Սեֆիլյանականների կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո լրագրողները, շարքային քաղաքացիներն ու գրեթե բոլորը վերստին հնչեցրին իրենց ամենասիրած հարցը՝ իսկ ո՞ւր են մեր մտավորականները: Սա անհիմն, ինչպես նաեւ իներցիոն հարց է եւ միշտ հնչում է հատկապես այն պահերին, երբ երկիրը հայտնվում է ճգնաժամային ու խառը իրավիճակում: Սա նաեւ կեղծ ու արհեստական հարց է, որովհետեւ հատկապես այդպիսի ժամանակներում է մեր մտավորականության գերակշիռ մասը ջրի երես դուրս գալիս:
Այս անգամ նույնպես այդպես եղավ: Այնպես որ՝ մտավորականներ փնտրելու հարց չկա. նրանք ավելի շատ են հայտնվում ու խոսում, քան հարկավոր է: Տասնյակ մտավորականներ հանդես եկան կոլեկտիվ հայտարարությամբ՝ մեղադրելով գունդը գրաված սեֆիլյանականներին եւ կոչ անելով զենքերը վայր դնել: Մտավորականների մի այլ՝ ընդդիմադիր խումբ էլ նույնպես հանդես եկավ կոլեկտիվ հայտարարությամբ՝ մեղադրելով իշխանություններին եւ կոչ անելով սատար կանգնել ապստամբներին: Ուրիշ բազմաթիվ մտավորականներ էլ՝ իշխանամետ եւ ընդդիմադիր, հանդես եկան անհատական հայտարարություններով ու կարծիքներով, որոնց զգալի մասը ոչ թե ստեղծված դրամատիկ ու բարդագույն իրավիճակից դուրս գալու խնդիր էր հետապնդում, այլ սեփական անձը ցուցադրելու, ժամանակակից հայերենով ասած՝ սելֆի էր: Այլ մտավորականներ էլ՝ Ռուբեն Հախվերդյան, Եղիշե Պետրոսյան, Թամար Հովհաննիսյան եւ շատ ուրիշներ, ոչ միայն ելույթներ էին ունենում, այլեւ ակտիվորեն մասնակցում էին հանրահավաքներին: Մի խոսքով՝ մտավորականության պակաս երբեւէ չի եղել եւ չկա, մանավանդ՝ հեղափոխական իրավիճակներում:
Այլ հարց է, թե մտավորականների ելույթներն ու մասնակցությունն ինչքանո՞վ են օգտակար իրավիճակի դրական ու ցանկալի զարգացմանը: Մեր լրագրողները մտավորականության փնտրտուքի էքստազի մեջ շատ հաճախ մոռանում են, որ իրենք էլ են մտավորական, եւ իրենք էլ են ակտիվորեն մասնակցում այս ամենին: Մոռանում են, որ մտավորականն առաջին հերթին իրենք են, այլ ոչ թե Արմենչիկն ու այլ երգիչներ: Եթե հիշեին, դժվար թե մտավորական բառը երբեմն ռ-ով գրեին:
Հետաքրքիրն այն է, որ ամենուր մտավորականներ փնտրող լրագրողներն ու բոլորը բարդ իրավիճակներում ոչ թե մեր պատգամավորներին են փնտրում, այլ հիմնականում՝ մտավորականներին: Կարճ ասած՝ այն, ինչ պահանջվում է պատգամավորներից, մեր լրագրողներն ու բոլորը մտավորականներից են պահանջում: Առավել հետաքրքիր է, որ ամեն ինչ մտավորականներից պահանջողները մտավորականության գոյության մասին մոռանում են միայն Ազգային ժողովի ընտրությունների օրերին: Մոռանում են, որ մտավորականների գոյությունն Ազգային ժողովում առավել նախընտրելի է, քան օլիգարխներինն ու գեներալներինը: Իհարկե, այն կարծիքին չեմ, որ Ազգային ժողովի մանդատներն անխտիր բաժանվեն մտավորականներին, մանավանդ որ՝ նրանցից շատերը հնարավորինս հեռու են քաղաքականությունից, բայց որ օլիգարխները, գեներալներն ու ներկայիս պատգամավորներից շատերը քաղաքականությունից ավելի հեռու են՝ դա փաստ է, որի ականատեսն ենք ոչ միայն այս բարդագույն օրերին, այլեւ ամեն օր: Ժամանակն է, որ մենք ոչ միայն մտավորականները մտավոռականներ գրենք, այլեւ պատգամավորները՝ պատգամավոռներ: Իսկ ավելի ճիշտ կլինի՝ ոչ մի «ռ» էլ չգրենք, եւ այն ակտիվությունն ու էներգետիկան, որ ցուցաբերում ենք հեղափոխության ու ապստամբության օրերին, ցուցաբերենք նաեւ ԱԺ ընտրությունների օրերին՝ հրաժարվելով ընտրակաշառքից ու այլ արատավոր բաներից:
Ինչ վերաբերում է մտավորականներին, նրանք իրարից շատ տարբեր են՝ ինչպես պատգամավորները, տաքսիստները, հեղափոխականներն ու նույնիսկ ոստիկանները: Մտավորականներից ոմանք ասում են այն, ինչ հաճելի է հեղափոխականներին: Ոմանք էլ իշխանությանը հաճելի բաներ են խոսում: Երկուսն էլ քարկոծվում են՝ տարբեր կողմերից: Երրորդներն էլ փորձում են սեփական ու ինքնուրույն կարծիք հայտնել, բայց վերստին քարկոծվում են:
Կարդացեք նաև
Այնպես որ՝ մտավորականությունը մեր հիմնական, մշտական ու անփոփոխ թիրախն է: Նույնիսկ Ղարաբաղյան շարժման օրերին քարկոծվում էին Վիկտոր Համբարձումյանը եւ շատ ուրիշ երեւելիներ: Գտնվում էին մարդիկ, որ նույնիսկ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անձն էին կասկածի տակ դնում ու թիրախ դարձնում: Որովհետեւ հեղափոխությունը հեղինակություններ չի հանդուրժում: Բացառությամբ, իհարկե, իր լիդերների:
«Սիրեցեք զմիմյանս» պատգամը երբեւէ ժամանակավրեպ ու ավելորդ չէ: Նույնիսկ այս օրերին: Մանավանդ այս օրերին, երբ սերը հազարերորդ պլան է մղված: Բոլոր կողմերից:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
13.08.2016
Կարդացի․ մի քիչ ժպիտ առաջացրեց, քանի որ միտեսակ մանկական նեղացկոտություն կար։ Միանգամից պարզ էր, որ հոդվածի հեղինակը մտավորական է․․․ Ես համբերեցի ու անունը կարդացի ամենավերջում՝ նյութը ամբողջությամբ ընթերցելուց հետո․ Մի փոքրիկ հավելում, հարգելի Ոսկան․ Մտավորական է նաեւ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը եւ նա էլ է արձագանքել կատարվածին։ Նրա արձագանքը սակայն անտեսվեց բոլորիս կողմից, որուհետեւ չէր սպսարկում որեւէ մի կողմի շահը, այլ բխում էր հայ ժովովրդի հավաքական շահից ․․․
Ով սեփական ուղղաթիռ չունի իր դղյակի կտուրին, ժամանակն է, որ սուսիկ փուսիկ քաղաքացիական պաշտպանությունը վերականգնի, պատրաստական աշխատանքներ տարվեն արագ ու կազմակերպված հավաքագրվելու, սփյուռքից հայրենակիցներին ընդունելու ու լիքը նման բաներ, մասնագետները թող որոշեն: Հասկանալի է արդեն, որ կառավարություն կոչվածը ուրիշի կամակատար է, ժամանակն է դրանց մասին մոռանալ ու մեր մտավորական մասնագետների առաջնորդությամբ հաղթանակով ու աստվածահաճո լուծենք մեր բոլորի Աստծո առաջադրված ապագա խնդիրները: