Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը այսօր «Հոդված 3» ակումբում ասաց, որ Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի գործերում տեղաշարժ չկա. «Ապօրինի են գտնվում անազատության մեջ: Չկա անհրաժեշտ ադեկվատ պատասխան, չկա պատճառաբանություն, տպավորություն է բոլորի մոտ, որ սպասում են ինչ-որ հրահանգի, որից կարող է իրավիճակ փոխվել»:
Սեդա Սաֆարյանն ասաց, որ սպառելով ՀՀ դատական ատյանները, պատրաստ են դիմել ՄԻԵԴ, որովհետեւ առանց հիմնավորման մարդուն զրկում են ազատությունից:
Նա ասաց, որ Հովսեփ Խուրշուդյանը Բրյուսելում մեծ միջոցառում էր կազմակերպել՝ ընդդիմադիր գործիչների ու այդ միջոցառումը տապալվում է, իր քաղաքական գործունեությանն են խոչընդոտում:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ փաստաբանների խնդիրն է այս պահին արձանագրել բոլոր խախտումները՝ իրենց վստահորդների հետ կապված: Նա ասաց, որ լավ կլիներ փաստահավաք խումբ ստեղծվեր:
Կարդացեք նաև
Նիկոլայ Բաղդասարյանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը Եվրադատարանում վիճարկելը այս պահին ճիշտ չի համարում: Ըստ նրա, գոնե կալանքի ժամկետը երկարացնելը շեմը կմեծացնի, իսկ այսպես ՄԻԵԴ-ում տեսնում են պատանդներ վերցնել, շենք գրավել, դիտարկում են ահաբեկչություն. «Դժվար կլինի ՄԻԵԴ-ում հիմնավորել հիմնավոր կասկածի բացակայությունը: Իրենք տեսնում են, որ կա ահաբեկչություն, նախադեպեր կան, որտեղ ասում են՝ 1-2 ամիս կարող են խափանման միջոցը կալանավորելն ընտրել: Իրենք այլ պատկերացումներ ունեն: Ես ձեռնպահ կլինեմ հենց առաջին հերթին վիճարկելու ՄԻԵԴ-ում: ՄԻԵԴ-ի համար սա ահաբեկչություն է, իրենք հայ չեն, որ իմանան ինչ է այստեղ կատարվում այդպես են ընկալում»:
Ինքը՝ Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ ահաբեկչություն բառի վերաբերյալ հասարակության մեջ լուրջ շփոթմունք կա. «Մեր օրենսդրությամբ հստակ հանցակազմ է, որտեղ գրված է թե ինչ է իրենից ներկայացնում: Իրավաբանորեն «Սասնա ծռերի» հետ կապված այդ հոդվածը չի էլ կպնում: Պետք է սուբյեկտները պատանդ վերցնեն, գործողություն կատարեն՝ ընդունենք՝ մարդ սպանեն եւ ասեն՝ այս գործողությունը կատարում եմ, որպեսզի դու, պետություն, այս պայմանները կատարես, պատճառական կապի հասկացողություն գոյություն ունի: Պետք է ասեմ՝ մարդ եմ սպանելու, որ դու այս գործողությունը անես»:
«Սասնա ծռերին» օժանդակելու համար բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով՝ ով զանգել է «Սասնա ծռերի» անդամներին, ասել է՝ բարեւ, ոնց ես, ձերբակալվել է աջակցության համար, մինչդեռ պետք է նայել՝ ի՞նչ գործողություն է կատարել, որով օժանդակել է, առանց նրա զանգի՝ տվյալ համագործությունը կատարվելո՞ւ էր, թե՞ չէր կատարվելու: Նա ասաց, որ բացի «Սասնա ծռերից», մոտ 30 հոգի այդպես կալանավորված անձինք կան, որոնց մի զանգի համար կալանավորել են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ