Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում օգոստոսի 12-ին քննվում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նա նշեց, որ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը ավելի է վատացել, երբ ոստիկանները պահանջել են նրան դատական նիստերի դահլիճ բերել քայլելով, սակայն բժշկի պահանջից հետո նրան նիստերի դահլիճ են տեղափոխել պատգարակով եւ միացրել են թթվածին: Նա նման վերաբերմունքը անմարդկային է համարում. «Դատական նիստի գրեթե ողջ ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով Սեդրակ Նազարյանը քնած է եղել: Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ դատական նիստը հետաձգել եւ հիվանդանոցում արտագնա դատական նիստ անցկացնել»:
Դատարանը որոշել է բավարարել միջնորդությունը եւ Սեդրակ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: Սեդրակ Նազարյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:
Հիշեցնենք՝ «Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` շենքեր, շինություններ, զավթելը եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելը, պահելը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ