Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեւանը Մոսկվային բաց տեքստով ասաց՝ «ո՛չ»

Օգոստոս 16,2016 22:00

Իսկ ինչի՞ն է «այո» ասում Երեւանը

Օգոստոսի 10-ի Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման «խմորը» դեռ շատ ջուր է քաշելու: Տարածաշրջանում նոր «խաղ» են ուզում սկսել Անկարան եւ Մոսկվան՝ ներքաշելով Բաքվին եւ փորձելով ներքաշել Իրանին:

Անցյալ տարվա նոյեմբերից իրար հասցեին լուտանքներն ու անեծքները դեռ չեն «չորացել», բայց կողմերը խոսում են հարաբերությունները «մինչճգնաժամային» մակարդակի վերադարձնելու մասին: Արդյո՞ք ճոճանակն արագորեն հետ չի վերադառնա: Եթե Բաքվի համաձայնությունն ու ակնկալիքները միանգամայն հասկանալի են, ապա Թեհրանը ոչ մի հիմք չունի թույլ տալու, որ իրեն որպես օբյեկտ իրենց խաղերում օգտագործեն Անկարան եւ Մոսկվան:

Ո՞վ եւ ի՞նչ է մեծ հաշվով փորձում «տանել» այս խաղից: Եթե երկու խոսքով՝ ապա Մոսկվան եւ Անկարան փոխադարձ գրկախառնությունները հասցեագրում են առաջին հերթին Արեւմուտքին՝ փորձելով ցուցադրել, որ եթե իրենց քմահաճույքները չիրականանան, ապա «այլընտրանքը» գտնված է: Թուրքիան բացահայտորեն մեղադրում է ԵՄ-ին, ԱՄՆ-ին, որ «չեն սատարում» Թուրքիային, իսկ ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայում հիմնական բազա հանդիսացող «Ինջիրլիքի» հրամանատարությանը՝ հեղաշրջման կազմակերպման մեջ մասնակցություն ունենալու համար: Ռուսաստանում Թուրքիայի դեսպանն էլ բաց տեքստով ասում է, որ «ՆԱՏՕ-ն չէ, որ պետք է ասի, թե մենք ում հետ հանդիպենք եւ համագործակցենք», մինչդեռ ՆԱՏՕ-ն որեւէ կերպ չի էլ անդրադարձել Էրդողանի ռուսաստանյան այցին:

Մոսկվան, իր հերթին, խրախուսելով Թուրքիային դառնալ Արեւմուտքի «գլխացավանքը»՝ փորձում եւ փորձելու է առնվազն քարոզչական միավորներ հավաքել Արեւմուտքի հետ իր ապագա քաղաքական առեւտրի համար:

Օբյեկտիվորեն այս բոլոր խաղերը բախվում են, ի շարս այլոց, նաեւ հայկական շահերին եւ առաջին հերթին՝ ԼՂ հիմնախնդրի համատեքստում: Ի՞նչ է ուզում մեզանից Ռուսաստանը: Կարգավորո՞ւմ: Դե իհարկե՝ ո՛չ: Ինչո՞ւ պետք է Մոսկվան ցանկանա կարգավորել իր «սիրելի» հակամարտությունը: Մոսկվային անհրաժեշտ է չկարգավորված հակամարտության գոտում հայկական շահերի հաշվին մեծացնել սեփական ներկայությունը, այդ թվում՝ իր ռազմական կոմպոնենտով: Այդտեղից էլ ծագել է, այսպես կոչված, «հինգ շրջանի» խնդիրը, որի մասին Կրեմլը բաց տեքստով չի ասում, բայց «Լավրովի պլանի» մասին է խոսում տխրահռչակ Դուգինը, նրան ձայնակցում է Անդրանիկ Միհրանյանը՝ գովաբանելով ապագայում ԼՂՀ ինչ-որ «միջանկյալ կարգավիճակը», եւ այս ամենն ավելի համոզիչ դարձնելու համար «բեք-վոկալով» հանդես են գալիս Էրդողանը եւ Չավուշօղլուն:

«Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի շրջակա հինգ շրջաններից»,- ասում է Էրդողանը՝ հավելելով, որ «Պուտինն արդեն զբաղվում է դրանով»:
Մոսկվան չի հերքում Անկարային: Ի՞նչը հերքի, Ռուսաստանն ու Թուրքիան ջանք ու եռանդ չե՛ն խնայել եւ չե՛ն էլ խնայի, որպեսզի Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում ընդունված որեւէ որոշում իրականություն չդառնա: Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինն ասում է հետեւյալը. «Պետք է գտնել այնպիսի մոտեցումներ, այնպիսի ուրվագծեր, որոնց դեպքում, ինչպես ես արդեն ասել եմ, ոչ ոք իրենց չի զգա հաղթող կամ պարտվող, այլ որպեսզի դա լինի այնպիսի լուծում, որը մշակված կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից, ընդունված կլինի երկու երկրների հասարակությունների կողմից. դա ամենակարեւորն է: Իսկ Ռուսաստանը, ինչպես եւ Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կարող է հանդես գալ որպես երաշխավոր՝ ընդունելով, եթե հարկ լինի, Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւեր…»:

Իհարկե, շատ դժվար է Վլադիմիր Պուտինին կասկածել ռուսաց լեզվի վատ իմացության կամ «համանախագահ» բառի արտաբերման դժվարություն ունենալու մեջ: Ո՞ւմ նկատի ունի Պուտինը՝ մատնացույց անելով «Մինսկի խմբի անդամ որոշ այլ երկրների»: Այլ հասցե, քան Թուրքիան, այս ամենում դժվար է տեսնել:

Պաշտոնական Երեւանը ժամեր անց հայտարարեց այն, ինչ մշտապես հայտարարել է Անկարայի գերակտիվության շրջաններում. Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Իսկ Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց հետեւյալը. «Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Ապա հավելեց. «Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է»:

Այսինքն՝ Երեւանի եւ Մոսկվայի տարաձայնությունները, դիվանագիտական «գոհունակություններով» եւ «շնորհակալություններով» հանդերձ՝ այնուամենայնիվ, ստանում են հրապարակային բնույթ: Պաշտոնական Երեւանը «ո՛չ» է ասում Մոսկվայի անպարկեշտ առաջարկություններին:

Սակայն ինչի՞ն է մեծ հաշվով «այո» ասում Երեւանը: Խիստ դժվար կլինի, մնալով պուտինյան ԵՏՄ-ՀԱՊԿ-«Գազպրոմ»-«Ռոսնեֆտի» մամլիչի տակ եւ դրան «ո՛չ» չասելով, շարունակել կատարել Հայաստանի «ինտեգրացիոն պարտավորությունները», բայց հակամարտության գործընթացում շարունակել հակառակվել Մոսկվային: Երեւանյան «ո՛չ»-ը պետք է ամրապնդվի «այո»-ով բոլոր հարցերում, ինչը վերաբերում է Իրանի հետ համագործակցությանը: Ինչպես նաեւ՝ Հայաստանը օր առաջ պետք է սկսի դիվերսիֆիկացնել իր անվտանգության, ներքին, տնտեսական եւ պաշտպանական քաղաքականությունը՝ ազատվելով այդ «դարավոր բարեկամության» կապանքներից: Առանց այս ամենին «այո» ասելու եւ անելու՝ այդ «ոչ»-ը երկար չի ձգելու… Վկան՝ «սեպտեմբերի 3-ի» պատմությունը…

Իսկ ընդհանրապես՝ ասված է. «Եվ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել։ Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է» (Ավետարան ըստ Մատթեոսի, 5:37)։

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

16.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ (ինքնուս վերլուծաբան) says:

    Սերժը գործում է ինտուիցիայով եւ բնատուր խորամանկությամբ: Պետք է ընդունել, որ բավականին բարդ խաղ է տեղի ունենում: Օրինակ` – զենքի մատակարարումը հակառակորդին եւ մերժումը դաշնակից ՀՀ-ին: Առաջին հայացքից ցնցող է եւ ոչ մի շրջանակի մեջ չի մտնում բացարձակապես: Բայց, պտին-ն էլ տկար չէ: Նախ, ա) սրանց փողերն են քամում, բ) իրենք ամուր կախման մեջ են ընկնում Ռ-ից եւ դառնում կառավարելի: ՀՀ-ին զենք տալը իրականում ժամերի գործ է՝ մի քանի ռեյս ,,ռուսլանով,, եւ պատկերը միանգամից կփոխվի: Բայց, ժամանակը չէ: Ժամանակը կգա, երբ դրանք լիովին կհագենան, կամ փողը կպրծնի, կամ գլխի կնկնեն, որ մահաբեր երկաթ կուտակելով հարց չի լուծվի: Վերջապես, ինչու՞ չմտածել որ Իրին ու ռուսը դրանց գլխին օյին չեն սարքում: Պետք չէ մոռանալ ամենակարեւորը՝ ՇԱՏ ՀԱՄԵՂ ՊԱՏԱՌ Է, եւ ԱՉՔԻ ՓՈՒՇ է երկուսի համար էլ: Իսկ ՀՀ-ն այստեղ միայն հարմար գործիք է: Երբ պետք լինում՝ ծեծում են ու ասում – ,,բարձր բղավիր,,: Իրականում մենք բախտավոր ենք նրանով, որ նավթ ու գազ չունենք, եւ արժեքավոր ենք՝ քանի որ ղարաբաղի պրոբլեմ ունենք, նաեւ նրանով, որ ,,ինքնուրույն,, գործող զին. ուժ ունենենք (ղարաբաղի:) Ուստի եւ մեր հիմնական անելիքը պիտի չափազանց պարզ լինի՝ ԶՈՐԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԸ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031