«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի դիտարկմամբ, ապրիլյան պատերազմը բացահայտեց շատ խնդիրներ: Ըստ նրա, Հայաստանը մոտեցել է ազգային անվտանգության այն կարմիր գծին, որի հատումն անդառնալի է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:
«Այսօր բոլորս պետք է մի հարցի պատասխանենք` ինչու մոտեցանք կարմիր գծին եւ ինչ պետք է անել այդ անդունդի մեջ չհայտնվելու համար: Սրա պատճառը խորը անվստահությունն է, ունենք զրոյից ցածր վստահության մակարդակ իշխանությունների նկատմամբ, ունենք ներազգային անվստահության մթնոլորտ գրեթե բոլոր մակարդակներում: Նման անվստահության մթնոլորտում դժվար է արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ հաջողություններ արձանագրել»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց նախկին դիվանագետը:
Նրա խոսքով, Հայաստանն այսօր իրական պատերազմի վտանգի առջեւ է կանգնած, քանի որ Հայաստանի իշխանությունները ապրիլյան պատերազմից հետո որեւէ եզրահանգման չեկան ու շարունակվում են այն քաղաքականությունը, որը կար մինչեւ ապրիլյան պատերազմը. «Մեր իշխանությունները վատթարագույնի ընտրության առջեւ են կանգնած»:
Ռուբեն Կարապետյանը նաեւ նկատեց, որ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների բացակայությունը երկու պետություններին փակուղի է տանում. Ըստ նրա, պատճառն այն է, որ դիվանագիտությունը գործում է առանց արտաքին քաղաքականության՝ ինչպես ֆուտբոլիստներն առանց դարպասի.
Կարդացեք նաև
«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը միասին չեն խոսում որեւէ մակարդակում` փակուղի ենք մտնում: Ոչ հասարակության, ոչ իշխանության շրջանում որեւէ ուղիղ կապ չկա Ադրբեջանի հետ: Նույնիսկ պատերազմի ժամանակ զինվորական հրամանատարությունն ուղիղ, անմիջական կապի մեջ է եղել: Երկու երկրները իրար կողքի պետք է շարունակեն ապրել, բայց այն իրավիճակը, երբ ոչ մի մակարդակով չենք կարողանում այդ կապը պահպանել, կարող է հանգեցնել բացասական լուծման: Վերջին հաշվով ղարաբաղյան հարցը լուծվելու է երկու ժողովուրդների փոխհամաձայնությամբ: Այդ կապի չլինելը հասցրել է մի իրավիճակի, երբ հայ կամ ադրբեջանցի երիտասարդները վախենում են մնալ նույն սենյակում` իրար կսպանեն, կծեծեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ