Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր Ազատության հրապարակում էր: Նա ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ պայքարը շարունակվում է եւ հորդորեց «վերանորոգել մեր կողովն ու պատրաստվել շարունակական պայքարի, մինչեւ նպատակներին կհասենք»:
Ենիգոմշյանն ասաց, որ անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից տեղեկություններ է սպասում. «Բոլոր տղաների վճռականությունը բացարձակապես անկում չի կրել: Տղաները անազատության մեջ իրենք իրենց համարում են հաղթանակած: Իրենց կոչն էլ բոլորիս շարունակել պայքարը եւ իրենց հետ միասին հասնել հաղթանակի: Այն քիչ թվով մարդիկ՝ փաստաբանները, որոնք հնարավորություն ունեն տղաներին տեսնել, առանց խտրականության ասում են,որ տղաների վճռականությունը ամենաբարձր աստիճանին է գտնվում: Տղաները շատ ավելի լուրջ, քան կատակ, յուրաքանչյուրն ասում է, որ իր գտնված խցում իր կողքին արդեն ձեւավորվում են 11, 15, 20, 25 նոր պայքարողներ»:
Նա ասաց, որ «Սասնա ծռեր» քաղաքական շարժումը նախաձեռնող խումբը վերակազմակերպվել է. «Եթե ոչ այս պահից, ապա վաղվանից մենք շատ ավելի կազմակերպված ձեւով, առաջարկություններով կշարունակենք մեր այս հավաքներն ու պայքարը»:
Նա հիշեցրեց իրենց պահանջները եւ խոսելով վստահության կառավարության ձեւավորման մասին՝ ասաց, որ պետք է լինել երկրի տերը, անգամ եթե վստահության կառավարությանը վստահեն, դրանից հետո ձեռքերը պետք չի ծալել ու առանց վերահսկողության ազատություն չտան ոչ ոքի:
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց իրենց կարգախոսը՝ ոչ մի թիզ հող, հող տվողին հանձնել հողին:
Ալեք Ենիգոմշյանն ընդգծեց,որ պետք է հասնեն Հայաստանի ապագաղութացմանը:
Ազատության հրապարակում վանկարկում էին՝ Ա-լեք, Ա-լեք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ