Օգոստոսի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 340 դեպքի: Մ. Ղազարյանը հայտնեց նաև, որ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման չափորոշիչներով Սյունիքի մարզում օգոստոսի 9-14-ը անցկացվել է 36-ժամյա ստուգողական վարժանք:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ անցած օրերին գրանցված բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով, սակայն օգոստոսի 19-21-ը հանրապետության տարածք կրկին կներթափանցի նոր ջերմային ալիք:
«ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց մարզերում և Երևան քաղաքում կազմակերպված սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման մասին: Դասընթացները կազմակերպվել են շուրջ 300 մասնակիցների համար: Ա. Թովմասյանը հայտնեց նաև, որ գործակալությունն աշխատանքներ է տանում բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց ՀՀ ԱԻ նախարարության թանգարանի ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։
Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը զեկուցեց, որ մարզում գործող մանկական ճամբարներում կազմակերպվել են ուսումնավարժանքներ և հանդիպումներ հրշեջ-փրկարարների հետ՝ առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործողությունների թեմաներով:
ԱԻՆ հաղորդագրություն