«Այս ամառը գերակտիվ եղավ՝ քաղաքական գործունեությունների առումով ե՛ւ համաշխարհային, ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ առանձին խաղացողների համար: Նման բան, համենայն դեպս իմ հիշողության մեջ չեմ կարողանում գտնել»,- օգոստոսի 15-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նա համարում է, որ խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք ընթանում են, եւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ պայքարը՝ բազմաբեւեռ աշխարհի ստեղծման համար, այսօր մտել է շատ կարեւոր փուլ եւ ընդգրկում է տարածաշրջանը. «Ռուսաստանը, փաստորեն, բոլոր կողմերից շրջափակված է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ ընկնելու համար: Սա, բնականաբար, Ռուսաստանին շատ է անհանգստացնում:
Եվ այդ կապակցությամբ նա բոլոր վեկտորներով փորձում է աշխուժացնել իր դիվանագիտական գործունեությունը, մասնավորապես՝ նկատի ունենալով սիրիական դեպքերը, որտեղ փաստորեն ընթանում է պատերազմ, թե Ռուսաստանը ինչպիսի վիճակում է գտնվում այնտեղ եւ ինչ հարաբերություններ ունի այլ խաղացողների հետ, սա բոլորովին այլ հարց է: Ուկրաինայում գրեթե պատերազմական վիճակ է, Միջին Ասիայում նույնպես շատ տուրբուլենտ վիճակ է նկատվում, ես նկատի ունեմ իսլամական շարժումները, եւ վերջապես այստեղ՝ Կովկասը»:
Արման Նավասարդյանի խոսքերով՝ Կովկասը Ռուսաստանի համար շատ կարեւոր տեղ է, եւ նա փորձում է հեռացնել ՆԱՏՕ-ի ներթափանցման վտանգը, ամրապնդել իր դիրքերը, եւ այդ կապակցությամբ երկու հիմնական ուղղություններով սկսել է աշխատել՝ իրանական-ադրբեջանական եւ թուրքական ուղղություններով:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ