Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք իրավունք չունի ժողովրդին մղել խելացնորության. «Հրապարակ»  

Օգոստոս 16,2016 11:11

Բոլորը խոսում են մենաշնորհներից, կոռուպցիայից, բայց չէ՞ որ տնտեսական վիճակի բարելավման միջոցներից մեկն էլ արտաքին ներդրումների ներգրավումն է։ Իսկ մենք փնթփնթան հանրություն ենք։

Եվ արդեն իսկ խոսում ենք, որ Երեւանի «կենտրոնը պարսիկները սեփականացրել են»։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ թուրքական կապիտալը մտնի Հայաստան, միայն պատկերացնել կարելի է։ Մինչդեռ նույն վրացիները խնդրելով խնդրում են, որ ադրբեջանական Socar-ը նոր բենզալցակայաններ բացի։ Որովհետեւ ադրբեջանական բենզինն էժան է։ Իսկ մենք գերադասում ենք Բագրատաշենի անցակետը հատել՝ Վրաստանում մեքենա լցարկել, վերադառնալ, ասենք, Իջեւան, բայց մեր սուրբ հողի վրա օտար տնտեսվարողի ներկայություն չհանդուրժել…

Մենք ոչ ոքի ոչինչ չենք տալիս։ Մի առասպելական պատմություն, որ 5-րդ դարում Մաշտոցը նաեւ վրացիների համար է այբուբեն ստեղծել, ինչի իսկությունը խիստ կասկածելի է, մենք դրոշ ենք դարձնում եւ շարունակում հուսալ, թե Վրաստանը միայն դրա համար պետք է հավերժ մեզ երախտապարտ լինի։

Տնտեսական պատժամիջոցների տակ ճկռած՝ Մեղրիի նեղլիկ ճանապարհով մեզ հետ տարեկան մի երկու հարյուր միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն իրականացնող Իրանը մենք շփոթում ենք Արեւմուտքի հետ հարցեր կարգավորող երկրի հետ։ Եվ «հեկտարներով» գրում Իրան-Հայաստան երկաթուղու մասին այն դեպքում, երբ հարեւանները վաղուց հասկացրել են, որ դեմ չեն, միայն հարկավոր գումարն ինքներս պիտի ներդնենք։ Գոնե մեր մասը կառուցելու համար։ «Հանձնել չի կարելի պահել» կացությունը բոլոր առումներով աշխատում է մեր դեմ։

Ամենագլխավորը, այդպես ներքին կոնֆլիկտայնությունն է մշտակա։ Եվ երբեմն հասնում է (ում որ պետք է՝ նրբորեն հասցնում է) չափազանց վտանգավոր սրացումների։

Իսկ մենք հպարտանում ենք, որ կարողանում ենք, պատկերացնո՞ւմ եք՝ այդքան քաջություն դեռ ունենք, Երեւանի մի արվարձանում զինված «ապստամբություն» բարձրացնել։ Իսկ երբ ամեն ինչ ձախողվում է, անունը դնում ենք «ապագաղութացման շարժում», եւ հոգեգարության հերթական գալարումների մեջ ինչ-որ մեկը հիմա էլ Ռուսաստանի վրա է մատ թափ տալիս, թե՝ «հեռացրու քո զորքը հայ-թուրքական սահմանից, ինքներս կպահենք»։ Եվ միաժամանակ դնում Ադրբեջանի հետ հարցերը հաղթական պատերազմով կարգավորելու առաջնահերթություն։

Բանաստեղծը կարող էր ասել. Անառագաստ ու անղեկ, կայմը կոտրած նավի պես՝ Ինձ բաց թողեք, ես գնամ,- որովհետեւ խոսքն իր մասին է։ Ժողովուրդն իրավունք չունի իրեն անառագաստ ու անղեկ, կայմը կոտրած նավի պես մատնել իրադարձությունների կատաղի ընթացքին։ Ոչ ոք իրավունք չունի ժողովրդին մղել խելացնորության:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Մի առասպելական պատմություն, որ 5-րդ դարում Մաշտոցը նաեւ վրացիների համար է այբուբեն ստեղծել, ինչի իսկությունը խիստ կասկածելի է, մենք դրոշ ենք դարձնում եւ շարունակում հուսալ, թե Վրաստանը միայն դրա համար պետք է հավերժ մեզ երախտապարտ լինի։ ==
    Հարգելի հոդվածագիր, ի՞նչ իմաստ ունի դատողություններ կառուցել մի նյութի վրա, որից ընդհանրապես տեղյակ չեք:
    Վրացական գիրն ունեցել է զարգացման 3 փուլ: Առաջին փուլում դրանք կոչվել են ՛՛Արմեններ՛՛, այնուհետև տառերը շրջվել են և վերջապես ստացել իրենց ժամանակակից՝ կորաձև տեսքը: Այս մասին մեր տուրիստական խմբին ասաց վրացուհի գիդը, մեր այն հարցին, թե ինչու են հին եկեղեցու պատերին գրված անհասկանալի բառերը հայերեն տառերով գրված: Հետագայում այդպիսի գրառումներ տեսանք նաև այլ շինությունների և գերեզմանաքարերի վրա:
    Նկատել եմ նաև, որ այս հեղինակն իր հոդվածները կառուցում է պալատական սազանդարին բնորոշ՝ ՛՛Հառա՜ջ, դեպի կզարա՜ն՛՛ ալգորիթմով:

    • Մարգար Մախսուդյան says:

      Հ.Գ.
      Հարգելի ՛՛Առավոտ՛՛, փորձեցի մի ՛՛համապատասխան՛՛ մեկնաբանություն էլ ՛՛Հրապարակ՛՛-ում գրառել, սակայն պարզվեց, որ նրանց էլեկտրոնային էջում նման հոդված չկա տեղադրված, որից էլ ենթադրեցի, որ տեքստը հավաքել եք այդ թերթի տպագիր տարբերակից, և քանի որ այս երևույթն առնվազն մեկ նախադեպ ունի, օրինաչափությունը պարզելու նկատառումով կուզենայի ճշտել, արդյո՞ք ենթադրությունս ճիշտ է:
      Նախապես շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031