Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբունքի հարց է (պատմվածք)

Օգոստոս 14,2016 12:28

Սուպերմարկետ էի գնացել հաջորդ օրվա համար գնումներ կատարելու: Պտուղ-բանջարեղենի բաժնում հանկարծ նկատեցի, որ լայն արկղերի մեջ դասավորված սև, խոշոր գիլասի գինը երեկվա համեմատ մոտ երկու անգամ էժան է դարձել: Մի պահ զարմացա, բայց ինքնասպասարկման համար նախատեսված ցելոֆանե տոպրակը վերցրեցի ու որոշակի քանակությամբ գիլաս լցրեցի այնտեղ՝ հետագայում կշռավարի մոտ այն կշռել տվեցի, որտեղ համապատասխան գնապիտակ կպցրեցին տոպրակի վրա, որ դրամարկղում ավտոմատ սարքը համակարգչի մեջ այն մուտք անի և նրա գումարը ավելացնի մնացած ապրանքների գումարին, որոնք հետագայում ես պետք է ընտրեի խանութի բազմազան ցուցադրանքներից:

Առաջադրանքը կատարեցի, մնացած ապրանքներն էլ ընտրեցի, դրամարկղում համապատասխան վճարումները կատարեցի և տուն շտապեցի:

Տանը, հետաքրքրության համար որոշեցի գնածս մրգերի տոպրակները կշռել ու համեմատել շուկայից գնած ապրանքների կշիռների հետ, որոնք հաճախ թերի են լինում, որպեսզի որոշեմ խանութի և շուկայի թերակշռումների չափը: Առաջինը ձեռքս ընկավ սև գիլասի տոպրակը և ես մինչ սեփական կշեռքով կշռելը, նայեցի պիտակի վրա գրված քաշին, որ համեմատեմ իմ կշեռքի ցույց տված քաշի հետ: Եվ ի՞նչ եք կարծում, պիտակի վրա գրված «Բարձր որակի գիլաս» անվանումով մրգի քաշի դիմաց նրա գինը հաշվարկված էր նույն այն գնով, որը ես երեկ նկատել էի ցուցանմուշի վրա և թանկության պատճառով չէի գնել: Ա՛յ քեզ հանելուկ:

«Ուրեմն, մտածում եմ ես, ցուցափեղկում գրում են ուրիշ բան, իսկ կշռավարի տվյալների կոդում փոփոխություն չեն անում: Մտացածին, թե պատահական թյուրիմացությունէ»:

Ու քանի որ հոգնած էի, այգում քայլելուց և սուպերմարկետում շրջելուց հետո, որոշեցի այդ մասին անպայման տեղյակ պահել սուպերմարկետի աշխատակիցներին միայն երեկոյան: Ընթրիքից հետո, սովորությանս համաձայն, մեկնեցի այգի, իմ հերթական քայլարշավը կատարեցի, ապա այցելեցի սուպերմարկետ:

Առաջինը, բնականաբար, մոտեցա այն ցուցադրանքին, որտեղից տոպրակի մեջ լցրել էի սևգիլասը, մտածելով, որ գուցե սխալ եմ կարդացել նրա գնանշումը: Համոզվելով, որ սխալ չեմ կարդացել, մոտեցա կշռավարների տեղամասին, ճիշտ է, այն աղջիկը, որը կեսօրին կատարել էր այդ գործառույթը, արդեն տեղում չէր, բայց նրան մի այլ փոխարինող աղջկա ես ցույց տվեցի ցելոֆանե դատարկ տոպրակը, որը հետս վերցրել էի որպես իրեղեն ապացույց, բա հոգիլասը հետս չէի ման տալու, բացատրեցի եղելությունը:

-Դիմեք մենեջերին,-ասաց նա, ես ոչինչ անել չեմ կարող:

-Իսկ որտե՞ղ է լինում ձեր մենեջերը,-հարցրեցի ես:

-Հիմա,-ասաց կշռավարը,-մի րոպե սպասեք, ես աղջիկներից մեկին կխնդրեմ, նրան կկանչի:

Աշխատակցուհին, որին ձայն տվեց կշռավարը, մոտեցավ մեզ և կշռավարը նրան բացատրեց եղելությունը, որից հետո նա ինձուղեկցեց մենեջերի մոտ:

Սրահի հարմարավետ, ազատ մասում աշխատակցուհին ինձ խնդրեց սպասել, իսկ ինքը գնաց մենեջերին ինձ մոտ բերելու և ոչ թե հակառակը: Շուտով աշխատակցուհին հետ վերադարձավ, ինձ խնդրեց մի փոքր էլ սպասել` ասելով, որ մենեջերը շուտով ինձ կմոտենա ու ինքըհեռացավ՝ իր գործը համարելով ավարտված:

-Աղջիկ ջան,-ասում եմ ես նրա հետևից,-բայց ձեր մենեջերին ես չեմ ճանաչում, ինքն էլ՝ ինձ, ինչպես իմանամ, որ հենց նա է մենեջերը:

-Պապի ջան,-ետ վերադառնալով ասաց աշխատակցուհին,-գնդլիկ երիտասարդ տղա է, հենց որ այն դռնից դուրս գա, դու կմոտենաս,-ժպտալով ասաց աշխատակցուհին ու գնաց իր գործը կատարելու:

Իհարկե, գնդլիկ երիտասրդը շուտով դուրս եկավ այնտեղից, որտեղ ցույց էր տվել աշխատակցուհին, բայց լրիվ այլուղղությամբ շարժվեց: Բայց ես ձեռքով նշանարեցի, հասկացնելով, որ իրեն սպասող հաճախորդը ես եմ:

Նա մոտեցավ, սիրալիր բարևեց ու հարցրեց թե ինչու՞մն է բանը: Լսելով ինձ ու տեսնելով իմ ներկայացրած դատարկ ցելոֆանե տոպրակը՝գնանշումով, հարցրեց.

-Իսկ լրացման կտրոնը ունե՞ք:

-Ոչ,-ասու մեմ,-տանը աղբարկղի մեջ գցեցի, եթե անհրաժեշտ է գուցե փնտրեմ և գտնեմ:

-Հիմա արդեն ուշ է, և տնօրենն էլ արդեն գնացել է, ես ոչինչ անել չեմ կարող, ձեզ խնդրում եմ, առավոտյան տասին եկեք և ես ձեզ կտանեմ տնօրենի մոտ:

-Սկզբունքի հարց է, գումարն էլ մի մեծ գումար չէ-ասում եմ ես,-գուցե և առավոտյան չգամ, բայց ուշադիր եղեք:

Ես հրաժեշտ եմ տալիս գնդլիկ մենեջերին և տուն շտապում, շուտով ֆուտբոլ է սկսվելու:

Երբ արդեն ֆուտբոլը վերջացել էր և ես արդեն անկողնում էի, սկսեցի մտքումս հաշվարկներ կատարել: Իմ հաշվարկով ես կորցրել էի ութ հարյուր դրամ, դեռ մի քանի լումաէլավելի: Դե, քանի որ հիմա լումային բանի տեղ դնող չկա, ուստի հաշվարկներս կլորացրած, միայն դրամով հաշվեցի:

«Ուրեմն, հաշվում եմ ես, ութ հարյուր դրամով, ես կարող եմ չորս անգամ քաղաքի կենտրոն գնալ ու գալ (ապրում եմ Նորքի զանգվածում) կամ չորս հատ կլոր մատնաքաշ գնել կամ ութ հատ էժան պաղպաղակ գնել կամ երկու հատ պեպսիկոլա վերցնել կամ ութ անգամ «Գրական թերթ» գնել կամ տասն և ավելի անգամ փողոցի դրամ խնդրողներին բարեգործություն անել և այլն, և այլն…

Երբ առավոտյան արթնացա և հիշեցի քնից առաջ իմ կատարած հաշվարկները, որոնք երկար շարունակվել էին նաև երազումս, հասկացա, որ կորցրածս բավականին մեծ գումար է իրենից ներկայացնում, եթե այն ճիշտ նպատակով օգտագործեմ, ուստի որոշեցի անպայման գնալ սուպերմարկետ և հանդիպել տնօրենի հետ:Նախ տնային աղբամանում փնտրեցի և գտա ճմրթված գնակտրոնը, հարթեցրեցի և տեսքի բերեցի, ապա մնացած գիլասից, որի մի մասն արդեն օգտագործել էինք, ընտրեցի հինգ հատ ոչ բարետես գիլաս, բա հո խոշորները և լավ տեսքովները չէի ընտրի, դրեցի նույն ցելոֆանե տոպրակի մեջ, որպես փատացի ապացույց և մեկնեցի սուպերմարկետ:

Երբ մտա սուպերմարկետի սպասասրահ և աշխատակցուհիներից մեկին խնդրեցի, որ մենեջերին կանչեն, նա սիրալիր խնդրեց, որ սպասեմ և շուտով ինձ մոտեցավ մի երիտասարդ աղջիկ և ոչ թե գնդլիկ մենեջերը: Պարզվեց, որ այդ օրվա հերթապահ մենեջերը նա էր և լսելով իմ պատմությունը, ուղեկցեց տնօրենի մոտ:

Տնօրենը, որը նստած էր իր աշխատասեղանի մոտ, տեղից բարձրացավ, ձեռքով բարևեց ինձ, ապա հարցրեց ներկայանալուս պատճառը:

Ես, իհարկե նախապես փողկապ էի կապելու շլյապա դրել՝ազդեցիկ տեսք ընդունելու համար, նրան մեկնեցի գնակտրոնը, ցելոֆանե տոպրակը՝ հինգ հատ գիլասե իրեղեն ապացույցներով, բացատրեցիե ղելությունը:

Նա ուշադիր զննեց բոլոր երեք իրեղեն ապացույցները, գնակտրոնի վրա ինչ-որ նշումներ արեց, ապա ասաց.

-Թյուրիմացություն է եղել, որի համար ներողություն ենք խնդրում, այս տղայի հետ կմոտենաք համապատասխան դրամարկղին, հաշվարկ կանեն և ձեր ավել վճարած դրամը հետ կվերադարձնեն:

Ես շնորհակալություն հայտնեցի տնօրենին, հատկապես շեշտելով, որ գումարը մի մեծ բան չէ, բայց ճշմարտությունը վերհանելը սկզբունքի հարց է:

Իհարկե, դրամարկղում հաշվարկը կատարեցին, իմ ավել տված գումարը հետ վերադարձրին:

Հարմար առիթի դեպքում՝ հետագայում ես ձեզ կհայտնեմ, թե ինչ նպատակով օգտագործեցի այդ կորցրած ու ետ բերած գումարը: Սկզբունքի հարց է:

Սիմակ Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հարգելի պարոն Սիմակ, փաստորեն գիշերը հաշվարկ եք արել ու տեսել, որ 800 դրամով կարող էիք «չորս անգամ քաղաքի կենտրոն գնալ ու գալ (Նորքի զանգվածից) կամ չորս հատ կլոր մատնաքաշ գնել կամ ութ հատ էժան պաղպաղակ գնել կամ երկու հատ պեպսիկոլա վերցնել կամ ութ անգամ «Գրական թերթ» գնել կամ տասն և ավելի անգամ փողոցի դրամ խնդրողներին բարեգործություն անել և այլն, և այլն», բայց խանութի տնօրենին ՀԱՏԿԱՊԵՍ շեշտել եք, որ գումարը մի մեծ բան չէ: Եթե սրան էլ հավելենք, որ շեշտում եք, որ խանութ տանելու համար ընտրել եք հինգ հատ ոչ բարետես գիլաս, ու արդարանում եք, թե «բա հո խոշորները և լավ տեսքովները չէի ընտրի» (ինչու էիք ընդհանրապես «գիլաս» տանում խանութ, որ ի՞նչը ցույց տայիք, եթե կտրոն ունեիք), ապա թույլ տվեք ասել, որ անկեղծ չեք եւ սա ոչ մի սկզբունքի հարց էլ չէր Ձեզ համար: Դուք գնացել էիք 800 դրամի հետեւից ու դրան հասնելու համար դիմել էիք անհիմն փաստարկերի եւ նույնիսկ էժանագին հնարքերի, ընդհուպ մինչեւ փողկապ կապելն ու շլյապա դնելը:
    Եւ մի բան էլ, հարգելի սկզբունքային քաղաքացի: Գիլասը հայերեն չէ (ադրբեջաներեն է, կամ արեւելաթուրքերեն), հայերեն այդ միրգը կոչվում է կեռաս:

    • Սիմակ says:

      Հարգելի Աշոտ. Շնորհակալություն, որ այդպիսի ուշադրության ես արժանացրեհատվածլ իմ պատմվածքը: Միայն կարող եմ ասել, որ չնեղանաս հանկարծ, իմագրածները շատ լուրջ ես ընդունել, սա թեթև հումորային պատմություն է, որը արտահայտում է մեր առօրյան՝ ստեղծագործական հումորեսկի միջոցով: Խորհուրդ կտայի կարդայիր Պարոնյանին, Թումանյանին, Օտյանին և հատկապես Լեռ Կամսարին, որ ճիշտ հասկանայիր իմ գրվածքի էությունը: Հումորը երկարեցնում է մարդու կյանքը, իսկ իմ գրածը թեթև հումորային պատմություն է, որը ինչ որ ձևով խարազանում է ներկայիս հոռի բարքերից մի հատված: Այսքանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031