«Հայաստանն առանց քաղաքական բանտարկյալների» համազգային միասնության համերգի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը իր աջակցությունը հայտնելով բոլոր քաղբանտարկյալներին՝ փորձեց շատ կարճ ելույթով ներկաների հետ կիսվել «Սասնա ծռերի» սկսած պայքարից ծավալված համաժողովրդական պայքարի օրակարգով ու ապրած զարթոնքով: Նա համոզմունք հայտնեց, որ հաղթանակի վճռական փուլը հասունացել է: Նրա խոսքերով, «Սասնա ծռերը», գտնվելով կալանավայրերում, շարունակում են պայքարը, չեն կորցրել ոգին ու հավատում են վերջնական հաղթանակին:
«Մնում է, որ մենք դրսում՝ հավատարիմ մեր խոստումին, շարունակենք պայքարը մինչեւ իրենց իսկ նշած ազգային-քաղաքական գլխավոր խնդիրների լուծումը»: Ելույթ ունեցողը նշեց, որ ինքն անընդհատ հիշեցնելու է պայքարի հիմնական խնդիրները՝ Սերժ Սարգսյանի հեռացում, վստահության կառավարության ստեղծում, ժողովրդի հավանությանն արժանացած նոր սահմանադրության նախագիծ եւ հանրաքվե, որից հետո արդեն մաքուր դաշտից արդար ընտրություններ: «Այս փուլը պահանջում է շատ մանրակրկիտ, ակտիվ աշխատանք, որը ունի բազմաբովանդակ ոլորտներ», – ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև