Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանը պրո-հայկականից պրո-ադրբեջանական

Օգոստոս 15,2016 17:00

Օգոստոսի 8-ին բաքվում կայացած Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը աննախադեպ ուշադրության առարկա էր դարձել:

Ուշագրավ է, որ նմանօրինակ եռակողմ տարածաշրջանային հանդիպում Իրանի մասնակցությամբ առաջին անգամ էր կազմակերպվում: Նախկինում Իրանը որևէ հարավկովկասյան հանրապետության և ՌԴ-ի մասնակցությամբ եռակողմանի քննարկման չի մասնակցել: Թեև որպես այս հանդիպման կազմակերպման նախաձեռնող է ներկայացվում Բաքուն, հարց է ծագում՝ ի՞նչու Իրանը առաջին տարածաշրջանային քննարկման համար ասպարեզ ընտրեց հենց Ադրբեջանի մայրաքաղաքը: Թեև Իրանը Անդրկովկասյան երեք հանրապետություններից ոչ մեկի հետ վառ արտահայտված հակասություններ չունի, այդուհանդերձ Ադրբեջանի հետ նրա հարաբերությունները տասնամյակներ շարունակ որոշակի լարվածություն ունեցել են: Թեհրանի հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի հետ, ընդհակառակը, հետխորհրդային շրջանում միշտ զգալիորեն ավելի ջերմ են եղել:

Ավելին՝ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ Թեհրանի հարաբերությունները նախկինում ջերմ էին ՝ առնվազն այնքանով, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ժամանակաշրջանում Հայաստանին մեղադրում էին Իրանի հետ անօրինական բանկային գործարքներ կատարելու փորձի մեջ: Մեղադրանքներն էլ միջազգային հանրության առջև բարձրաձայնողն էլ Ադրբեջանն էր: Այդուհանդերձ, Իրանը որպես տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի գործընկեր ընտրեց Ադրբեջանին:

Այս ընտրությունը պայմանավորված է երեք հիմնական պատճառով.

1) Հայաստանի դիվանագիտական օղակների դանդաղկոտությունը: Քանի դեռ Ադրբեջանի դիվանագետները բազմաթիվ հանդիպումներ են անց կացնում Իրանի կառավարության հետ և կնքում համաձայնագրեր, ՀՀ արտգործնախարարությունը հազիվ հասցնում է հուշագրեր կնքել: Ավելին՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո ցանկացած տնտեսական պայմանագիր Հայաստանի և Իրանի միջև պետք է Մոսկվայի կողմից էլ հավանության արժանանա, ինչն իր հերթին կապում է Հայաստանի ձեռքերը:

2) Չնայած նրան, որ դժվար է Իրանի հանդեպ պատժամիջոցների հանումից հետո ԻԻՀ-ՀՀ հարաբերությունների ընթացքը կտրուկ աճ անվանել, մի հարցում Հայաստանը կարողացել է այդուհանդերձ նախաձեռնող լինել, այն է՝ Իրանի և Եվրասիական Տնտեսական Միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը: Թեև նախաձեռնությունը Հայաստանինն էր, սակայն փաստացի Ադրբեջանը կստանա դրա իրագործման հիմնական օգուտը, քանի որ բեռնափոխադրումները Իրանի և ԵԱՏՄ-ի միջև այսուհետ տեղի կունենան Ադրբեջանի տարածքով: Սա միայն Իրանի և Ադրբեջանի նախապատվություններով չի պայմանավորված: Նմանօրինակ փոփոխությունը անհնար կլիներ առանց Մոսկվայի համապատասխան նախապատվությունների առկայության: Բաքվի եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ հստակորեն ցույց տվեց Ռուսաստանի համար Ադրբեջանի կարևորությունը: Ադրբեջանին ԵԱՏՄ-ին կապելու համար փաստորեն Մոսկվան տալիս է նրան կարկանդակներ՝ տնտեսական նոր շահերի տեսքով, մինչդեռ Հայաստանի արդեն իսկ քայքայված տնտեսությանը բաժին են հասնում միայն մտրակներ:

3) Կարևոր է նաև այն, որ Բաքվի եռակողմ հանդիպումը փաստացի ևս մեկ անգամ ամրագրեց Հայաստանի հանդեպ Իրանի վերաբերմունքի որոշակի փոփոխությունը: Նախ և առաջ փոխվել է Իրանի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտությանը: Եթե նախկինում Իրանը հնարավորինս չեզոք դիրք էր գրավում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա այդ չեզոքությունը կարծես գնալով ավելի և ավելի է չքանում: Մասնավորապես Իրանը սկսել է պարբերաբար շեշտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս անգամ ևս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, թեև աղոտ, սակայն հղում կատարել է տարածքային ամբողջականության սկզբունքին և խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը: ԻԻՀ նախագահը նաև Ալիև-Պուտին-Ռոհանի հանդիպման ընթացքում հայտնել է իր երկրի պատրաստակամությունը մասնակցել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ուստի զարմանալի չէ, որ իրանցի վերլուծաբաններից ոմանք անցած օրերին ակտիվորեն պնդում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգայինից՝ տարածաշրջանային հարթակ տեղափոխելու անհրաժեշտության մասին: Այսպես, օրինակ, ԻԻՀ-ՌԴ հարաբերությունների և Եվրասիական տարածաշրջանի զարգացումների ուսումնասիրությամբ զբաղվող Ջահանգիր Քյարիմին համարում է, որ պետք է տարածաշրջանային հարցերը կարգավորեն Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Ավելին՝ ըստ նրա՝ Բաքվում Մոսկվան առաջին անգամ ցույց տվեց իր այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը:

Փաստորեն, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների կտրուկ աճի և Բաքվում կայացած Ալիև-Պուտին-Ռոհանի քննարկումները միանշանակ վկայում են ՀՀ տարածաշրջանային քաղաքականության ևս մի ձախողման մասին, քանի որ տարածաշրջանի միակ իսկապես չեզոք երկիրը բռնել է ապաչեզոքացման ուղին:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031