթահարել փորձություններ, որոնք առողջ մարդն անգամ երևակայել չի կարող: Նրա զգայարաններից հստակ գործում էին միայն տեսողությունն ու լսողությունը: Բայց ապրելու կամքն ու մտավոր հնարավորությունները անսահման էին:

«Երբ տեսնում ես բազկաթոռում կուչ եկած այս փոքրիկ կերպարանքը` ծնկներին դրված անշարժ ձեռքերով,- նկատում է Հոքինգի կենսագիրներից մեկը,- դժվարանում ես հավատալ, որ այս մարդն է գրել հարյուրավոր հոդվածներ, որոնցում մեծագույն ծառայություններ է մատուցել ժամանակակից ֆիզիկայի զարգացմանը. նրա անունով են կոչվում ոչ քիչ թվով ժամանակակից հայտնի թեորեմներ: Դեռևս դժվար է ըմբռնել փաստ դարձած հրաշքը. ճակատագրով դաժանորեն ճնշված մարդը չներփակվեց ինքն իր մեջ, չխելագարվեց, չատեց ողջ աշխարհը, հակառակը` ճառագեց լավատեսությամբ: Սթիվեն Հոքինգը իրեն անվանում է մոլորակի ամենաերջանիկ մարդկանցից մեկը»:

Հին առածը բարբառում է` «Կյանքում կարևոր է ոչ միայն ձեռքում ունենալ լավ խաղաքարտեր, այլև կարողանալ խաղալ նաև վատերով»: Բոլոր ամենանշանակալի մարտերը մեր ներսում են ընթանում. չհանձնվելու, խաղը չավարտված` խաղաքարտերը չնետելու համար հարկ է արիություն, ապրելու և ստեղծագործելու ծարավ: Դրանք առավել կարևոր են մյուս բոլոր պայմաններից` և հաղթանակների բաղադրիչներից` կարողականությունից, փորձից, հանգամանքներից…

Վերհիշենք փիլիսոփա Սանտայանիի իմաստուն խոսքը` «Դժվարինը` դա այն է, որ կարելի է իրականացնել անմիջապես. իսկ անհնարինն այն է, որի համար պահանջվում է մի քիչ ավելի շատ ժամանակ». այսինքն` Սթիվեն Հոքինգի ողջ կյանքը անհնարինի իրականացումն է:

Տատյանա Աբրամովա Будь здоров 2015, N 8.

Թարգմանեց Անահիտ Ծատուրյանը

Երևանի թիվ 14 հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031