Րաֆֆի Ասլանյանի՝ Երևանի դատախազ նշանակվելուց հետո մոտ մեկ ամիս է թափուր է մնացել Շիրակի մարզի դատախազի պաշտոնը: Սկզբում ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել դատախազի տեղակալներից մեկը՝ Արթուր Պողոսյանը, իսկ ուրբաթ օրվանից ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը դրվել է մյուս տեղակալի՝ Կարեն Գաբրիելյանի վրա: Aravot.am-ին հասած տեղեկություններով, գլխավոր դատախազությունից հենց այս երիտասարդին են ուզում նշանակել Շիրակի դատախազ՝ հաշվի առնելով նրա անկաշառ ուղին:
Նշենք, որ 36-ամյա Կարեն Գաբրիելյանը գյումրեցի է, սկզբում աշխատել է Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, այնուհետ զբաղեցրել է Սյունիքի քննչականի պետի պաշտոնը, Րաֆֆի Ասլանյանի հրավերով տեղափոխվել է Շիրակի մարզի դատախազություն: Այստեղ աշխատել է որպես դատախազության դատախազ, կարճ ժամանակ անց նշանակվել մարզի դատախազի տեղակալ:
Ըստ մեր տեղեկությունների, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը ևս իր թեկնածուն ունի, փորձում է այդ պաշտոնում նշանակել տալ իր մարդուն՝ մեկ այլ տեղակալի, որը դատախազության աշխատակիցների ասելով, նույնպես տեղացի է, ավելի հին կադր է, սակայն դատախազությունում նախապատվությունը տալիս են Կարեն Գաբրիելյանին այն պատճառաբանմամբ, որ վերջինս հին վարք ու բարքի կրող չէ, ավելի պատրաստված է ու աշխատասեր: Մտածում են, որ նա կկարողանա պահպանել Շիրակի մարզի դատախազությունում վերջին մի քանի տարիների ընթացքում Րաֆֆի Ասլանյանի կողմից ստեղծված աշխատանքային խիստ մոտեցումները, այն է՝ զերծ մնալ մտերմիկ հարաբերություններից ու գայթակղություններից: Նա համարվում է Րաֆֆի Ասլանյանի կադրերից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ