Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռում

Օգոստոս 14,2016 18:52

Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այսօր տոնախմբում է հիշատակությունը հարյուրամյակներ առաջ տեղի ունեցած մի դեպքի, որ կապված է մեր Տիրոջ մոր և Ընդհանրական Եկեղեցու մեծագույն բարեխոս սրբերից մեկի` Աստվածամայր Ս. Կույսի` դեպի երկինք վերափոխաման հիշատակության հետ: Հայ Եկեղեցին դարերի ընթացքում մշտապես անդրադարձել է Աստվածամորը`իբրև մարդկային ցեղի, իբրև մայրության, իբրև Աստուծո խոսքի հնազանդության գերագույն և կատարյալ մի օրինակի: Աստվածամորն են ընծայվել բազմաթիվ ստեղծագործություններ, տաղեր, գանձեր, հոգևոր երգեր ու շարականներ և բազմատեսակ աղոթքներ:

xaxoxorhneq5

Հայ ժողովուրդը մշտապես անդրադարձել է Աստվածամոր կերպարին ու Նրա արժանավորությանը: Նա մանուկ հասակից սպասավորության համար ընծայվել էր Աստուծո Տաճարին, հոգևոր կյանքի իմացականության հույսով սնվել ու հասակ էր առել այնտեղից և Իր արժանավորությամբ ու մաքրությամբ մարդկային կերպարի տասնվեցերորդ տարում այցելության էր արժանացել  Տիրոջ հրեշտակի կողմից: Ավետման դրվագում Ավետարանիչը պատմում է` ինչպես է երկխոսություն տեղի ունենում հրեշտակապետի ու Ս. Կույսի միջև: Գիտենք, որ Աստուծո պատագամաբեր հրեշտակը Նրան բարի ավետիսն էր բերել` թե Նա պետք է ծնի համայն մարդկության Փրկչին` մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Այս երկխոսության ավարտին Ս. Կույսը խոնարհ, հնազանդ, հեզ, մաքուր և սուրբ իր կերպարի մեջ շատ կարևոր մի արտահայտություն է անում` ասելով. «ահավասիկ, ես Տիրոջ աղախինը կամ և պիտի մնամ»: Եթե առաջին կնոջով` նախամայր Եվայով, մեղքը և դատապարտությունը մտան մարդկային կյանք, ապա Աստվածամոր կերպարով` երկրորդ Եվայի` միևնույն մարդկային կերպարով, եղավ մարդկային ազգի փրկության ճամփան: Աստվածամոր մեծությունը ոչ միայն այն կարևոր դրվագի մեջ է, որ Աստվածածինն աշխարհ բերեց, Իր մարմնի հետ միախառնեց Աստուծո Ս. Հոգու այցելությունը և դարձավ այն ոսկի տապանակը, որտեղից հայտնվեց համայն մարդկության բանականության ճշմարիտ Լույսը: Աստվածածինն իր մոր օրինակելի խոնարհությամբ և կանացիությամբ հետևեց Տիրոջը` ընկալելով և հասկանալով Տիրոջ բերած զոհողության, խաչի, փրկության և սիրո  Ավետիսը: Աստվածամայրը, սիրելինե՛ր, մշտապես ներշնշեց մեր ազգին ու բարեխոսեց մեզ համար: Հայ Եկեղեցին յոթ տոներ ունի` Աստվածամորը նվիրված, իսկ այս մեկը` որպես մեծագույնը, առանձնացվել է հինգ Տաղավար տոների մեջ:

Այսօր ամենքս Վերափոխման տոնին ուխտով եկել ենք այս Կաթողիկեն` Մայր Տաճարը` Հայ Եկեղեցու Մայր Աթոռը, որպեսզի մեր խոնարհությունը բերենք Աստվածածնի անունով կնքված այս Կաթողիկեի խորանին, որտեղից Ս. Պատարագի խորհրդով դարձյալ պիտի կենդանանա այսօրվա հիշատակությունը և մեր Տերը պետք է ծնվի ու առատորեն բաշխվի ամենքիս կյանքում Հաղորդության Ս. Խորհուրդով` սիրո ճաշակումով. այն սիրո, որ մեր կյանքը պետք է ամբողջությամբ վերափոխի, մեր անձը պետք է աղոթքով սրբագործի և միությունը հաստատի մեր ու Աստծո միջև:

Ինչպես Եվայի մեղքի ճանապարհով խզում և զատում եղավ մեր` մարդկության և Աստուծո անմերձենալիության ճանապարհին, այնպես էլ Աստվածամոր կերպարով, Նրա միջնորդական և բարեխոսական շարունակական առաքելությամբ  մենք շնորհն ենք ստանում դառնալու Աստուծո ճշմարիտ Տաճարներ: Մեր անձնական կյանքը կերպարանափոխելով և վերափոխելով Աստվածամայրն իր մարդկային կերպարով ապականություն չտեսավ մահվանից հետո, Նրա Միածին Որդին իջավ երկնքից և Նրան երկրից երկինք վերափոխեց: Ուրեմն` Աստվածամայրը մեզ ամենքիս Իր կյանքի կարևորագույն պատգամներից մեկն է փոխանցում` Աստուծո խոսքին, ավետարանական պատգամին կատարյալ հնազանդությամբ կյանք ունենալ: Այս է կարևոր պատգամը` վերափոխում ունենալ մեր կյանքում: Սա է քրիստոնյայի կյանքի ճամփան` անհատական փոփոխություն: Եվ այսօր, որ մենք եկել ենք այս սրբազան Տաճար մեր ուխտը նորոգելու Ս. Պատարագի մասնակցությամբ, որի ավարտին Հայ Եկեղեցու դարավոր ավանդույթի համաձայն պետք է կատարենք մեր երկրի առաջին հասունացող պտուղի` խաղողի օրհնությունը, որպեսզի խաղողի հյութով պատրաստված գինով մեր Տերն իջնի Հաղորդության Ս. Խորհուրդի մեջ, սրբագործի այդ գինին և առատորեն բաշխվի քրիստոնյաներիս կայքնում` որպես կատարյալ փրկություն: Օրհնվելու է այս խաղողը և խաղողի միջոցով նաև` հայոց հողը, որպեսզի բերրի լինի, ապահովության մեջ լինեն մեր հայրենիքի սահմանները, մեր կյանքը, որպեսզի հանապազ բարգավաճող լինի, որպեսզի մեր կյանքում քրիստոնեական գիտակցությամբ հանդիպեն ողորմությունն ու ճշմարտությունը, ինչպես Դավիթ մարգարեն է ասում իր սաղմոսում: Եկե՛ք աղոթենք, որ Աստվածամայրը դառնա մեր բարեխոս և միջնորդ մայրը, որպեսզի այդ միջնորդության և բարեխոսության արդյունքում մեր Տեր և Փրկիչը թագավորի մեր կյանքում, և այն դառնա Տիրոջ փառաբանության ճշմարիտ ընթացք: Աստվածամոր մշտամրմունջ բարեխոսությունը թո՛ղ ամենքիս պարգևի շնորհք, սեր և խաղաղություն»,-ասաց Վարդան Սրբազանն իր քարոզում:

xaxoxorhneq6

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, Ս. Տրդատի բաց խորանի վրա կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Տեղեկատվական համակարգ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Խելացի ազգերը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ են կառուցում,իսկ հայը դեռ եկեղեցի է կառուցում: Իսկ բանակում բահերով են կռվում:
    1915-ին «առաջին քրիստոնյա ազգ» 1.5 մլն անմեղ հայի մորթեցին. իրենք էլ կնքված էին ու եկեղեցի էին գնում: Որտե՞ղ էր «փրկիչ» Քրիստոսը: Ով (խաչի փոխարեն) Վահագնի սուրը վերցրեց, նա փրկվեց: 17 ԴԱՐ հազարավո՜ր ու հազարավո՜ր եկեղեցի կառուցեցիր Ի՞ՆՉՒ համար, եթե Քրիստոսը 1915-ին քեզ պարզապես չփրկեց: 1915-ից հետո ո՞ր «փրկիչին» ես աղոթում:
    «Աստվածաշունչը» իրավական կամ գիտական գիրք չէ՛: Այն Քրիստոսի մահից 100 տարի ՀԵՏՈ, ու մի խումբ հրեաների հողմից գրված գիրք է, որի պատմական ճշմարտությունը ապացուցել հնարավոր ՉԷ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031