Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. «Իրավաբանությունը «Սասնա ծռերի» գործին հրաժեշտ է տվել»

Օգոստոս 13,2016 16:04

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» խմբավորման նկատմամբ հարուցված քրեական գործին միացել են նախկինում հարուցված երկու քրեական գործ:

Գործերից առաջինը նախորդ տարի հարուցված քրեական գործն է, որի շրջանակներում զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամներին` Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:

Aravot.am-ի հետ զրույցում Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նկատեց, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներին կալանավորելուց հետո նրանց խափանման միջոցը փոխվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ գործը սառեցվել էր. «Հիմա որոշվել է այդ գործը բերել, կպցնել «Սասնա ծռերի» գործին, որ որեւէ տրամաբանություն, որեւէ ընդհանուր կապ չկա»:

Հետաքրքրվեցինք, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, Տիգրան Հայրապետյանը պատասխանեց. «Իրենք չէին հասկանում, թե ինչ մեղադրանք է, երեկ եմ Գեւորգ Սաֆարյանի հետ հանդիպել, Գեւորգ Սաֆարյանը չէր էլ հիշում, իրեն անգամ չէին տվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը: Բայց բոլորի մեղադրանքը հետեւյալն է, որ իրենք, հանդիսանալով Հիմնադիր խորհրդարանի անդամներ, հրապարակային ելույթներ են ունեցել, հավաքներ են կազմակերպել, հանրահավաքներ, երթեր, ասուլիսներ, եւ իրենց ամբողջ մեկ տարվա գործունեության ընթացքում՝ 2014-2015 թվականը, որ իրենք  իրենց գործողություններով իշխանությունների նկատմամբ դժգոհություն են առաջացրել ժողովրդի մոտ եւ ժողովրդին դրդել են քաղաքական անհնազանդության:

Այսպիսի ոչ կոնկրետացած մեղադրանքներ են բոլորին, այնտեղ նշված չէր, որ այս ինչ օրը դուք հրապարակային ելույթ եք ունեցել եւ զանգվածային անկարգությունների նախապատրաստման կոչեր եք արել, այդպիսի բան չկա: Այդ ժամանակ առգրավել էին բազմաթիվ «100-ամյակն առանց ռեժիմի» բուկլետներ եւ այլն, եւ դա դիտվել է որպես զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հանցագործություն: Հենց որ ապրիլի 24-ը ավարտվեց, այդ ամբողջ հանցագործությունը ավարտվեց, այսինքն՝ ըստ մեղադրանքի, ապրիլի 24-ին դա պետք է լիներ, այսինքն՝ այդ գործը պետք է կարճվեր, բայց մեկ ու կես տարի անցել է, որեւէ գործողություն չէր կատարվել, նախաքննությունը բան չի արել, հիմա որոշել է ակտիվ գործի քննություն կատարել»:

Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ իրավաբանությունը «Սասնա ծռերի» գործին հրաժեշտ է տվել. «Հիմա պետք է սպասել, տեսնել, թե ով է լինելու Հանրապետության նոր գլխավոր դատախազը: Վստահ եմ՝ գլխավոր դատախազը այս իրավիճակում պետք է լինի ոչ միայն նորմալ իրավաբան, այլ նաեւ իրավաբանությունը կոմպրոմիսի մեջ չդնող իրավաբան: Եթե այդպիսի իրավաբան գխավոր դատախազ լինի, նա պետք է շարունակի նախորդ գլխավոր դատախազի որակումը, եւ մեծամասնությունը՝ գրեթե բոլորը, պետք է ազատ արձակվեն: Այդտեղ բացառություն են կազմում այն անձինք, որոնք կապ ունեն մահվան դեպքի հետ: Իրականում, եթե մի շաբաթ հետո նոր գլխավոր դատախազ նշանակվի, երկու շաբաթ հետո էլ կհանգուցալուծվի այդ խնդիրը եւ կավարտվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ժողովրդին դրդել են քաղաքական անհնազանդության»…

    կարգին փաստաբան…

    դէպքերի եւ իրողությունների Walt Disney-ական ներկայացում

    այդ անձիքը
    զինյալ, բիրտ եւ արիւնահեղ արարքով,
    ջանացին ժողովուրդը մղել դէպի ապստամություն,
    եւ զէնքի ուժով տիրանալ իշխանության

    իսկ օրինապէս՝
    մեղսակցությունը համազօր է հանցագործության ուղղակի հեղինակը լինելու

    հետեւաբար այո, այս հարցում իրավաբանությունը հրաժեշտ տվել է,
    պաշտպանյալ կողմի մօտ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031