«Ազատության» հրապարակում հրավիրված «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» համազգային միասնության համերգը շարունակվում է: Հավաքված մի քանի հարյուր մարդկանց առջեւ ելույթ է ունենում Ռուբեն Հախվերդյանը:
Իսկ մինչեւ բուն համերգը եղավ մեկ-երկու ելույթ: Մեկում ընթերցվեց «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
«Սասնա Ծռեր» խմբավորման փոքրիկ խենթությամբ սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը պետք է ավարտվի ինքնիշխան պետության ծնունդով:
Կարդացեք նաև
Ներկայումս մենք մասնակցում ենք այդ ծնունդի ակնկալիքով կատարվող պսակադրությանը: Այս պատմական հարսանիքի փեսացուն երիտասարդությունը պետք է լինի, իսկ հարսնացուն՝ քաղաքականությունը: Ըստ կյանքի օրենքի ավագ սերունդը կարող է միայն քավորը լինել:
«Սասնա Ծռեր» խմբավորման ուժի եւ հաջողության աղբյուրը ոչ անցյալի փառքն է (Պավել Մանուկյան, Մխիթար Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Թորոս Թորոսյան), այլ ապագայի երազանքը (Արամ Մանուկյան, Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյաններ, Սմբատ Բարսեղյան, Տիգրան Մանուկյան, Էդվարդ Գրիգորյան, Սեդրակ Նազարյան, Հովհաննես Հարությունյան, Գագիկ Եղիազարյան, Թաթուլ Թամրազյան եւ մյուսներ):
Հիմա Խենթության, ասել է թե՝ իռացիոնալ քայլերի ժամանակն է: Մինչդեռ ավագ սերունդը կաշկանդված է անցյալով, ռացիոնալ է, հաշվենկատ եւ ծանրաշարժ:
Ուստի ավագ սերունդը պետք է դավիթությունը թողնի երիտասարդությանը եւ ստանձնի Ձենով Հովանի եւ Քեռի Թորոսի դերը: Իսկ փեսացուն պետք է տեր կանգնի իր պսակին եւ հարսնացուին: Եվ եթե կլինեն այնպիսի ավագներ, որոնք սրբապիղծ Ցռան Վերգոյի նման կուզենան նրա տեղը զբաղեցնել, ապա երիտասարդ փեսացուն պետք է հարսանիքից վռնդի եւ պատժի այդ քաղաքական այլասերվածներին:
Ի գործ, սիրելի երիտասարդություն: Վերցրու պայքարի դրոշը եւ առաջնորդիր», – ասվում է նամակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ