Ռուբեն Առաքելյանի հարազատներն ահազանգում են,
որ գերմանահայ բժիշկն իրենց խաբել է ու գումարներ շորթել
Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանը: Նրա անունով դրամահավաք կազմակերպվեց, եւ թոշակառուներն անգամ իրենց լումաներով կոպեկ-կոպեկ հավաքեցին Գերմանիայում Ռուբենի բուժման համար անհրաժեշտ գումարը:
Սակայն «Առավոտին» են դիմել Ռուբեն Առաքելյանի հարազատները՝ պատմելով, թե ինչպես են իրենք խաբեության զոհ դարձել. զինվորի արյան համար լումայով հավաքված փողի մի մասը, նրանց պատմելով, Գերմանիայում գրպանել են:
Գերմանիայի հայ բժիշկների միության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը կապվել է Ռուբեն Առաքելյանի հարազատների հետ եւ «Յոր Գլոբալ Մեդ» ձեռնարկության ծառայություններն առաջարկել զինծառայողի՝ Բոնի համալսարանին կից պոլիկլինիկայում բուժումը շարունակելու համար:
Կարդացեք նաև
Ռուբեն Առաքելյանի հարազատներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ կլինիկային փոխանցել են 77 հազար 490 եվրո. «Հավաքել էինք նաեւ 11 հազար եվրո, որը փոխանցել ենք Վարդան Խաչատրյանին: Այդ գումարով նա խոստացել էր, որ 3 ամսվա համար պետք է Ռուբենի մորը՝ Անահիտին, հյուրանոցում տեղավորի, սննդի հարցերը լուծի, ապահովի թարգմանություն: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք պայմանավորվել էինք, որ ինքը ինչ անի՝ պետք է կտրոնով անի: Մեզ ներկայացել էր որպես Գերմանիայի «Գլոբալ Մեդ» կազմակերպության տնօրեն Վարդան Խաչատրյան, պարզվեց՝ ինքը տնօրենը չի, խաբեբայություն էր: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք Viber-ով խոսել ենք, եղել է իմ կինը, քեռին, ես, շատ-շատ բարձր բաներ էր խոստանում, բայց ոչ մի բան չի արել: Խաբեբայությունով այդ 11 հազար եվրոն տարել է, որը հավաքվել էր հայ ազգի օգնությամբ՝ տատիկների թոշակով, կոպեկ-կոպեկ հավաքված գումար է: Գնացել տեսել ենք՝ ոչ մի թարգմանիչ չկա այնտեղ, ոչ մի հյուրանոց չի տարել: Ռուբենի մայրը հիմա կլինիկայում է ապրում, սնվում է կլինիկայի ուտելիքներով: Ինքն ասել էր՝ ամեն օր հյուրանոցից Անահիտին պիտի բերեր կլինիկա՝ երեխայի մոտ, հետ տաներ հիվանդանոց, բայց հյուրանոց ընդհանրապես չի եղել: Կլինիկայից ասացին՝ մեր կողմից հիվանդի մորն էլ ենք հաց տալիս, Վարդան Խաչատրյանը ոչինչ չի արել: Այդ 11 հազարից օրինական՝ կտրոնով ծախսվել է մենակ 1250 եվրո՝ օդանավակայանից մինչեւ կլինիկա տանելու համար»:
Հովհաննես Թումանյանը պատմեց, թե ինչքան են սկզբում ոգեւորվել, երբ Վարդան Խաչատրյանը կապվել է իրենց հետ եւ խոստումներ տվել. «Քանի որ հայ էր, մենք գտանք, որ ավելի լավ է՝ հայի մոտ ուղարկենք մեր երեխուն, սրտացավ կլինի: Ասում էր՝ հարազատիս պես եմ նայելու: Բայց ես անձամբ գնացել եմ այնտեղ, տեսել եմ, որ իրենց կողմից ոչ մեկը չի եկել, բժիշկները գալիս խոսում են՝ մայրը չի հասկանում, մենք չենք հասկանում: Հայ մարդիկ կան, խնդրում ենք, գալիս են իրենք են թարգմանում, որ մի բան հասկանանք: 24 ժամ Անահիտը մենակ է, կողքերը մարդ չկա: Բժիշկը առավոտ 9-ին ստուգայց է անում, ինչ պետք է՝ ասում է ու գնում, ոչինչ չենք հասկանում, ինքը կարող է ուշացումով 12-ին գար, արդեն ուշ էր: Սա Հայաստանը չի, որ գլխավոր բժշկին երբ ուզենաս՝ գնաս տեսնես, պիտի ժամ նշանակես»:
Հովհաննես Թումանանի խոսքով՝ բժիշկը մոտենում է ու հարցնում ծնողին, թե որ պրոցեդուրաներին են համաձայն, որոնց՝ ոչ, բացատրում է, բայց երբ չի հասկացել Առաքելյանի մայրը, ձայն չի հանել, ու արդյունքում Ռուբենը զրկվել է իր առողջության վերականգնման համար կարեւորագույն պրոցեդուրաներից: Դրանք չեն արվել: Միայն բարեկամների՝ Գերմանիա գնալուց հետո, երբ դիմել են Գերմանիայի հայերի օգնությանը, վերջիններիս միջամտությամբ Ռուբենի պրոցեդուրաները մի քանի անգամ ավելացել են, ու կտրուկ փոփոխություն է զգացվել. «Գերմանիայում ճանաչված հայ կա՝ Տիգրան անունով, երաժիշտ է, կինն էլ՝ օպերային երգչուհի: Նա կլինիկա է գնացել, արդյունքում պրոցեդուրաները դարձել են օրական 5-6 ժամ, իսկ նախկինում եղել է 15 րոպե, ոչ մի առաջընթաց չի եղել: Իսկ հիմա ունենք տեսանյութերը, նկարները, երեխային կանգնեցնում են, փորի վրա են պառկեցնում, ձախ ձեռքը սկսել է աշխատեցնել, ձախ ձեռքով սայլակ է քշում, իսկ այդ ամեն ինչը 45 օրվա ընթացքում չի զարգացել: Արդեն 2 ամիս է՝ Գերմանիայում է: Անահիտը զանգում էր, լացում էր, ասում էր՝ ոնց որ Հայաստանում էր պառկած, նույն ձեւ էլ այստեղ է: Հիմա երեխային տանում են, ման են տալիս, զբաղվում են»:
Ռուբենի բարեկամը նաեւ պատմեց, որ Գերմանիայի հայերը բորբոքվել են Վարդան Խաչատրյանի պահվածքից ու այնպես են արել, որ նա զրկվել է կլինիկայի միջնորդ լինելու իրավունքից, թույլ չեն տալիս մտնել կլինիկա. «Ես կլինիկայի գլխավոր բժշկի հետ հանդիպեցի, խնդրեցի այնտեղի հայ տղերքից մեկին, ինձ համար թարգմանեց, թե ինչ է ասում բժիշկը»: Զրույցի ընթացքում պարզվել է, որ Վարդան Խաչատրյանը կլինիկայից Ռուբեն Առաքելյանի համար սայլակ է խնդրել, հետո զինվորի մորն ասել է, որ սայլակի համար պետք է փող տաք. «Ասել է, որ այդ սայլակն արժե 8000 եվրո, պատկերացնո՞ւմ եք: Միզուղիների վրա կատետր է դրված եղել Հայաստանում, որը պիտի այնտեղ փոխարինվեր: Այդ կատետրների համար Անահիտին եկել ասել է՝ 500 եվրո փող պիտի տաս: Մայրը հիմա գտնվում է կլինիկայում: Ինչ անում է՝ առանձին-առանձին գումար էր ուզում: Կլինիկայի գլխավոր բժիշկն ասաց՝ կատետրները անվճար են տեղադրում Ռուբենին, քանի որ դա մտնում է 77 հազար 490 եվրոյի մեջ: Մնացած գործողություններն էլ ենք ձրի անում: Այդ 3 ամսվա ընթացքում երեխու հետ ինչ արվել է՝ արվել է այդ գումարի մեջ, պետք չի եղել որեւէ գումար ավելացնել: Իսկ Վարդան Խաչատրյանը գումարներ է վերցրել զինվորի մորից»:
Բացի այդ, Թումանյանի պատմելով՝ Վարդան Խաչատրյանը 1-ժամյա թարգմանության համար 29 եվրո է ուզել՝ այն դեպքում, երբ հարազատները Գերմանիայի ամենալավ թարգմանչական ընկերություններից հետաքրքրվել են՝ ամենաթանկը 9-13 եվրո արժե գերմաներեն-հայերեն թարգմանության 1 ժամը. «Ախր չեք պատկերացնի, թոշակառուներն են հավաքել այդ գումարը, քեռիի հետ ինչքան դռներ ենք մենք ծեծել գիշեր-ցերեկ: Վարդան Խաչատրյանը վերջերս ասել է, որ 4497 եվրո է մնացել 11 հազարից, հետ կփոխանցեմ այն հաշվին, որտեղից եկել է այդ գումարը, այսինքն՝ Հայաստան, բայց մինչ օրս չի նստել ոչ մի դրամ»:
Ռուբենի ապաքինման համար կլինիկայից խորհուրդ են տալիս եւս 3 ամիս բերել. «Եթե կանխիկ վճարենք՝ առաջարկում են մատչելի գներ, որ վերականգնողական կուրսն անցնի, նոր արդյունքը կերեւա: Գտել են, որ վզի 5-րդ ողն էլ է տեղից խախտված, կան բաներ, որ Հայաստանում ապարատները ցույց չեն տվել, չի երեւացել: 14 հազար եվրո պետք է հավելյալ վճար տանք այդ նոր խնդրի համար»:
Թումանյանը նաեւ ասաց, որ օգոստոսի 21-ին իր եւ Ռուբեն Առաքելյանի մորեղբոր նախաձեռնությամբ Բոնի հայ համայնքի հետ կազմակերպել են համերգ. ամբողջ գումարը գնալու է Ռուբեն Առաքելյանի ֆոնդին. «Այդ գումարով գնելու են էլեկտրական սայլակ, որ եթե Ռուբենի ձեռքը հոգնի, կարողանա աչքերով ղեկավարել սայլակը, այն արժե 8900 եվրո: Երեխու մենակ ձախ ձեռքն է շարժվում»:
Հարազատները Վարդան Խաչատրյանի մասին հայտնել են ՊՆ-ին, նաեւ դիմելու են առողջապահության նախարարություն: Նրանք մտավախություն ունեն, որ ուրիշ զինվորների էլ է Վարդան Խաչատրյանն առաջարկել համագործակցել, եւ նրանց նույնն ճանապարհն է սպասվում:
«Առավոտը» «Յոր Գլոբալ Մեդ» կազմակերպության էլեկտրոնային հասցեով դիմել է՝ Վարդան Խաչատրյանից այս ամենի մասին պարզաբանումներ ստանալու համար: Առաջիկայում պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա մեկնաբանությունը:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
12.08.2016
Քեռուս հարցրի՝
– Վերջն ով կհաղթի հայը թե՞ թուրքը:
Մտածեց մի փոքր ու ասաց՝
– Հայը:
– Ինչու՞ պիտի հաղթի:
Այսպիսի պատասխան տվեց՝
– Ավելի գեշ ա:
Մինչեւ հիմա չեմ կարող հասկանալ՝ կատակ էր թե լուրջ:
Ինչքան ցավալի ա, որ ըսենց իմասոտւն քեռիներ ունեցող ազգը գեշ ա…