Երկու քաղաքացիություն և երկու հայրենիք ունեցող Ռոմիկ Դանիալը Հայաստան է տեղափոխվել հինգ տարի առաջ՝ Իրանից: Առաջին տարբերությունը, որ Ռոմիկը տեսնում է երկու երկրների միջև այն է, որ Իրանում ազատ արտահայտման համար սպանում են, Հայաստանում՝ ոչ. «ԴԵՌ ոչ»,- շեշտում է Ռոմիկը զրույցի սկզբում:
Սփյուռքահայ երիտասարդը չի հավատում նրան, որ կան մարդիկ, ովքեր չեն պայքարում. կյանքի ամեն օրը Ռոմիկը պայքար է համարում, որից կարող ես շահած կամ պարտված դուրս գալ. «Ամեն օր մարդ պետք է հարցնի իրեն՝ ի՞նչ է արել ինքը հասարակության համար, ի՞նչ է փոխել, ո՞ւմ է օգուտ տվել իր կյանքով»,- ասում է նա:
Հայաստանում Ռոմիկի պայքարը սկսել է առաջին իսկ օրվանից: Իրանից տեղափոխված երիտասարդը, որի ճանաչած Հայաստանը երկիր էր, որի մասին խոսում էին արբանյակային կապով հեռարձակվող հեռուստահաղորդումներից, երգ ու պարի, կեր ու խումի Հայաստանը, առաջին իսկ օրվանից բախվեց իրականությանը, որը կապ չուներ իր պատկերացումների հետ:
Կարդացեք նաև
«Մարդիկ, որ գալիս են Հայաստան, չգիտեն՝ ինչ անել: Ո՞ւմ դիմել, ո՞ւմից աջակցություն ակնկալել: Մինչև ոտքի կանգնելը, աշխատանք կամ տուն գտնելը, ինչպե՞ս պետք է ապրի Հայաստան ներգաղթող մարդը: Սա հարց է, որի պատասխանը ես մինչև հիմա չունեմ»,- ասում է նա:
Ծանոթները խորհուրդ էին տալիս դիմել Սփյուռքի նախարարություն, բայց Ռոմիկը գիտի՝ իրենից կարիքավոր, պատերազմ վերապրած ու փախստական դարձած մարդիկ շատ կան: Ակտիվիստը գերադասում է, որ պետությունն առաջին հերթին նրանց աջակցի:
Ռոմիկի մասին հայկական մամուլն առաջին անգամ գրեց «Իրավունք» թերթի դեմ դատական հայց ներկայացնելուց հետո: Խոսքը վերաբերում էր պարբերականում տպագրված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հրապարակմանը:
«Հայաստան տեղափոխվելու առաջին իսկ օրը ես որոշեցի, որ երբևէ չեմ թաքցնելու անձիս հետ կապված որևէ բան, չեմ ծպտվելու: Ես չեմ կարող ապրել մի երկրում, որտեղ ազատություն չկա: Ես ուզում եմ պայքարել այս երկրում յուրաքանչյուր մարդու՝ ազատ ապրելու իրավունքի համար: Քանի դեռ մենք՝ որպես հասարակություն, չենք գիտակցել, որ չկա «իմ խնդիր» և «ուրիշի խնդիր», քանի դեռ չենք հասկացել, որ երկրի յուրաքանչյուր խնդիր վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին, մեր հարցերը չեն լուծվելու: Այո, ես պայքարում եմ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար, որովհետև հավասարությունն ինձ համար գերարժեք է»,- բացատրում է Ռոմիկը:
Առաջին անգամ Ռոմիկը քաղաքացիական պայքարի է դուրս եկել 2013 թվականին՝ Նախագահի ընտրությունների ընթացքում: Այդ ժամանակ, սակայն, Ռոմիկն աշխատում էր շատ ակտի վություն չցուցաբերել, քանի որ ՀՀ քաղաքացիություն դեռ չուներ, Հայաստանում բնակվում էր ժամանակավոր՝ 10-ամյա կացության հատուկ թույլտվությամբ:
«Այդ ժամանակ քայլերս ավելի զգուշավոր էին, քանի որ գիտեի՝ եթե մի բան այն չլինի, դեպորտ կանեն Իրան, իսկ այնտեղ, գիտեք՝ ինչ էր սպասվում ինձ՝ մահապատիժ, հատկապես սեռական փոքրամասնությունների իրավունքների ոլորտում աշխատանքիս համար»,- բացատրում է Ռոմիկը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում կամ որևէ այլ երկրում փոփոխությունները մեկ-երկու տարում չեն լինում: Մեծ ու շոշափելի փոփոխությունների համար երկարատև պայքար ու փորձ է պետք: Փորձի ձեռքբերումը՝ որպես հասարակություն, Ռոմիկը համարում է քաղաքացիական այն ակտիվությունը, որ վերջին տարիներին դրսևորում են հայաստանցիները:
«Մենք բոլորս՝ ում հարցնեք, փոփոխություն ենք ուզում: Ուզում ենք ապրել արդար, հավասար, ազատ, ինքնիշխան երկրում, որը նաև սոցիալապես առավել ապահով կլինի: Բոլորս ուզում ենք, բայց՝ մեր տանը, հեռուստացույցի դիմաց նստած, սուրճի բաժակը ձեռքներիս: Բայց չէ՞ որ այդպես չի լինում: Չէ՞ որ աշխարհի ոչ մի երկիր հենց այդպես լավը չի դարձել: Ուզում եք լավ երկրում ապրե՞լ, պայքարեք դրա համար: Պայքարեք լավ իշխանությունների համար, սոցիալական արդարության համար, ձեր իրավունքների պաշտպանության համար: Որևէ մեկը այդ իրավունքը չի բերելու և տա ձեզ: Ուզո՞ւմ եք՝ գնացեք ու վերցրեք: Բոլոր այս քաղաքացիական նախաձեռնությունները, եթե անգամ դրանք չեն հաջողել, փորձ են, հող՝ հետագա հաղթանակների համար»,- ասում է Ռոմիկը:
Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը Ռոմիկը համարում է հայաստանցիների և Սփյուռքի հայերի փոխադարձ ճանաչողության գործընթացում առկա դիսոնանսը: Ըստ նրա՝ շատ դեպքերում Սփյուռքը չի աջակցում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ կա իրական տեղեկատվության լուրջ պակաս.
«Սփյուռքի դեպքում պետք է հստակ հասկանալ՝ ինչ ինֆորմացիա են ստանում նրանք Հայաստանից: Վերջին 10 տարիներին է, որ կա համացանցը, ու տեղեկություններ փոխանցելը մի փոքր հեշտացել է: Բայց դա էլ միայն երիտասարդների համար, նրանց, ովքեր համացանցից օգտվում են: Տեղեկություն ստանալու հիմնական աղբյուրը մնում է հեռուստատեսությունը, որի ներկայացրած Հայաստանն ուղղակի դրախտավայր է՝ առանց որևէ լուրջ խնդիրների: Այդ պատճառով էլ, երբ Հայաստանում բարձրաձայնում ենք որևէ խնդրի վերաբերյալ, Սփյուռքում շատ անգամ մտածում են՝ «դե, այդքան լավի մեջ մի խնդիր էլ կա, ոչինչ»: Իրատես պետք է լինել, չկոծկել խնդիրները: Պետք չէ Սփյուռքին հետ պահել հայրենիքի խնդիրներից»,- համոզված է Ռոմիկը:
Ռոմիկի համար պայքարի հիմնական փուլը սկսվեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում: Նա մեկն էր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 1000 անդամներից, ովքեր իրացրեցին իրենց իրավունքը և որպես դիտորդ ներգրավվեցին ընտրական գործընթացում: Ռոմիկը դիտորդ էր Երևանի թիվ 4/1 ընտրատեղամասում, որտեղ «Ոչ»-ը մոտ 200 ձայնի առավելություն է ունեցել «Այո»-ի նկատմամբ։
«Ես որոշ շրջան աշխատել եմ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Փինք Արմենիա» կազմակերպությունում, այսօր էլ այնտեղ կամավորական գործունեություն եմ իրականացնում: Այս անգամ, արդեն որպես ՀՀ քաղաքացի, և այդ առումով ինձ առավել անկաշկանդ զգալով, վճռական էի իմ քայլերում: Ես ուզում էի ցույց տալ, որ սեռական փոքրամասնությունների խնդիրներով զբաղվողները, ԼԳԲՏ համայնքի մարդիկ ևս իրավունք ունեն և պետք է իրացնեն իրենց իրավունքները՝ մասնակցելով որոշումների կայացման գործընթացներին: Ես նաև ուզում էի կոտրել այն կարծրատիպը, թե ԼԳԲՏ համայնքի մարդիկ միայն իրենց խնդիրներով են զբաղվում»,- պատմում է Ռոմիկը:
Այս տեղամասում հաղթեց «Ոչ»-ը, իսկ Ռոմիկը կորցրեց իր տեսախցիկը, որը նրան վերադարձրին ժամեր անց՝ առանց հիշողության քարտի:
«Տեսեք, ես՝ մի հոգի, որպես դիտորդ արեցի հնարավորը, որպեսզի այդ ընտրատեղամասում խախտումներ չլինեին: Պատկերացրեք, եթե մենք ոչ թե հազար դիտորդ ունենայինք՝ որպես նախաձեռնության անդամ, այլ՝ 8-9 հազար: Դա կնշանակեր, որ Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում կունենայինք 2-3 դիտորդ: Համոզված եմ՝ այս դեպքում խախտումներ, լցոնումներ անելն ավելի բարդ կլիներ: Քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը չի հասկացել, որ իր բաժին փոփոխությունն անողն ինքն է, մենք ունենալու ենք նույն պատկերը»,- ասում է Ռոմիկը:
Ռոմիկը հավատում է՝ ամեն հասարակություն արժանի է այն իշխանություններին, որն ունի: Ուզում ես լավ իշխանություն ունենալ, դարձիր լավը՝ որպես հասարակություն: Նա համոզված է՝ փոփոխությունները պետք է սկսել նախ և առաջ ընտանիքից.
«Բռնակալ ընտանիքը ծնում է բռնակալ իշխանություն, բռնակալ ընտանիքը ստեղծում է հասարակությունը, որը սովոր է բռնության ենթարկվելուն: Մարդ, որն ընտանիքում անգամ երբևէ ընտրություն չի կայացրել, ինչպե՞ս կարող է կուսակցություն ընտրել կամ նախագահ: Քանի դեռ մենք չենք սովորել հարգել մեր ընտանիքի անդամներին որպես մարդ, այլ ոչ թե նրանց պաշտոնը՝ հայր կամ մայր, մենք չենք ունենալու հարգանքի ու հավասարության վրա հիմնված հասարակություն: Կայացած հասարակության մնացյալ բոլոր չափանիշները գալիս են հենց հավասարությունից»,- ասում է ակտիվիստը:
Ռոմիկը համոզված է՝ պայքարի համար տասնյակ տարիներ են պետք: Ինքը պատրաստ է՝ մնալ ու պայքարել հանուն մի երկրի, որում ուզում է ապրել. «Ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ ամեն ինչ սև ու սպիտակի մեջ չի դիտարկվի, որտեղ մարդիկ չեն պիտակավորվի, որտեղ հստակ կընդունվի այն գիտակցումը, որ բոլորը հավասար են»:
Ս․Մ․
Լուսանկարները` Ռոմիկ Դանիալի ֆեյսբուքյան էջից
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:
Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:
Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:
Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,
email: [email protected]
ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm