Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպել է Բրազիլիայի Նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ

Օգոստոս 12,2016 20:30

Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամանել է երկրի մայրաքաղաք Բրազիլիա: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Միշել Տեմերին` Օլիմպիական խաղերը Բրազիլիայում հյուրընկալելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել հայ օլիմպիականների անունից` մարզիկների համար Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների և հոգատար վերաբերմունքի համար: Նա մաղթել է բարի և անվտանգ երթ համաշխարհային հանրությանը համախմբող տոնական մարզական միջոցառմանը` 31-րդ ամառային օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերը, ՀՀ Նախագահի համոզմամբ, բացի սպորտային մեծ տոն լինելուց, նաև խաղաղության ուղերձ են հղում ամբողջ աշխարհին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բրազիլիայում այս օրերին ընթացող խաղերը կվերահաստատեն ողջ մարդկության համար կարևոր այդ գաղափարները և կնպաստեն միջազգային մթնոլորտի բարելավմանն ու առողջացմանը, ինչի կարիքը, ըստ նրա, աշխարհը զգում է հատկապես վերջին ժամանակաշրջանում:

Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորության մասին և ընդգծել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշմանը:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության և հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման հնարավորությունների շուրջ: ՀՀ Նախագահը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորվել են հարգանքի և փոխադարձ վստահության վրա հիմնված ամուր բարեկամական կապեր: Սերժ Սարգսյանը կարևորել է աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը և հույս հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար՝ ուրվագծելով ապագա համագործակցության նոր ուղղություններ:

ՀՀ Նախագահը երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից կարևորել է Հայաստանի և Բրազիլիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունները, ինչպես նաև պարբերաբար անցկացվող խորհրդատվություններն ու շփումները երկկողմ, բազմակողմ ձևաչափերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հանրապետության Նախագահի համոզմամբ, Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը լավագույնս բնութագրում է Բրազիլիայի ժողովրդին, նրա արժեքային համակարգը և բարոյական մղումները:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը` մեծ դեր վերապահելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությանը երկու երկրների խորհրդարաններում:

Հայ-բրազիլական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և մատակարարման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ռիո Բրանկո ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցի շրջանակներում նույն օրը՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, մայրաքաղաք Բրազիլիայում ներկա կգտնվի նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031