Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի հայտարարությունն իրականությունից շատ-շատ հեռու էր»

Օգոստոս 13,2016 13:30

Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ Պուտինի` ՀՆԱ-ի 10 տոկոսի մասին արված հայտարարությունը չհերքելն ունի քաղաքական ենթատեքստ

Երեկ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը պաշտոնապես հերքեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, աճել է 10 տոկոսով: ՌԴ նախագահը այդ մասին ասել էր օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Պարոն Մնացականյանը, որը կառավարության նիստից հետո, կարելի է ասել, հազվադեպ է կենտրոնական մուտքով դուրս գալիս, որտեղ սովորաբար սպասում են լրագրողները՝ նիստից դուրս եկող ՀՀ պաշտոնյաներին «բռնացնելու» ակնկալիքով, այս անգամ, հնարավոր է, հենց միտումնավոր էլ լրագրողների մոտով դուրս եկավ՝ հանրության շրջանում քննարկման թեմա դարձած Պուտինի հայտարարությանը պատասխանելու:

Այդ ի՞նչ 10% է նշել Պուտինը՝ հարցին պարոն Մնացականյանը հաշվել, գումարել է եւ ոչ մի կերպ այդ 10 տոկոսը չի ստացել: Նրա տվյալներով՝ 2014-ին ՀՆԱ-ն 3.6% է եղել, 2015-ին՝ 3%, ինչն ինդեքսային եղանակով կազմել է 6.6%: Ապա պարոն Մնացականյանը փորձել է իրավիճակը փրկել եւ ասել է, որ «կայքում տեղադրված են բոլոր ցուցանիշները՝ ըստ տարիների: Խնդիրն այն է, որ միշտ պետք է ցուցանիշը ներկայացնելիս ժամանակն ու տարածությունը մեկ ծիրի բերել»:

Պուտինը սխալվե՞լ է, թե՞ ոչ՝ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ այդ մակարդակով հայտարարելը եւ չհերքելը կնշանակի հարցն ունի «քաղաքական ենթատեքստ»:

Նրա խոսքով՝ հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին տարում Հայաստանի ՀՆԱ-ի աճը եղել է 3 տոկոս: Պարոն Եղիազարյանը համոզված է, որ անգամ այդ աճը որեւէ կերպ պայմանավորված չէ Տնտեսական միությանն անդամակցությամբ կամ Ռուսաստան-Հայաստան տնտեսական հարաբերություններով: Ընդհակառակը՝ մեր զրուցակիցը կարծում է, որ Ռուսաստանի հետ կապված այն գործոնները, որոնք կարող էին ազդել Հայաստանի տնտեսական աճի վրա, դրանք բացասաբար են անդրադարձել ՝ տրանսֆերտների կրճատում, Ռուսաստան-Հայաստան արտահանման կրճատում 26 տոկոսով, ռուսական ուղղակի ներդրումների կրճատում, ռուսական կապիտալով ընկերությունների անարդյունավետ աշխատանք եւ այլն:

Ըստ պարոն Եղիազարյանի՝ ՀՆԱ-ի աճի հիմնական գործոնը գյուղատնտեսական աճն է եղել, որը հիմնականում Հայաստանի պարագայում գյուղատնտեսության համար բնակլիմայական պայմաններով է բացատրվում: ՀՆԱ-ի աճի մեկ այլ գործոն էլ, մեր զրուցակցի դիտարկմամբ, Հայաստանի արտաքին պարտքի ավելացումն է մոտ 530 միլիոն դոլարով, որը նույնպես Ռուսաստանի հետ կապ չունի եւ արեւմտյան աղբյուրներից է գալիս:

«Այս հայտարարությունն իրականությունից շատ-շատ հեռու էր»,- ասաց պարոն Եղիազարյանը: Նա կարծում է, որ այդ հայտարարությամբ Պուտինը եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը ճիշտ է եղել, եւ որ մեր երկրի իշխանությունները չփորձեն այլ որոշում կայացնել. «Հայաստանն այնպիսի վիճակում է, որ դուրս չգա ԵՏՄ-ից եւ չինտեգրվի այլ կառույցների, որ արեւմտյան եւ ատլանտյան ուղղություններ վերցնելը պարզապես կործանարար է: Մոսկվան դրանով իր մտավախությունն է հայտնում, որ Հայաստանը դուրս կգա իր ազդեցության գոտուց, եւ դրանով ըստ էության ուղերձ էր հղում, որ՝ ես թույլ չեմ տալիս, ես դրա հետ համաձայն չեմ: Ընդունեք, որ ԵՏՄ անդամակցումը ճիշտ որոշում էր, այն ապահովել է Հայաստանի համար դրական աճ»:

Ըստ Աշոտ Եղիազարյանի՝ խնդիրն այն է, որ «բոլոր առումներով Ռուսաստանը կորցնում է իր ազդեցության լծակները Կովկասում, մասնավորապես՝ հենակետ հանդիսացող Հայաստանում՝ ե՛ւ տնտեսական առումով, ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված», ինչը մեր զրուցակցի համոզմամբ՝ պայմանավորված է տարբեր հանգամանքներով. «Տարածաշրջանում ստեղծվել է խառը իրավիճակ: Ամեն մի խաղացող տարածաշրջանում ունի իր հավակնությունները: Ռուսաստանը մտահոգված է, որ ինքը դուրս կմնա ընդհանրապես, դա իր փորձերն են՝ իր ազդեցությունը չկորցնելու, եւ տարօրինակ չէ, որ այդ փորձերը ստանում են նման դրսեւորումներ: Գուցե եւ շանտաժի դրսեւորումներ:

Ռուսաստանը օբյեկտիվորեն թուլանում է Հայաստանում, եւ Հայաստանը, վաղ թե ուշ, պիտի կատարի քայլ դեպի Արեւմուտք: Բնականաբար, այդ կերպ Ռուսաստանը փորձում է Հայաստանին պահել իր պարտավորությունների շրջանակներում»:

Պարոն Եղիազարյանի խոսքով՝ քանի դեռ Հայաստանը որոշում չի կայացրել դուրս գալ իր ինքնիշխանությունը սահմանափակող միավորումներից, Հայաստանն իր քաղաքական պարտավորություններով մնում է կապված. «Հայաստանը քաղաքական առումով մնում է Ռուսաստանի ազդեցության գոտում, եւ դա Ռուսաստանին հույս է ներշնչում, որ տարածաշրջանում ինքը մեծ խաղացող է»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031