Ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի, ՌԴ եւ Ադրբեջանի կապերի սերտացման տպավորությունը ադրբեջանական մամուլի ստեղծած սիրուն քարոզչական պատկեր է: Այս օրերին ռուս ու ադրբեջանցի պաշտոնյաները պաշտոնական այցերի փոխանակում են անում:
Հիշեցնենք, որ օգոստոսի ութին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր Բաքու մեկնել: Ինչին հաջորդեց, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Զաքիր Հասանովի մոսկովյան այցը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով: Քննարկման օրակարգում ռազմական համագործակցությանն առնչվող հարցերն են:
«Ռազմական համագործակցությունը նախորդ տարիներ համեմատ այս տարի շատ ավելի համեստ է, այն ժամանակ, երբ զրահատեխնիկա, սմերչեր էին բերում, շատ ավելի լուրջ իրավիճակի հետ գործ ունեինք
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի այցը Մոսկվա ադրբեջանական մամուլը այնպես է ներկայացրել, կարծես հատուկ ինքն է մեկնել , բայց իրականում Մոսկվա են մեկնել ԱՊՀ երկրների ՊՆ նախարարները՝ բանակային միջազգային խաղերի փակման արարողությանը ներկա գտնվելու: Զաքիր Հասանովի հետ Սեյրան Օհանյանն էլ էր Մոսկվայում: Ինչ վերաբերում է Շոյգուի այցին Բաքու, Շոյգուն վաղը մասնակցելու է ՀԱՊԿ երկրների ՊՆ նախարարների խորհրդին Երեւանում, դա տարածաշրջանային այց էր, բայց ադրբեջանական մամուլի կողմից կրկին ներկայացվում է յուրահատուկ այց իրենց երկիր: Այնպես են ամեն ինչ ներկայացնում, որ Ադրբեջանը հայտնվի աշխարհի կենտրոնում»,- Aravot.am-ին ասաց Կարեն Վրթանեսյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ՌԴ-ն կարծես միայնակ ստանձնել է ԼՂՀ խնդրի միջնորդի դերը և կողմերին լուծման «լավրովյան» մեխանիզմ է առաջարկում՝ պարոն Վրթանեսյանը շարունակեց. «Ես Լավրովի փաստաթուղթ չեմ տեսել, համոզված չեմ, որ այդ փաստաթղթով են աշխատում, այստեղ այլ հարց կա՝ կիկոսյան տրամադրություններ են նկատվում, ավելի շատ քաղաքական շահարկումների խնդիր է, քան իրական փոփոխությունների: Մի քանի ժամ առաջ եմ Ղարաբաղից վերադարձել, առաջին գծում աշխատանքը եռում է, շատ ակտիվ ամրացվում է ամեն ինչ, նորագույն սարքավորումներով կահավորվում, այդ ֆոնի վրա խոսակցությունները, որ պայմանավորվածություններ կան տարածքները հանձնելու վերաբերյալ, իրականության հետ չեն բռնում…
Լուրջ փոփոխությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է»:
Արփինե ՍԻՄՈնՅԱՆ