Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը՝ ծռերին «սատկացնելու» մասին. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 16,2016 11:48

Վերջին օրերին համացանցում բուռն քննարկվում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի պահվածքը, կայքերից մեկը, հղում անելով ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի՝ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցի մասնակիցներին՝ գրել է, թե դեսպանը սպառնացել է եւ կոչ արել դադարեցնել ակցիաները։

«Նա ասաց. «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին։ Սա է մեր դեսպանի իրական դեմքը։ Նման մտածողության տեր մարդիկ իրավունք չունեն ներկայացնելու մեր պետությունն ու ազգը»,- ըստ «asparez»-ի՝ ասել է ցույցի մասնակիցներից Ալիսա Մովսեսյանը։

Այս կապակցությամբ երեկ մեկնաբանություն խնդրեցինք Նիդեռլանդներում ՀՀ դեսպանից։ Ձյունիկ Աղաջանյանն առաջարկեց հարցերն ուղղել գրավոր։

– Տիկին դեսպան, ըստ «asparez» պարբերականի՝ Ձեզ դուր չեն եկել հոլանդահայերի խաղաղ հավաքները՝ կապված Հայաստանում հուլիսի 29-ից հետո տեղի ունեցած դեպքերի հետ։ Տարբեր քաղաքացիներ ասել են, որ Դուք սպառնալիքներ եք հնչեցրել ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել եւ հրահանգել եք դադարեցնել ցույցերը։ Արդյոք այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը եւ եթե այո, ապա ո՞րն է Ձեր նման դիրքորոշման պատճառը։

– Ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրված է եւ մեծամասամբ՝ իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։ Բավարար է միայն նշել, որ խնդրո առարկա ցույցը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 31-ին, երբ ՀՀ դեսպանությունը փակ էր։

Ցույցն արտոնված չի եղել, հետեւաբար դեսպանությունը Նիդեռլանդների ոստիկանության կողմից չէր կարող տեղեկացված լինել դրա անցկացման մասին։ Ավելին, ես այդ օրը, լինելով արձակուրդում, գտնվել եմ երկրից դուրս, հետեւաբար չէի կարող որեւէ մեկին կանչել եւ ինչ-որ բան հորդորել, առավել եւս՝ հրահանգել։

Ինչ վերաբերում է սպառնանքներին կամ ինձ վերագրվող այլ խոսքերին, ապա նման վարվելակերպը կամ խոսելաոճն ինձ բնորոշ չեն։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը անպրոֆեսիոնալ, պասիվ ու անարդյունավետ «դիվանագետ» է: Այս կինը անիմաստ աշխատավարձ է ստանում Հայաստանի պետ.բյուջեից, ինչպես Սերժիկի կողմից նշանակված մյուս «դեսպանները»:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031