Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Երզնկյան. «Թարիվերդիեւի երաժշտությունը մարդու սրտի մեջ է մտնում»

Օգոստոս 15,2016 15:07

Օգոստոսի 15-ին լրացավ հայազգի ճանաչված կոմպոզիտոր, ավելի քանի 130 ֆիլմերի («Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Եղջերու Արքան», «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» եւ այլն) երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 85-ամյակը:

Aravot.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը խոսելով Թարիվերդիեւի արվեստի մասին, ասաց. «Թարիվերդիեւը Մոսկվայում ապրող մեր հանրահայտ կոմպոզիտորներից մեկն է: Մենք ունենք նաեւ Մոսկվայում ապրած Առնո Բաբաջանյան, Ջոն Տեր-Թադեւոսյան եւ այլք, որոնք երաժշտություն են գրել ֆիլմերի համար, նրանցից մեկն էլ Թարիվերդիեւն է, որն իր արվեստով շատ տարբերվում է բոլորից: Առնո Բաբաջանյանն ահավոր պոպուլյար էր, սակայն, ըստ իս, Միքայել Թարիվերդիեւի ֆիլմերի երաժշտությունը այնքա՜ն բարձր ինտելեկտով եւ հուզականությամբ էր օժտված, որ տարբերվում էր մյուսների ֆիլմերի երաժշտություններից, դրա համար էլ մինչեւ այսօր, երբ մարդիկ լսում են, փշաքաղվում են: Օրերս Թարիվերդիեւին նվիրված հաղորդում էի նայում հեռուստատեսությամբ, համերգը նկարահանված էր մի քանի տարի առաջ, բայց կրկին հաճույքով նայեցի: Ուզում եմ մի բան էլ հավելել՝ Թարիվերդիեւը շա՜տ բարձր մակարդակի մարդ էր եւ երաժիշտ, շա՜տ բծախնդիր իր մոտեցմամբ՝ եւ ֆիլմերին, եւ երաժշտությանը, դրա համար ինքս էլ գնահատում եմ Թարիվերդիեւի արվեստը՝ անձամբ չլինելով նրա հետ ծանոթ»:

tariverdiev2

Երվանդ Երզնկյանը նշեց, որ իր ղեկավարած նվագախումբը կատարել է Թարիվերդիեւի երկացանկից որոշ ստեղծագործություններ, սակայն նրա ֆիլմերի երաժշտությունը ձայնագրվել է Մոսկվայում՝ տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ::

Մի առիթով Թարիվերդիեւն ասել է, որ ինքն այնպիսի երաժշտություն է գրել, որը կլսեն նաեւ 200 տարի հետո: Երվանդ Երզնկյանից հարցրինք՝ ո՞րն է կոմպոզիտորի ստեղծագործությունների «չխունանալու» գաղտնիքը:

«Հասկացություն կա՝ լավ երաժշտություն եւ վատ երաժշտություն: Երբ երաժշտությունը լավն է, ուզում է 100 տարի էլ անցնի, միեւնույն է՝ ժողովուրդը սիրելու է, իսկ այն մեղեդայնությունը, որ Թարիվերդիեւի երաժշտության մեջ կա, միանգամից մարդու սրտի մեջ է մտնում, դա՛ է ամենակարեւորը: Այսօր ասում են՝ հին երաժշտություն, չգիտեմ ինչ….Իրականում հին երաժշտություն գոյություն չունի, կա լավ կամ վատ երաժշտություն: Չե՞ք նկատում, որ միեւնույն է՝ այսօր ամենապոպուլյարը հենց Թարիվերդիեւի, Բաբաջանյանի եւ մյուս հայ կոմպոզիտորների երգերն են, որոնք այսօր կատարվում են: Դա նրանից է կախված, որ մակարդակով երաժշտություն է, ամենակարեւորը մեղեդին եւ խոսքն է՝ այնքան ներդաշնակ, որ ժողովրդի ականջից չի կարողանում դուրս գալ: Դա է գաղտնիքը…»,-նշեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. eeh says:

    Շնորհակալությու հոդված համար։ Թարիվերդիևը, իհարկե, բացառիկ երգահան է։ Մի՞թե Հայաստանում ուրիշ մասնագետ չկար, որ մի քիչ ավելի շատ հասկանար կինո երաժշտությունից և ավելքի խորը խոսեր։ Տիգրան Մանսուրյանը, օրինակ։

  2. Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի eeh, իհարկե կարող էր նաեւ շատ լավ մարդ ու հրաշալի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը խոսեր Թարիվերդիեւի մասին, բայց չեմ կարծում, թե Երվանդ Երզնկյանն էլ պատահական մարդ է երաժշտարվեստում: Նա էլ կոմպոզիտոր է, եւ հետո նրա ղեկավարած նվագախումբը միշտ կատարել է Թարիվերդիեւի հանրահայտ ստեղծագործությունները:
    Կարեւորը, որ Առավոտը հիշել է Թարիվերդիեւին՝ հավատարիմ մնալով արժեքներ քարոզելու իր սկզբունքին:Շնորհակալություն, որ կարդում եք մեր թերթը եւ կայքը:
    Հարգանքով՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031