Այսօր ԼՂՀ հակամարտության արդի փուլը. Իրականություն եւ հեռանկարներ թեմայով քննարկում էր կազմակերպվել, ինչպես նաեւ Շուշիի հռչակագրի ստորագրահավաք:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ ռուսական լսարանը պատրաստ է թուրքական կողմնորոշումն ընդունելու. «2-3 օր է՝ շրջանառվում է Չավուշօղլու հայտարարությունը, որ Թուրքիան իր առաջարկություններով շատ մոտ է ռուսական առաջարկություններին եւ դրանք ներկայացրել է ՀՀ-ին: Որեւէ մեկս գիտե՞նք այդ մասին, թե Չավուշօղլին ինչ է ներկայացրել ՀՀ-ին: ՀՀ ԱԳՆ-ից չկա դեռեւս արձագանք: Ռուսական առաջարկները, վերջինը կարծես կազանյանն է: Պետերբուրգյան հանդիպմանը մենք չգիտենք այլ առաջարկ»:
Նա հիշեցրեց, որ Վիեննայի հանդիպումից հետո պետերբուրգյան հանդիպմանը շրջանցվել էր անգամ շփման գծում մոնիտորինգի մասին որոշման քննարկումը: Եվ դա հետքայլ է. «Եթե համեմատենք 1918-20 թթ-ին ձեւավորված Հայաստանի եւ դրանից հետո հայ-թուրքական պատերազմում կորցրած տարածքների եւ այսօրվա խոսակցության հետ, ապա զուգահեռականությունը աչք է ծակում: Անհնար է մենք չտեսնենք, որ ինչպես այն ժամանակ ՌԴ-ի աջակցությամբ, հայերի օգտին ռազմական միջամտություն չի լինելու, ինչպես այն ժամանակ թուրքերը ռուսների հետ Հայաստանը կիսեցին, նույն բանն էլ հիմա է»:
ԼՂՀ պատգամավոր, Մարտական խաչի վարպետ Վահան Բադասյանի խոսքերով՝ «Զիջման թեման հրատապ է դարձել, որ պետք է զիջում կատարեն: Սա շատ ծանր է նստում մեզ բոլորիս վրա: Արցախի մեջ ինչքան փորփրում ենք, տեսակետը միակն է՝ չզիջել: Վերջերս իշխանությունները սոցհարցում էին կատարել: 95 տոկոսից ավելին դեմ է արտահայտվել զիջմանը: Սերժ Սարգսյանը թե՛ զինվորականների հետ, թե՛ արցախյան շարժման ակտիվիստների հետ խոսելով՝ փորձում էր փաթաթել մի կարծիք, որ ուրիշ ելք չունենք, պետք է զիջենք: Բայց բոլորը դեմ արտահայտվեցին՝ չհաշված մի քանի անհատների»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ելք կա. «Քաղաքական առումով ես տեսնում եմ, որ անհապաղ պետք է լինի Արցախի եւ Հայաստանի միացում: 88-ին մեր ամբողջ ժողովուրդը հենց դրա համար կանգնեց, Ադրբեջանը հենց դրա համար ագրեսիա սկսեց: Այն կորուստները, որ տվեցինք, զոհերը, այն արդյունքները, այս ամենը միացման քաղաքականության շարունակությունն էր: Միացումը պետք է դրվի օրակարգում՝ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ուզում են արցախահայությանը խեղդել: Մենք պետք է միշտ իմանանք, որ ուժի հետ են հաշվի նստում: Արցախի հետ ե՞րբ սկսեցին հաշվի առնել: 90-94-ին սփյուռքահայերը լավ հիշում են ինչպիսի հարգանքով էին օտարները վերաբերվում իրենց: Բանակը պետք է հզորացնել, պետք է սպառազինվել, ուժեղ բանկ ստեղել, որ պատերազմ չլինի: Տարածքներ՝ ընդդեմ խաղաղության՝ սա կամքից թույլ մարդու, նվաստ մարդու կարծիք է սա: Հզոր բանակ, միավորված ազգ՝ ընդդեմ այս ամենի՝ սա մեծ ուժ է, որի հետ հաշվի պետք է նստեն: Պետք է լինի դիվանագիտական փոփոխություն: Բանակցային գործընթացը պետք է փոխվի: Հիմքը պետք է փոխվի, բայց դա առանց իշխանափոխության հնարավոր չէ լուծել: Բոլոր քաղաքական ուժերով պետք է միավորվենք, ավարտենք իշխանափոխության հարցը, որից հետո մենք հիմնահարցը կարող ենք լուծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ