Երբ սերը մի օր բացում է թեւերը ու գրկում մեզ` մենք ինքնամոռաց հանձնվում ենք, երջանիկ, որ վերջապես արժանացանք ճակատագրի ողջ հմայքին, առանց ենթադրելու, որ մեզ գրկող սիրո թեւերը ընդամենը մեզ գամում են խաչին: Թվում է նաեւ, որ մենք ներս ենք մտնում մի դռնով, որտեղով մեզանից առաջ ոչ ոք չի անցել, թերեւս մենք առաջինն ենք եւ միակը… Այնինչ` թվում է միայն: Որովհետեւ աննկատ վրա է հասնում հոգիներ ամայացնող քամին, եւ առաջինը մեզ` թվացյալ երջանիկներիս, վտարում մենության անբախտություն:
Տարիներ առաջ, երբ ես առաջին անգամ տեսա Թաջ Մահալը, կապույտ ձկան նման լողալով` եկավ, եկավ, ու ինձ քսվելով անցավ հոգիս սարսռացնող մի անհայտ, անծանոթ զգացողություն: Ես նույնիսկ ձայնը լսեցի, որն ասում էր` այլեւս երբեք, երբեք, երբեք, քանի որ ապագան վաղուց անցել է, իսկ անցյալը այլեւս ետ չի գալու:
– Ի՞նչն է մղում մեզ, երբ առանց մտածելու նետվում ենք սիրո բաց գիրկը,- մտածում էի` նայելով արեւի տակ շողշողացող իր գեղեցկությունից շփոթված տաճարին,- առնչությունը հավերժականի՞ն, թե՞ մեր սահմանափակ երեւակայության հուսահատությունը: Գուցե ուզում ենք ձերբազատվել մեր ներսի դատարկությունից եւ հետեւելով համընդհանուր չճանաչված անփորձությանը, ազատություն գտնենք ուրիշի մեջ եւ օգտվելով սիրո շնորհած բարձրագույն բարիքներից` ոչնչացնենք սերը, մի բան, որ մեզ երբեք էլ չի հաջողվի: Քանի որ սերը մեր սեփականությունը չէ, սերը ապրում է իր կյանքով եւ սիրում է միայն իրեն ու այցելում է մեզ միայն այն ժամանակ, երբ որ ինքն է ուզում, որպեսզի ուրախացնի մեզ` չնվիրելով ցանկալի երջանկությունը, եւ երբ հեռանում է` ուզում է լսել մեր լացը՝ իր հետ չտանելով, սակայն, մեր բոլոր արցունքները…
Սերը ընդամենը մի կենդանի կղզի է անհոգի դատարկության մեջ՝ շարունակում էր ինձ հուշել խորհրդավոր տաճարը, եւ մեզ տրված է բախտի յոթ օր, քանի որ մնացյալը այլեւս անբախտությունն է: Որովհետեւ յոթերորդ օրը նա անպայման լքում է մեզ եւ հեռանում մեզանից` ինչպես կռունկների երամ, որի մարմրող ձայնը մենք լսում ենք արդեն հեռվից եւ տեսնում, թե ինչպես է այն անվերադարձ անհետանում հեռու հորիզոնում` թողնելով մեզ վերահաս աշնան գիշերվա դեմ մեն-մենակ: Հետո, շատ ավելի ուշ, ես հասկացա, որ արցունքի պես անպաշտպան այդ տաճարը, ինձ համար բացելով սիրո խորհուրդը, ինձ պատմում էր իր մասին, քանի որ սերը ինքն էր, իսկ մենք` ընդամենը յոթ օրվա ուխտավորներ:
Կարդացեք նաև
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
12.08.2016