Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի «հողը» «մարդ» դառնա

Օգոստոս 13,2016 10:02

Մի քանի տեղ կարդացել եմ, որ Պուտինը ասել է` «հայերը պիտի հողերը տան»: Այդ տեսակի առասպելները շատ արագ են տարածվում, եւ դրանք հերքելն անիմաստ է: Մարդիկ հավատում են այն «տեղեկատվությանը», որին նախատրամադրված են հավատալու, եւ 25 տարվա փորձը գրեթե ամեն օր տալիս է դրա ապացույցները: Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահը երբեք չի ասել` «մեր ուժը մեր թուլության մեջ է». ցանկացած մարդ, ով գոնե 10 րոպե շփվել է Տեր-Պետրոսյանի հետ, կհավաստի, որի նման անհեթեթ միտք նա չէր կարող հայտնել: Բայց նրա հակառակորդները շարունակում են նման վերագրումներ անել եւ չեն տրամադրում որեւէ փաստաթուղթ, տեսագրություն կամ ձայնագրություն, որը կհաստատի իրենց այդ մտասեւեռումը:

Ճիշտ նույն սերիայից է, թե Պուտինը նման բան է ասել: Որպես դրա «ապացույց» բերվում են վերջին 5 տարում քաղաքագետների, փորձագետների, լրատվամիջոցների կամ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, հրապարակումները եւ այլն: Բայց դա իրականում ապացույց չէ. ես էլ կարող եմ «Առավոտի» կայքում հազարումի բան գրել, դա կհայտնվի google-ում, ուրիշ կայքեր մեջբերումներ կանեն, էքզալտացված աղջիկներն ու կանայք կսկսեն դրան ավելացնել իրենց սեփական էմոցիաները, եւ առասպելը պատրաստ է: Ինչպես ասում էր հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովը (Չացկու շուրթերով)՝ «поверили глупцы, другим передают, старухи вмиг тревогу бьют, и вот общественное мнение:

Բայց այստեղ կարեւոր է, թե ի՛նչ տեսակի առասպելներ են տարածվում: Թեման ՀՈՂՆ է, հող հանձնել-չհանձնելը, ոչ մի թիզ հողը, հող ազատագրելը, հող պահելը: 1965 թվականին մարդիկ Երեւանում դուրս էին եկել փողոց եւ դարձյալ «հողեր» էին պահանջում: Իսկ ես մտածում եմ ոչ թե «հողերի», տարածքի, հեկտարների կամ գոտիների մասին, ես մտածում եմ Մարդկանց, նրանց՝ իրենց տներում երջանիկ եւ բարեկեցիկ ապրելու, նրանց անվտանգությունն ապահովելու մասին: Առայժմ ես, ճիշտն ասած, չեմ տեսնում կարգավորման որեւէ տարբերակ, որի արդյունքում Արցախում ապրող մարդկանց գլխին չկախվի ամենադաժան, ամենաարյունալի ցեղասպանության վտանգը: Այս պահին էլ է կախված, բայց որեւէ կարգավորում սկսելուց հետո ավելի շատ չի՞ կախվի:

Հավանաբար, մեր ուղեղներում պետք է որոշակի հեղափոխություն տեղի ունենա, եւ «հողը» պետք է «մարդ» դառնա: Ընդ որում, ամբողջ Հայաստանում՝ ներառյալ Արցախը: Մարդը չի ծնվում «հող պահելու» համար, նրա առաքելությունն է այդ հողում ուրախ եւ երջանիկ ապրելը: Ոչ թե մարդն է հողի համար, այլ հակառակը՝ հողը՝ մարդու: Եթե դա խորապես ընկալվի, ապա մենք գուցեեւ կհասկանանք, թե մեր ինչին է պետք հողը: Հարցը միայն առաջին հայացքից է սրբապիղծ թվում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Վերջապես says:

    Ոնց որ ես գրած լինեի)))
    լրիվ համաձայնե մ,
    մարդու որպես գործընթացների ելակետի ու առանցքի հարցը դուրս է կարծես, թե իշխանական, թե սութի ազգայնական դիրսկուրսից։

  2. Լավատես says:

    ՝«հողը» պետք է «մարդ» դառնա՝

    Սրբապիղծ չի հնչի, եթե «մարդու» փոխարեն օգտագործվի «հարազատ երեխա», որը սիրո ու պաշտպանության խիստ կարիք ունի:

  3. Տիգրան says:

    Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահը երբեք չի ասել` «մեր ուժը մեր թուլության մեջ է». ցանկացած մարդ, ով գոնե 10 րոպե շփվել է Տեր-Պետրոսյանի հետ, կհավաստի, որի նման անհեթեթ միտք նա չէր կարող հայտնել:

    Գուցե պաշտոնապես չի ասել, բայց 90-95 թվերի Գերագույն խորհրդի միջանցքներում ու աշխատասենյակներում ՀՀՇ վերնախավը որոճում էր «մեր պաշտպանությունը մեր անպաշտպան լինելու մեջ է» արտահայտությունը եւ ասում էին, որ Հնդկաստանում, երբ անգլիացիները զինված հարձակվում էին հնդիկների վրա, վերջիններս ոչ մի դիմադրություն չէին ցույց տալիս, եւ իբր այդպիսով նրանք հաղթեցին անգլիացիներին: Չեմ պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր, բայց համենայն դեպս այդպես էր խոսում ՀՀՇ վերնախավը: Հաշվի առնելով հայաստանյան իրողությունը, պետք է ենթադրել, որ դա գալիս էր ԼՏՊ-ից: Նույն ԼՏՊ-ն չէ՞ր, որ հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է:

    • Իրավաբան says:

      Ձեր հարցերը դժվար թե մեկը մյուսի հետ կապ ունենան:
      Եթե իհարկե մեծ չէ ցանկությունը՝ ցանկալին իրականի փոխարեն ընդունելու:
      Եվ հետո ախխր էնքան պարզ ա—ստե ընդե ասել են- պոլիկլինիկային լյուբան կամ էլ դեմի շենքի ազգուշն աասում էր-պետական քաղաքականության հիմք չպիտի լինի-:
      Պրինցիպի սովարական բանավեճում էլ:
      Ցավոք սրտի-մարդիկ սիրում են սուտ բաները որոճալ ու բարձրաձյնել:
      Դ ե իսկ ԼՏՊ գրելը, իրեք տասով զրո– ինքնին փաստարկ է??????????????

      • Տիգրան says:

        Անունդ դրել ես Իրավաբան, բայց 2 բառ չես կարողանում հասկանալի ձեւով գրել: Պրինցիպի: Պրինցիպին ի՞նչն էր, в принципе՞-ն, սկզբունքորենը՞: Այ էդ որակով էլ ընկալել ես ասածներս: Իսկ հարցեր, ես չեմ տվել այդ մեկնաբանությունումս, իրավաբան: Բայց դե ինչ բացատրեմ քեզ, եթե դու իրավաբան լինելով՝ հարցը չհարցից չես տարբերում:

  4. Տիգրան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, քանի որ Դուք լավ տեղեկացված եք ԼՏՊ-ի մտքերից ու գործունեությունից, կխնդրեի օգնեիք ստանալու հետեւյալ հարցի պատասխանը: 1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության Հռչակագիրը, որով նաեւ փաստվում էր, որ 1989թ. դեկտեմբերի 1-ից սկսած Ղարաբաղը Հայաստանի մաս է: Օգոստոսի 23-ից 13 օր անց, սեպտեմբերի 5-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին ու ԼՏՊ-ն ստորագրեց, որ Ղարաբաղում Ղարաբաղն ինքն է որոշում ՏԻՄ ընտրությունների անցկացման կարգը: Հիմա՝ հարցս: Ինչո՞ւ էր Ղարաբաղը ինքը որոշում այդ կարգը, իսկ, ասենք Երեւանը՝ ոչ, եթե ինչպես հայտարարված էր 13 օր առաջ ընդունված Հռչակագրում, Ղարաբաղը Հայաստանի մասերից մեկն էր: Իսկ եթե Ղարաբաղը Հայաստանի մաս չէր, ապա ինչո՞ւ էր Հայաստանի մաս չկազմող տարածքի վերաբերյալ որոշում ընդունում ՀՀ ԳԽ-ն: Այդ ի՞նչ էր տեղի ունեցոլ այդ 13 օրվա ընթացքում, որ այդպես կտրուկ փոխել էր ԼՏՊ-ի դիրքորոշումը: Շնորհակալություն:
    Դիվանագիտական մեր պարտության սկիզբը դրվեց հենց այդ օրը՝ ԼՏՊ-ի նախաձեռնությամբ:

  5. Տիգրան says:

    Ու մի հարց եւս, հարգելի պարոն Աբրահամյան: Գրիբայեդովին Դուք հայտարարում եք «հայ ժողովրդի ՄԵԾ բարեկամ»: Մեծ բարեկամը շատ լուրջ հասկացություն է: Կասեք, թե իր որ գործողության, գործունեության համար եք նրան համարում հայ ժողովրդի ՄԵԾ բարեկամ: Որքան ինձ է հայտնի, Գրիբայեդովը նույնիսկ բարեկամ չի եղել հայ ժողովրդին, էլ ուր մնաց՝ ՄԵԾ բարեկամ:

    • Վարանդ Փափազեան says:

      Եթէ մարդուն երջանկութիւնը կը կայանայ առողջութեան , նիւթական հարստութեան եւ հաճոյքի մէջ ապա անկարեւոր, եւ նոյնիսկ խանգարիչ, տարր կը դառնան հող,հաւաքական շահ ,ռազմաքաղաքական անվտանգութիւն ինչպէս նաեւ ազգային տնտեսութիւն եւ ազգային մշակոյթ հասկացութիւնները,յատկապէս այսօր, երբ շուկան ,գիտութիւնը եւ մետիան անհատին նիւթական եւ մարմնական պահանջներուն գոհացումը եւ համապատասխան քարոզչութիւնը վերածած են քաղաքակրթական առանցքներու:
      Բայց, արժէք են մշակոյթը եւ հաւաքական ուրոյն կեանքը . հողին եւ մարդուն յարաբերութիւնը կ’անցնի անդին արտադրական-սպառողական շրջանակէն ,ան կ’ընդգրկէ պատմութիւն եւ յիշողութիւն ,յաղթանակներ եւ գերեզմաններ,հերոսներ եւ հանճարներ ,ուրոյն մշակոյթ,լեզու եւ մտածելակերպ. հողին պէտք է նայիլ ոչ թէ իբրեւ կածան կամ ճանապարհ այլ՝ որպէս ազգային վերապրումին՝ պետութեան եւ ժողովուրդին հզօրացման եւ բարգաւաճման ծառայող մշակութային,ռազմաքաղաքական եւ տնտեսական գործօն:
      Ապա թէ ոչ ,անկախաբար Արցախեան տարածքներու հարցէն, ինքնաբերաբար կ’արժեւորուի հողին լքումը եւ կ’իմաստաւորուի Հայաստանէն արտագաղթը դէպի աւելի բարօր տնտեսութիւններ :Մարդուն օտարումը հողէն, հողէն մեկնումը կամ հողին ուրիշին յանձնումը հաւասարապէս կ’արտայայտեն ազգային հաւաքական ընկրկում՝ անկախ հայրենիքի եւ ինքնուրոյն պետականութեան մերժում:

      Վարանդ Փափազեան

  6. Տիգրան says:

    Մարդը չի ծնվում «հող պահելու» համար, նրա առաքելությունն է այդ հողում ուրախ եւ երջանիկ ապրելը: Ոչ թե մարդն է հողի համար, այլ հակառակը՝ հողը՝ մարդու: Եթե դա խորապես ընկալվի, ապա մենք գուցեեւ կհասկանանք, թե մեր ինչին է պետք հողը: Հարցը միայն առաջին հայացքից է սրբապիղծ թվում:

    Հողը փոխարինենք պետություն բառով ու փորձենք դա մտցնել մեր չինովնիկների գլուխը: Հենց հասնենք սրան, կտեսնենք, թե մեզ որքան անհետաքրիր կլինի, թե ով է վարչապետ, ով է նախագահ, կտեսնենք, թե որակապես ինչքան կլավանա մեր կյանքը: Հարցը միայն առաջին հայացքից է սրբապիղծ թվում:

  7. Հարգելի հեղինակը տարիներ շարունակ արժանավայել իրականացնում է հայերի ծայրահեղ դրսևորումները հավասարակշռելու ծանր առաքելությունը, սակայն ելքեր գտնելու հարցում խանգարում է ստացած կրթության ու առօրյա աշխատանքի ձևավորած միակողմանի աշխարհայացքն ու բանայնական (ռացիոնալ) մտածելակերպը։ Հենց ինքն իր կյանքով ապացուցում է, որ մարդու առաքելությունն իր հողում զուտ ուրախ ու երջանիկ ապրելը չէ, այլ սեփական տառապանքով այդ հողի վրա ապրող մարդկանց երջանկացնելը՝ սեփական ինքնազարգացման միջոցով (ըստ Յունգի՝ Ինդիվիդուացիայի միջոցով Ինքնության հասնելը)։ Սա մեր Հոգու հիմնական ձգտումն է՝ ի հակակշիռ հաճույքատենչ բնազդների։
    Պետք չէ ուղեղներում հեղափոխություն, այն ենթադրում է հասարակությանը երկփեղկող գաղափարախոսություններ (նաև լրագրողների միջոցով) և մարդկանց մշտապես հիսաթափեցնող առաջնորդներ, այլ պետք է անհատական գիտակցության աստիճանական հասունացում՝ ՚՚ես՚՚-ի մանկական ցանկություններից ազատվելու միջոցով։ Հենց հայերի հավաքական գիտակցությունում գերակշռի ՙՙմարդն է հողի համարՙՙ մտածելակերպը, ինչպես օրինակ չինացիների մոտ է, մեզ իրոք ուրախ ու երջանիկ կյանք է սպասվում մեր իսկ հողի վրա։
    Կարծում եմ, արձակուրդի ժամանակ արժե այս մասին մտածել։

  8. gib.gibindus says:

    Չէ, չի ստացվի, որ հողը մարդ դառնա: “Հողեմ գլուխդ, Ալիև” ֆրազը կձևափոխվի “Մարդեմ գլուխդ. Ալիև” ֆրազի և ամեն ինչ անիմաստ կդառնա: Թե չէ մնացածը շատ հաջող է ասված`ռոմանտիկ շարադրություն “Հող էիր`հող դարձիր” Ֆիրդուսու բառերով որպես նախաբան:

    • eeh says:

      Չէ,սա մենակ ռոմանտիկա չէ։ Կարևոր միտք է պարունակում՝ «life, liberty and pursuit of happiness»-ը հայկական «իրենց տներում երջանիկ եւ բարեկեցիկ ապրելու, նրանց անվտանգությունն ապահովելու» ձևով։ Էսպիսի մոտեցում մեկ էլ մի տաս տարի առաջ, գուցե ավել՝ լավ չեմ հիշում, Հենրիկ Հովհաննիսյանը արտահայտեց։
      «Միշտ ասում ենք մեր երեխեքը լավ ապրեն։ Մեր պապերնէլ էին նույնը ասում, ծնողնոերն էլ, բայց ոչ մի սերունդ լավ չի ապրում։ Գուցե պետք է ձգտել մե՞նք լավ ապրենք, որ մեր երեխեքն էլ լավ ապրեն»։
      Ճի՞շտ եմ հասկացել միտքդ, հարգելի Արամ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031