Ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը, հինգերորդ դարից սկսած, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այս տարի այն համընկավ օգոստոսի 14-ին, և Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդը նշվեց նաև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում:
Շրջանի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանը մատուցեց Սուրբ պատարագ, որին ներկա էին բերձորցիներ, մոտակա բնակավայրերի բնակիչներ, հյուրեր: Եկեղեցու երգչախմբի ուղեկցությամբ Հայր Աթանասը կատարեց Սուրբ արարողությունը, այնուհետև ներկաներին տեղեկացրեց տոնի խորհուրդը: Ավանդության համաձայն՝ Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում՝ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի պահքով անդադար աղոթել է: Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ է գալիս Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղիության ավետիսն էր տվել նրան`այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը, ինչպես իր մորը խոստացել էր Հիսուսը: Մարիամն այս բարի լուրը հայտնել է բոլոր քրիստոնյաներին՝ ասելով, որիրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Եվ, որպեսզի վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի, Հովհաննես առաքյալին պատվիրել է Սբ. Պատարագ մատուցել: Խոսելով Աստվածամոր մասին՝ հոգևոր հայրը նշեց, որ Սուրբ Կույսը միակ կինն էր, ով ուներ Աստվածային շնորհ և մարդկությանը պարգևեց Փրկչին: Աստվածամայրը կանանց նաև իշխանություն տվեց:
Կարդացեք նաև
Տեղեկացրեց նաև, որ Բարթողոմեոս առաքյալը, ով Հայոց աշխարհում է քրիստոնեություն տարածել, ներկա չի եղել Աստվածամոր թաղմանը և մնացած առաքյալներին խնդրել է՝ բացեն Տիրամոր գերեզմանը, որ տեսնի նրան: Երբ բացել են, այնտեղ միայն Մարիամի պատանքն է մնացած եղել: Հետո առաքյալները երկնքից ձայն են լսում, որն ասում էր՝ Աստվածամոր փայտյա պատկերը տան Բարթողոմեոսին, որպեսզի նա դրանով մխիթարվի և իր հետ տանի իրեն վիճակված երկիրը, և որ Աստվածամոր մարմնի համար չերկյուղեն, քանզի այն փոխվեցիր Արարչի ու Որդու մոտ: Ավարտելով խոսքը՝ Հայր Աթանասն աղոթքով դիմեց Աստվածամորը, որ նա խաղաղություն պարգևի աշխարհին, զորավիգ լինի հայ ժողովրդին, մեր մայրերին ու քույրերին, հայոց այգիներին ու արտերին բերքու բարիք տա: Աղոթքներից ու շարականներից հետոհոգևոր հայրը Սուրբ Խաչի նշանով բեմի վրա օրհնեց խաղողը՝ տեղեկացնելով, որպտուղների թագավորն է խաղողը, որից գինի են ստեղծում. Սուրբ հաղորդության ժամանակ այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Անդրադարձավ նաև հեթանոսական շրջանին:
Մինչ քրիստոնեության ընդունումը, օգոստոսին մեր նախնիները տոնել են Նոր տարին՝ Նավասարդը՝ մեծարելով Անահիտ և Աստղիկ դիցուհիներին և հզոր Վահագնին: Այդ ժամանակ նույնպես հայ ժողովուրդը կատարում էր խաղողօրհնեքը, որով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Ի տարբերություն հեթանոսական ժամանակների, երբ տոնն ուղեկցվում էր նաև զոհաբերություններով, այժմ տոնը կատարվում է միայն խաղողօրհնեքով: Ծիսական արարողություններից հետո ներկաները տուն տարան օրհնված խաղողը՝ հավատով, որ Աստվածամայը զորավիգ է լինելու մեր ժողովրդին: Հայր Աթանասը տեղեկացրեց նաև, որ Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը:
Զոհրաբ Ըռքոյան