Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարի թաղցիներին ասել են՝ հլը բախտներդ փորձեք ակտիվանաք՝ տեսեք ձեր երեխաների գլխին ինչ օյին է գալիս». Սեդա Սաֆարյան

Օգոստոս 15,2016 14:06

Այսօր «Հոդված 3» ակումբում փաստաբաններ Սեդա Սաֆարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը խոսեցին «Սասնա ծռեր» խմբի գործողությունների իրավական հետեւանքների, հուլիսյան ճգնաժամի, կալանավորումների մասին:

Մենք հետաքրքրվեցինք՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը կարո՞ղ է ուղղորդում լինել նախաքննական մարմնին, անմեղության կանխավարկածը չի՞ խախտվում՝ Սեդա Սաֆարյանը պատասխանեց, որ իհարկե, սպասում են նախագահի խոսքին, բայց ահաբեկչությունը, նրա խոսքերով, լրիվ այլ տեղ էր. «Ահաբեկչությունն այն էր, որ ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին քաղաքական գործիչներին, այդ ընթացքը ոստիկանների կողմից զուգորդվել է զենքի կիրառմամբ, հրկիզումներով, տուրուդմփոցներով: Ամեն ինչ գլոբալ արվել է: Ահաբեկչությունը դրսեւորվել է այն ժամանակ, երբ խուճապահար ժողովրդին պահել են, նրանց տներն են ներխուժել ոստիկանության աշխատողները ու ասել են՝ հլը բախտներդ փորձեք, մի հատ փորձել եք տեղեկություն տրամադրել որեւէ մեկին, ակտիվանալ, գնալ քննությամբ հարցաքննվել, տեսեք ձեր երեխաների գլխին ինչ օյիններ է գալիս»:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ եղել է վերջերս Սարի թաղում՝ այն տանը, որտեղից ոստիկանությունը տարել էր Հովսեփ Խուրշուդյանին. «Այդ տանից շատ վատ տպավորությամբ եմ դուրս եկել: Իհարկե, ողջունելի է, որ այդ մարդիկ թույլ են տվել, որ իրենց բակում կամ տանը պատսպարվեն, սակայն ողջունելի չի, որ երբ ասում ես՝ ամենակարեւոր հանգամանքների կապակցությամբ, ասենք, բեկոր կար իրենց տանը, ասում եմ այդ բեկորն ինչ է, ասում են՝ կրակոցի արտահայտությունն է, մեր դուռն է ընկել: Ասում եմ, բերեք արձանագրենք, տվեք ինձ, ասում են՝ չէ, վախենում եմ, սենց վերցրու, տար: Այն, ինչ կատարվել է, ահաբեկչություն է բառիս լայն իմաստով: Ահաբեկչություն է, որ անգամ այս մարդկանց մենք օգնելու հնարավորություն չունենք: Երբ ժողովրդին ասում ես՝ տիկին ջան, դու ստեղ ես վիրավորվել, չէ, ասում է՝ հա, գնում գտնում ես այդ տիկնոջը, որի ոտքն ամբողջությամբ ավիրվել է, փայտերով է ման գալիս, Անուշ անունով մի կնոջ մասին եմ խոսում, ասում ենք գրիր, որ մասնավոր հարցման ենթարկենք ձեզ, ասենք, որ այստեղ եք վիրավորվել, ասում է՝ չէ, մայրս շաքար ունի, մեզ ասել են՝ տենց բան չանեք, ես էլ թողելու եմ գնամ Հայաստանից: Ու այսպես ձախողված քննություն: Ոստիկանությունը համատարած այդ գործընթացով զբաղվել է: Երբ ես այդ տուն գնացի,ասացին՝ գնա դե մեր հարեւանի երկու տղային պաշտպան կանգնի, մյուսներին կանգնի, որ եկել են անտեր մոյկայից են տարել, չգիտեմ որտեղից են տարել: Բա սրա անունն ի՞նչ դնենք: Իհարկե, կա ահաբեկչություն, բայց դրսեւորված պետական մարմնի կողմից, որին որեւէ գնահատական նախաքննական մարմինն առ այսօր չի տվել»:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ եվրոպական դատարանն արձանագրել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները մինչեւ դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելը, երբ կարծիք են հայտնում՝ հաստատապես կարծիք, որ այս արարքում կա ինչ-որ հոդվածի հանցակազմ, դա միանշանակ անմեղության կանխավարկածի խախտում է. «Այդ գործով փաստաբանները պետք է փորձեն դիմել դատարան, ասեն, որ այստեղ թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում, սպառեն մեր պետական ատյանները եւ դիմեն ՄԻԵԴ: Այստեղ արդեն խորհուրդ եմ տալիս անմիջապես դիմել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031