«Դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե տնտեսական եւ քաղաքական հարաբերություններում շատ առաջ գնալու հեռանկարներ կան»,- օգոստոսի 15-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նա համարում է, որ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ռուսաստանի համար ձեռնտու է լավ հարաբերություններ ունենալ. «Ռուսաստանը ցանկանում է վերջնականապես Թուրքիան կտրել Արեւմուտքից, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ից: Թուրքիան հնարավորինս ցանկանում է օգտագործել ռուսական գործոնը, որպեսզի Արեւմուտքի հետ իր հաշիվները կարգավորի: Սա կոչվում է փոխշահավետ համագործակցություն: Բայց անմիջապես հարց է ծագում՝ Ռուսաստանը եւ Թուրքիան կլինե՞ն գոնե ռազմական գործընկերներ, չեմ ասում դաշնակիցներ: Ես կարծում եմ, որ դա անհնար է»:
Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ լավացնում է իր հարաբերությունները՝ Պետրոս Մեծի ծրագրերի վերջին կետը իրագործելու համար, այն է օգտագործել Դարդանելը եւ Բոսֆորը՝ դուրս գալու համար Հնդկական օվկիանոս: Ըստ նրա, եթե վաղը կարգավորվեն Թուրքիայի հարաբերությունները համաշխարհային մասշտաբով, նա կվազի դեպի ՆԱՏՕ. Թուրքիան երբեք չի կարող կտրվել ո՛չ Արեւմուտքից, ո՛չ ՆԱՏՕ-ից:
«Պուտինը շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում, դա բյուզանդական դիվանագիտություն է հիշեցնում՝ մոտեցնում է իր հակառակորդին: Դա դիվանագիտության մեջ կոչվում է հակառակորդին խեղդել իր գրկի մեջ: Ես չեմ ասում, որ Պուտինը ցանկանում է անպայման Էրդողանին խեղդել, բայց այդ միտումը ես տեսնում եմ, եւ հավասարակշռվել՝ մի կողմից Իրանի հետ, մյուս կողմից Թուրքիայի հետ: Դա շատ ճկուն դիվանագիտություն է, թե որքան դա կհաջողվի եւ ինչի դա կբերի, ես դժվարանում եմ ասել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ