Կամ՝ ինչու անաղարտ չենք պահում մեր մայրենին
Հարցը գուցեեւ ծամծված է, բայց սայլը տեղից չի շարժվում: Ինչպես սխալ արտահայտվում են, այդպես էլ սխալ գրում են: Բանավոր խոսքը մնայուն չէ, ես խոսեցի, սխալ թե ճիշտ, անցավ-գնաց: Քամին տարավ: Իսկ գրավոր խոսքը եւ մնայուն է, եւ ուսուցանող, բայց երբ սխալ է գրվում, սխալ էլ ուսուցանվում է: Սխալներ շատ հաճախ լինում են ավտոմեքենաների հետ գործ ունեցող մասնագետների մոտ: Դատեցեք ինքներդ. դեռ հեռվից մեծ-մեծ տառերով (հայերեն) գրված է «Խադավիկ», իսկ ճիշտը ռուսերեն ходовик ձեւն է եւ հայերեն դրա համարժեքը կա` ընթացագործ: Բայց մարդիկ սովորել են իրար հետ կիսառուսերենով ու սխալ հայերենով խոսել: Ու ինչպես խոսում են, այնպես էլ գրում են: Կամ գովազդում են` «Պռոկոլ»: Ուզում են ասել, որ այստեղ անվադողերի վերանորոգման մասնագետ կա: Ավտոմեքենաների հետ գործ չունեցող որեւէ մեկին հարցրու, թե ինչ է «Պռոկոլը», չի իմանա: Կամ մեծ-մեծ տառերով գրում են` «Մատորիստ»: Այսինքն`Моторист: Այսինքն` շարժիչագործ:
Եթե հեռուստատեսությամբ գրում են «Պոետիկ եւ հոգեւոր հարմոնիա», հասկանալի է, որ օրն անցավ, մարդիկ մոռացան այդ սխալների մասին ու ամեն ինչ վերջացավ: Բայց երբ արտաքին գովազդային (կանչող) պաստառների վրա է սխալ գրվում… Ախր այդ պաստառները մնայուն են: Կամ մտեք «Վերնիսաժ» կոչվող փողոցը (նախկին Գնունի, այժմ Վարդանանց փողոց), կամ Չարենցի փողոցով բարձրացեք դեպի Շրջանային, Նար-Դոսի փողոցով իջեք դեպի Տիգրան Մեծ: Համոզված եմ, որ հայերեն տառերով գրված Ակրիլային (Ակրիլայինը ի՞նչ է) ներկերը, «գիպսակարտոնը», «խադավիկը» եւ այլն ձեզ հունից կհանի: Հարց եմ տալիս, մինչեւ ե՞րբ պետք է հանդիպենք նման կամայականությունների: Ինչո՞ւ Հայոց լեզվի տեսչությունը չի անցնում փողոցներով կամ երեւի անցնում է, ուշադրություն չի դարձնում, եւ չի պոկոտում ու մի կողմ շպրտում մեզ արատավորող, մեր լեզուն խեղաթյուրող պաստառները…
Լավ, ասենք այդ օբյեկտների տերերը, կներեք, չեն հասկանում, որ սխալ են գործում եւ աղավաղում են մեր լեզուն, տուրք տալով խորհրդային ժամանակներից մնացած արատներին: Իսկ ավելի գրագետնե՞րը: Տեսեք, թե ինչ է կատարվում. կրթության եւ գիտության նախարարությունը հազարից ավելի դպրոցներ ունի: Հատուկ մասնագիտական դպրոցները, ուսումնարանները մի կողմ թողնենք, չնայած նույն սխալը տարածվում է նրանց վրա: Տեսեք, գրում են` Երեւանի Խաչատուր Աբովյանի (օրինակ) անվան N2 հիմնական դպրոց կամ Եղիշե Չարենցի անվան N36 հիմնական դպրոց: Եկեք քննենք, թե այս ինչ է նշանակում: Բանից անտեղյակ մարդը, կարող է մտածել, որ Եղիշե Չարենցը Երեւանում երեսունհինգ դպրոցներ ունի, այս մեկն էլ, երեսունվեցերորդն, իր անվանն է: Ճիշտ չէ, սխալ է: Այստեղ իմաստային խեղաթյուրում կա: Պետք է լինի Երեւանի N36 Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոց: Կհասկանանք, որ մեծանուն բանաստեղծի անվան միայն երեսունվեցերորդ դպրոցն է: Պետք է պարզ լինի, որ Երեւանում շա՛տ դպրոցներ կան եւ համարակալումն էլ գալիս է այդ շատությունից: Եթե միայն մեկ դպրոց լիներ: Օրինակ` Գետաշենի ավագ (հիմնական) դպրոց:
Կարդացեք նաև
Ֆ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
գրող
«Առավոտ»
13.08.2016
գոնե ինձ համար անընդունելի է նաև N32 ձևը, պետք է լինի թիվ 32