Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը թունդ է զբաղվում Ղարաբաղի հարցով

Օգոստոս 13,2016 18:00

Անկարան ու Բաքուն սրտատրոփ սպասում են ցանկալի արդյունքներին

Այս օրերին լայնորեն քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավման հարցը: Մարդիկ ներկայացնում են իրենց բացասական վերաբերմունքը, վրդովվում` Թուրքիային արդարացիորեն համարելով որպես ԼՂ խնդրում կողմնակալ երկիր, Ադրբեջանի շահերի բացահայտ սպասարկող:
Սա իսկապես անհերքելի փաստ է: Սակայն անկեղծ լինենք` իսկ Թուրքիայի պահվածքը նորությո՞ւն է: Իսկ որեւէ մեկն ակնկալում էր, որ Թուրքիայի իշխանությունները Ադրբեջանին չե՞ն աջակցելու: Կամ` ո՞ւմ համար պարզ չէ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկ փաթեթում են, որքան էլ դա այնքան էլ հաճելի չէ արձանագրել:

Իրականում մեզ առավելապես պետք է անհանգստացնի փաստը, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավմանը նպաստում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը` Անկարայի հետ հարաբերությունների նոր ջերմացման հենց մեկնարկին:

Պաշտոնական Երեւանը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Անկարայի մասնակցության անթույլատրելիություն արձանագրելուց բացի՝ վատ չէր լինի, եթե անդրադառնար Մոսկվայի քայլերին` Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափում Ղարաբաղի կարգավորման հեռանկարների վերաբերյալ հայտարարություններին, որոնք պաշտոնական Մոսկվան չի հերքում:

Իսկ պաշտոնական Անկարայից հնչող հայտարարությունները բավական խոսուն են: Նախ` Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարեց, թե ԼՂ հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով՝ վստահեցնելով. «Մենք ավելի վաղ եւս ջանքեր ենք գործադրել տվյալ հակամարտության կարգավորման հարցում»: Թուրք նախարարը, որն անցյալ ամիս պատրաստվում էր Անկարայում ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, այժմ շեշտում է, որ Անկարան քննարկում է Ռուսաստանի առաջարկները. «Այդ նախաձեռնությունները համընկնում են այն նախաձեռնությունների հետ, որոնք ժամանակին մենք առաջարկում էինք Հայաստանին՝ հակամարտության կարգավորման համատեքստում։ Ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ադրբեջանցի եղբայրները կողմ են, որպեսզի Անկարան իր ներդրումը կատարի հակամարտության կարգավորման հարցում»։

Պուտինի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահն էլ անկեղծացավ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կա»,- նշեց Ռեջեփ Էրդողանը՝ Սանկտ Պետերբուրգից վերադարձի ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին: Ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը` օրակարգային մի շարք խնդիրների թվում Էրդողանը, անդրադառնալով ԼՂ խնդրին, քննադատեց ԵԱՀԿ Մինսկի խմբին: Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափ ստեղծելու գաղափարին, ըստ Էրդողանի, հավանություն են տվել ե՛ւ ռուսական, ե՛ւ ադրբեջանական կողմը, այս ձեւաչափով համագործակցության նպատակն է մոտիկից հետեւել տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին` մասնավորապես ԼՂ խնդրին: «Արդեն 23-24 տարի է անցել, սակայն Մինսկի խմբի անդամ երկրները խնդիրը չեն լուծել կամ չեն ցանկացել լուծել: Իհարկե, այստեղ խոսք է գնում օկուպացիայի մասին, եւ բոլորը ընդունում են դա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ խնդիրը չի հանգուցալուծվում: Սակայն հիմա որոշակի զարգացումներ կան: Պարոն Պուտինը այս հարցով զբաղվում է, պարոն Ալիեւը եւս այդ մասին ինձ պատմեց: Իմ ցանկությունն է, որպեսզի այն հինգ շրջանները, որոնց մասին ավելի վաղ խոսվել է, ազատվեն, այդ պարագայում, կարծում եմ, կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց կգրանցվի»,- ասել է Էրդողանը:

Այսինքն` «որոշակի զարգացումներ կան», եւ «պարոն Պուտինը զբաղվում է» ԼՂ խնդրով, պաշտոնական Անկարան ու Բաքուն էլ սրտատրոփ սպասում են Պուտինի «ջանքերին» ու ցանկալի արդյունքներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկնեին Անկարա, սակայն Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով այդ այցը հետաձգվեց, եւ ամենայն հավանականությամբ այն կկայանա առաջիկայում:

Այն, որ Թուրքիան ներգրավվելու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում` դեռ շաբաթներ առաջ հենց Ռուսաստանից հնչեցին առաջին ազդակները: Հուլիսի վերջին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց. «Թուրքիայի, ինչպես նաեւ ցանկացած այլ երկրի ընդգրկման հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը կախված է երկրի կառուցողական ներդրումից բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է Թուրքիայի միանալուն ԼՂ կարգավորմանը, ինչպես նաեւ ցանկացած այլ կարգավորմանը, ցանկացած այլ բանակցային գործընթացին, խաղաղ գործընթացին` ընդհանրապես խոսքը կարող է գնալ ոչ միայն Թուրքիայի մասին, ցանկացած կառուցողական համագործակցություն կարելի է դիտարկել հենց այդպիսի տեսակետից՝ որպես կառուցողական փոխազդեցություն: Եթե պետությունն ունի ինչ-որ դրական բան ավելացնելու, ինձ թվում է, որ այդտեղ չի կարող լինել որեւէ խնդիր, սակայն կրկին ասում եմ՝ եթե խոսքը վերաբերում է կառուցողական ներդրմանը»:

Ավելին, Զախարովան այս հայտարարությունից հետո ֆեյսբուքյան իր էջում հարկ համարեց լրացուցիչ պարզաբանմամբ էլ հանդես գալ` նկատելով, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Հայաստանից եւ Ադրբեջանից մի շարք լրագրողների: «Դուք ցանկանո՞ւմ եք հաղթահարել հակամարտությունը, թե՞ այն խորացնել՝ Ձեր ճաշակով նորություններ հորինելով: Վտանգավոր զբաղմունք է»,- գրել է նա` հավելելով. «Ստիպված եղա ընդհատել մենախոսությունը: Հետո այլ լրագրողներ սկսեցին մոդելավորել պատասխանից սենսացիա, թե իբր Մոսկվայի ցանկությունն է ԼՂ հակամարտության կարգավորմանը Անկարայի մասնակցությունը: Չե՞ք ամաչում: Այն պահին, երբ իսկապես շանս կա առաջընթաց գրանցելու: Ինչո՞ւ եք դուք դա անում: Մի՞թե այդքան տարիներն ու այդքան զոհերը փաստարկ չեն պատասխանատու մոտեցման համար…»:

Մոսկվայից հնչած հայտարարություններից օրեր անց թուրքական «Հուրիեթի» հոդվածագիր Ֆաթիհ Չեքիրգեն հոդված հրապարակեց, որում բացահայտում էր իր եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ կայացած զրույցն ու Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին թուրքական դիվանագիտության մտադրությունները։ Նա գրում էր, որ հուլիսի 15-ի երեկոյան Սամսունում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, որը նոր էր վերադարձել Բաքվից։ Հոդվածագիրը ներկայացրել էր իր եւ Չավուշօղլուի երկխոսությունը. «Պարոն նախարար, Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են, բարեկամները ավելանում են…»: «Այո, տես դեռ ինչքան լավ բաներ են լինելու։ Հավատա, խաղաղության վերաբերյալ շատ հրաշալի նորություններ են լինելու»,- պատասխանել էր Թուրքիայի ԱԳ նախարարը։ Այս երկխոսությունից հետո Չեքիրգեն խնդրել է մանրամասնել, թե ինչ նկատի ունի նախարարը, ինչին ի պատասխան՝ Չավուշօղլուն հորդորել է զինվել համբերությամբ։ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Չեքիրգեն փորձել էր Թուրքիայի դիվանագիտության իր աղբյուրներից տեղեկանալ, թե ինչ նկատի ուներ Չավուշօղլուն։ Դիվանագիտական աղբյուրներին հղում անելով՝ հոդվածագիրը գրել էր. «Խաղաղության վերաբերյալ առաջին բանակցությունները Չավուշօղլուն անցկացրել է հուլիսի 14-15-ին՝ Բաքվում։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ տեւական խաղաղություն հաստատելու համար ստուգում էր Բաքվի արձագանքները։ Գործընթացն առաջ տանելու համար պարարտ հող էր նախապատրաստվել։ Ահա այդ տրամադրությամբ էր Սամսուն եկել»։

Այս օրերին նաեւ պաշտոնական Բաքուն չէր թաքցնում իր ակնկալիքները ռուս-թուրքական մերձեցումից: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ հույս էր հայտնել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների նորմալացումը դրական կազդի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Եթե այս ամենին գումարենք ռուսաստանյան «Իզվեստիա»-ի, թերեւս, ոչ պատահականորեն հրապարակված հոդվածն այն մասին, թե ԼՂ կարգավորման ռուսական պլանը նախատեսում է նաեւ Հայաստանի ապաշրջափակում Թուրքիայի կողմից, ապա ամեն ինչ, ինչպես ասում են, տեղն է ընկնում:

Ռուսաստանն ու Թուրքիան միասնական ընդգծված քարոզչական լուրջ աշխատանք են տանում ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Երկու երկրների իշխանությունների նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս փուլում որոշակի թուլացնելն է եւ համանախագահների կողմից ներկայացված պահանջների իրականացումը երկարաձգելը: Մոսկվան ու Անկարան Բաքվի ակնկալիքները բավարարելու հարցում հետեւողական աշխատանք են տանում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երեւում է, իր դաշնակցին մեջքից խփելը վարակի նման փոխանցվում է մեջքից խփվողին, էս խփվողն էլ հիմա փորձում է մեզ՝ որպես դաշնակցի, մեջքից խփել: Եթե դա նրանց հաջողվի ու մենք էլ վարակվենք դրանով, կսկսենք արդեն հայերով իրար մեջքից խփել:
    Ո՞րն այլընտրանքը՝ բնական է, մասնագետ չեմ, դրա համար էլ սիրողական մակարդակով: Այնտեղ, որտեղ վերջանում են օրենքները, սկսվում են գողական հասկացողությունները: Ի տարբերություն ներպետական օրենսդրության, միջպետական օրենսդրությունը անհամեմատ անմակարդակ է եւ այստեղ գործում են հիմնականում գողական հասկացողությունները: Օրենքն անհամեմատ ավելի արդյունավետ է ու նախընտրելի եւ վաղ թե ուշ գալու ենք վերպետական կառավարություն ստեղծելու գաղափարին եւ հիմա կռիվը գնալու է երկու քաղաքակրթությունների՝ քոչվորների ու նստակյացների միջեւ՝ ո՞ւմ վերպետական կառույցն ավելի ուժեղ կգտնվի ու կհաղթի մյուսին: Կարճ ասած, հարեւան պետությունների հետ հարաբերվելու օրենք ենք գրում՝ անկախ այդ հարեւանի դաշնակից թե թշնամի լինելու կարգավիճակից ու գործում միմիայն մեր գրած օրենքի սահմաններում, անկախ նրանից, թե որքանով է այն այս րոպեին մեզ ձեռընտու: Ոչ մի գողական հանդիպումներ ու համաձայնություններ, գրում ենք օրենք ու ոչ մի տառ այդ օրենքից դուրս: Եթե մեր պատգամավորներն էդքան պլոճիկ չունեն, որ սեփական խելքով օրենք գրեն, մնում է մեր մտավորականությունը գրի այն ու ազգովին ստիպենք անպլոճիկ պատգամավորներին այդ օրենքները ընդունեն:

  2. Մինաս says:

    Մեր առաջնահերթ խնդիրը այն չէ թե ով ինչ է ասում կամ ինչպես է ինքն ուզում կարգավորել, այլ այն, որ տանկերի մեջ սոլյարկա լինի, ակկումուլյատորները տեղը լինեն, զինվորը փամփուշտ ու հագուստ ունենա, իսկ գեներալները մատակարարվող սնունդը չգողանան ու իրենց համար բիզնես ու դաչեք չսարքեն: Իսկ երկրորդ խնդիրն այն պիտի լինի, որ հստակ ձեւակերպենք ու վերջապես բացահայտ ասենք թե ինչ ենք ուզում: Մինչեւ հիմա մենք անորոշ բաներ ենք մզմզում, իսկ դրսից այնպես է ներկայացվում ինչպես ուզվում է …

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031